«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Համաձայն տեղեկությունների՝ այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների՝ բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա:
Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Գևորգ Գորգիսյանի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:
Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է: ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»: