Մեր տուն գնալու համար տառապանքների միջով ենք անցնում, այսօր էլ անցակետում մեկ ժամից ավել սպասել ենք, որ կարողանանք մուտք գործել Արցախ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ այսօր Արցախ վերադառնալիս ստիպված են եղել մեկ ժամից ավելի սպասել, որ ադրբեջանական ավտոշարասյուներն անցնեն, նոր միայն կարողացել են մուտք գործել Արցախ։
«Հենց Արցախ մտնելու ճանապարհին են մեզ կանգնեցրել՝ Զաբուխի «պոստ» կոչվող հատվածում, որը այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները:
Այսպիսի բան դեռ չէր եղել, որ այդ հատվածում կանգնեցնեին, քանի որ հիմնականում ադրբեջանցիները Բերձորով են գնում, այս անգամ մեծ ավտոշարասյուներ էին, դրա համար մեզ ավելի հեռու էին կանգնեցրել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «ըստ երևույթին՝ հակառակորդը պատրաստվում է նոյեմբերի 9-ի իրենց հաղթանակը նշելուն, նաև շինարարական աշխատանքեր է անում»:
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ ադրբեջանցիների ավտոշարասյուների պատճառով Արցախ մտնող ճանապարհին հայկական ավտոմեքենաների մեծ կուտակումներ են առաջացել.
«Շատ մեքենաներ կային: Չեք պատկերացնի, ավտոմեքենաների ինչ մեծ կուտակում առաջացավ: Խնդիրն այն է, որ միշտ մենք ենք սպասում նրանց, բայց ոչ մի անգամ չի եղել, որ իրենք սպասեն: Եթե, Աստված մի արասցե, մեքենա է փչանում, այնքան պետք է կանգնենք, սպասենք, մինչև իրենց մեքենան կարգի բերեն»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ նման միջադեպերը գնալով դառնում են օրինաչափ, իսկ պետական պաշտոնյաները որևէ քայլ չեն ձեռնարկում.
«Ադրբեջանցիներն ավելի անբռնազբոս են դառնում և տիրոջ պես են պահում իրենց, սա լուրջ անվտանգային խնդիր է, որը գնալով ավելի է խորանում: Ինձ որևէ բան չի կանգնեցնի Արցախում ապրելու մտքից, բայց շատերը չեն կարող ամեն անգամ անցնել այդ ապրումների միջով, դու կարող է Հայաստանից գաս քո տուն, բայց չկարողանաս հասնել տուն»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Աղբյուր` Փաստինֆո