ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել համախոհ գործընկերների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, խթանելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մի քանի դեպք է եղել, երբ պետքարտուղարն ինքը հնարավորություն է ունեցել միասին հավաքելու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին։ Մենք դա արել ենք մեկ անգամ այստեղ՝ Վաշինգտոնում, մեկ անգամ՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, ունի լավագույն հեռանկարները՝ առաջ տանելու Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ տարածաշրջանի տեսլականը։
Իհարկե, մենք ցանկանում ենք, որ կողմերն իրենք հասնեն առաջընթացի։ Մենք չպետք է ասենք, թե ինչպիսին է այս հակամարտության համապարփակ լուծումը: Սա ծանր աշխատանք է, որը պետք է անեն իրենք՝ կողմերը», – ասել է Փրայսը։
Աղբյուր՝ ARKA