Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում Ազատի և Ապարանի ջրամբարների մեռյալ ծավալների հնարավոր օգտագործելի մասն օգտագործելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման կարևորությունը պայմանավորված է ՀՀ-ում հայտարարված սակավաջրությամբ, այդ թվում՝ Ազատի և Ապարանի ջրամբարներում առկա ջրաքանակի սակավությամբ և շոգ կլիմայական պայմաններում հողատարածքների ոռոգման ջրամատակարարման բարձր պահանջով, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառը հնարավորինս զսպելու հանձնառությամբ:
Ազատի ջրամբարը ներկայումս ոռոգման ջրաղբյուր է հանդիսանում շուրջ 800 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների համար, ինչպես նաև դոտացիա է իրականացնում Արտաշատի ջրանցքին, որի իշխման տարածքը կազմում է շուրջ 7000 հա: Համադրելով «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության կողմից ներկայացված ջրապահանջը՝ ըստ որի սույն թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Արտաշատի ջրանցքի 31 դիտակետում պահանջը կկազմի ընդամենը 16.8 մլն խմ, Ազատի ջրամբարում ս.թ սեպտեմբերի 12-ի դրությամբ փաստացի լցվածությունը կազմում է շուրջ 12.6 մլն խմ ՝ որից շուրջ 1.5 մլն խմ –ը նախատեսվում է Ազատի քառաստիճանի և Դվինի ջրանցքի ջրալրման ապահովման համար:
Հետևաբար, «Արտաշատ» ՋՕԸ-ի ջրապահանջը ապահովելու համար անհրաժեշտ կլինի Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից օգտագործել շուրջ մինչև 5.0 մլն խմ ջուր:
Միաժամանակ ջրապահանջի մնացած մասը կապահովվի Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով (շուրջ 8 մլն մ3) և Հրազդան գետ+Սևան (շուրջ 1.9 մլն խմ):
Ապարանի ջրամբարը ոռոգման ջրաղբյուր է հանդիսանում շուրջ 1800 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների համար: Սույն թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ջրամբարի լցվածությունը կազմել է 10.08 մլն խմ, որից 10 մլն խմ-ը հանդիսանում է մեռյալ ծավալ: Ոռոգման շրջանի ընթացքում ջրամբարի իշխման տարածքում ընկած հողատարածքների ոռոգման ջրամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ կլինի ջրամբարի մեռյալ ծավալից մինչև 4 մլն խմ չափով ջրառ իրականացնել: