«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից նեոգաղութային ոճով իրեն հպատակեցնել Ռուսաստանի գործընկեր և դաշնակից անկախ պետություններին, խոչընդոտել մեր բարեկամների և հարևանների հետ մեր գործընկերությանն ու դաշնակցությանը. դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր խնդիրը», – «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։
«Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրներ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման գործում, սակայն այդ աջակցությունը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով, և պետք է համահունչ լինի այն սկզբունքային հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են: Ըստ այդմ, որևէ այլ միջնորդի ջանքերը պետք է հավելյալ արժեք տան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից», – նշել է Գալուզինը: