Դաշնակցության շարքերից 2018-ին Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար հեռացված Աղվան Վարդանյանն այսօր այդ նույն Դաշնակցության հետ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է պատգամավոր։ Այսինքն՝ նորից իր երբեմնի կուսակցիների հետ հանդիսանալու է նույն խմբակցության անդամ։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ Վարդանյանին ինչպե՞ս ընկալենք այդ ֆրակցիայի կազմում, որպես Դաշնակցությա՞ն քվոտայով ընտրված պատգամավոր, թե՞ Ռոբերտ Քոչարյանի քվոտայով։
«Աղվան Վարդանյանը ցուցակի մեջ ընգրկվել է Ռոբերտ Քոչարյանի քվոտայով և առաջարկությամբ»,-կարճ պատասխանեց Սաղաթելյանը։
Նկատեցինք նաև, որ այս ընտրություններից քաղաքական առումով ամենաշատը շահած դուրս եկավ հենց Դաշնակցությունը, որ կարողացավ 12 հոգով մեկ դաշինքի կազմում անցնել խորհրդարան, մինչդեռ նախկինում, երբ առաձին էին մասնակցում, երբեք այդքան պատգամավոր չեն ունեցել խորհրդարանում։
«Էնպես չի, որ չի ունեցել, մենք 15-հոգանոց ֆրակցիա էլ ենք ունեցել։ Բայց ինչ որ ունի Դաշնակցությունն այսօր, դա իր աշխատանքի, իր կառույցի ու նաև վերջին մեկ-երկու տարվա մեջ Հայաստանում իր քաղաքական դիքրավորման և արած աշխատանքի արդյունքն է։ Հենց էնպես որևէ մեկին որևէ բան չի տրվում»,- ասաց Սաղաթելյանը։
Եթե Քոչարյանի գլխավորած դաշինքով չմասնակցեին, այլ առանձին մասնակցեին ընտրությւոններին, դարձյալ կունենայի՞ն նույն արդյունքը, և կանցնեի՞ն, առհասարակ, խորհրդարան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց․ «Գիտե՞ք, մենք որոշում ենք կայացրել դաշինքի կազմով մասնակցել, գտնում ենք, որ ճիշտ ենք արել, ափսոս, որ մեր գլխավոր նպատակին չենք կարողացել հասնել։ Էստեղ քննարկել՝ եթե այսպես, թե այնպես, դրա ժամանակն անցել է»։