Պատերազմի օրերին ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագրեր բաժանելու մասին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների համար քաղաքական գործչին մեղադրում են սուտ մատնության մեջ ու գործն ուղարկել դատարան։ Այն կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հանդես էր եկել աղմկահարույց հայտարարություններով։ Մասնավորապես նշել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել մինչև Հադրութի թիկունք։ Բացի այդ՝ նշել էր, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։ Մյուս աղմկահարույց բացահայտումը վերաբերում է Շուշիին։ «Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել:Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,- հայտարարել է Իսագուլյանը։
Իսագուլյանի աղմկահարույց հայտարարությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով, փոխարենը՝ քրեական գործ էր հարուցվել Գառնիկ Իսագուլյանի դեմ՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։
Քրեական գործի շրջանակներում Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գառնիկ Իսագուլյանին սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքներից երկու դրվագը վերաբերում է 2020թ նոյեմբերի 23-ի ասուլիսում արված հայտարարություններին՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագրեր բաժանելուն, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և վերջինիս թիմի կողմից Բաքվի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելուն, Թուրքիայից և Ադրբեջանից 48 միլիոն ԱՄՆ դոլար ստանալուն և այդ գումարներով 2018թ ՀՀ-ում հեղափոխություն իրականացնելուն։ Երրորդ դրվագը վերաբերում է 2020թ դեկտեմբերի 13-ին արված հայտարարություններին, համաձայն որի՝ Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն։
Ինչ վերաբերում է մեղսագրվող՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի վերաբերյալ մեղադրանքին, ապա խոսքը գնում է 2020թ դեկտեմբերի 22-ին արված հայտարարության մասին, որի համաձայն՝ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնողը պետք է ստանա ազգային հերոսի կոչում և 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար և որ Նիկոլ Փաշինյանին վնասելը հակաօրինական գործողություն չէ՝ այդ կերպ հրապարակայնորեն արդարացնելով նաև նման բռնությունը:
Աղբյուր` Փաստինֆո