Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում կայացավ Խորվաթիա – Իսպանիա հանդիպումը։ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3։3։ Լրացուցիչ ժամանակում իսպանացիները 2 գոլ խփեցին և հաղթեցին 5։3 հաշվով։
Հաշիվը բացել են խորվաթները, սակայն իսպանացիների շնորհիվ։ Հանդիպման 20-րդ րոպեին Պեդրիի՝ հետ փոխանցումից հետո դարպասապահ Ունաի Սիմոնը անհաջող է կասեցրել գնդակը և դարձել ինքնագոլի հեղինակ։
38-րդ րոպեին Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը. գոլի հեղինակ է դարձել Պաբլո Սարաբիան։
Երկրորդ խաղակեսն անցել է իսպանացիների տոտալ առավելությամբ։ 57-րդ րոպեին ձախ եզրից Ֆերան Տորեսի փոխանցումից հետո Սեզար Ասպիլիկուետան գլխի հարվածով գրավել է դարպասը՝ առաջ մղելով «Կարմիր Ֆուրիային»։
77-րդ րոպեին Պաու Տորեսի հեռահար հիանալի փոխանցումից հետո հաջող է գործել Ֆերան Տորեսը և գրավել դարպասը՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։
Խաղավերջում՝ 85-րդ րոպեին, Խորվաթիայի հավաքականը կրճատել է հաշվի տարբերությունը. խառնաշփոթ իրավիճակում Օրսիչի հարվածից հետո գնդակը հատել է դարպասի գիծը։ Գոլը արձանագրել է մրցավար Չունեյթ Չաքըրը, ում ժամացույցին ազդանշան է եկել գնդակի՝ դարպասային գիծը հատելու մասին։
Խորվաթները նետվեցին առաջ և ավելացված 2-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը. Օրսիչի փոխանցումից հետո Պաշալիչը գլխի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը։
3:3 և հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակն անցավ անչափ դիտարժան պայքարում, հավաքականները «բաց» ֆուտբոլ խաղացին։ Լրացուցիչ առաջին խաղակեսում իսպանացիները 2 գոլ խփեցին. նախ 100-րդ րոպեին Օլմոյի փոխանցումից հետո Ալվարո Մորատան հաջող կասեցրեց գնդակը և հուժկու հարվածով այն խոցեց դարպասը։ Ընդամենը 3 րոպե Իսպանիայի հավաքականը ամրապնդեց առավելությունը. աջ եզրում դարձյալ Օլմոյի հիանալի փոխանցումից հետո Միկել Օյարզաբալը կասեցրեց գնդակը և այն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 5։3։
Լրացուցիչ ժամանակի 2-րդ խաղակեսում հանդարտ խաղ ընթացավ։
Այսպիսով, Լուիս Էնրիկեի գլխավորած Իսպանիայի հավաքականը դուրս է գալիս Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Ֆրանսիա – Շվեյցարիա զույգի հաղթողը։