Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ին պատմել է Սյունիքում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական զորքերը ՀՀ սահմաններից ներս են գտնվում երկու շաբաթից ավելի, արդեն ամրաշինական աշխատանքներ իրականացնում։ Մայիսի 12-ից հետո, երբ ձնհալը արագացել է, եղանակը՝ տաքացել, Կիրակոսյանը եղել է Սիսիանի լեռներից մինչև Կապան և Մեղրի։ Տեսել է, որ թշնամու առաջխաղացումը մեր սահմանից ներս շատ է՝ հատվածներ կան, որ մայրուղուց մոտ 3-8 կմ հեռավորության վրա են՝ Սիսիանից մինչև Գորիս։
Նրա փոխանցմամբ՝ հետաքննական «ճանապարհորդությունն» սկսել է Ուխտասարի հատվածից՝ Սիսիանի օդանավակայանի մոտակայքից։
«Ուխտասարի մենք չկարողացանք հասնել, ցավոք, ադրբեջանցիներն արդեն, եթե ուղիղ գծով նայենք ավելի մոտ են։ Ես 8 կմ ասում եմ գրունտային՝ մեքենայի ճանապարհով։ Ճանապարհից սկսած 6-8 կմ-ի վրա արդեն ադրբեջանցիների՝ դիրքերի գրավման ականատես եմ դարձել։ Ասել, որ իրենք նստած են, տեղաշարժ չկա՝ սուտ կլինի։ Դիրքապահներն յուրաքանչյուր բլրակի, լեռան գագաթին 5, 10-30 մետր իրարից հեռավորության վրա նստած են։ Մի հինգ հոգի հայկական կողմն է, 5-5՝ իրենց։ Նստած հողաշերտը փորած, կողքերը աղյուս են դրել, վրաններ են դրել՝ մեծ ու փոքր։ Բայց լավ տեղակայվել են»։
Կիրակոսյանը նշեց նաև, որ նկատել են՝ Իշխանասարի ամբողջ երկայնքով բավականին առաջ են եկել՝ մի դիրք իրենցն է, մի դիրք՝ հայկական կողմինը և այդպես մի քանի հատվածում։ Ցավալին այն է, որ ադրբեջանական կողմը նաև գրավել է ջրային հատվածները, որտեղ ձնհալի շնորհիվ ջուր էր կուտակվում և հետո ոռոգման համար օգտագործվում մոտակա գյուղերի կողմից։
«Ամեն ջրավազանից, ինչպես Սև լճի հատվածն է, օգտվում են մոտավորապես 7-9 գյուղ ու մենք տեսանք, որ չի գալիս ջուրը՝ չգիտեմ ինչ են դրել, բայց չոր վիճակում էր, չնայած ձնհալն արդեն կար, ջրագոյացության ընթացք էր»։
Նարինեն ցավով արձանագրեց նաև, որ Ուխտասարի հատվածում պատմական արձաններ՝ ժայռապատկերներ ունենք, որոնք թվով 2000-ն են, 6000 տարվա պատմություն ունեն։ Դրանք տեսնել հնարավոր չէ այս պահին՝ ադրբեջանական առաջխաղացումների պատճառով։
Բնապահպան-լրագրողը նշեց, որ այսօր խոսել GPS-ով քարտեզագրումների մասին անգրագիտություն է, քանի որ եթե չխոսենք ԽՍՀՄ քարտեզների մասին, Ադրբեջանի հետ պետական սահման չենք ունեցել , սովետական շրջանում ունեցել ենք վարչական բաժանումներ, որոնք ամեն տարի կարող էին փոփոխական լինել, իսկ այսպես՝ ադրբեջանական կողմը տակտիկա է մշակել՝ քայլ առ քայլ են առաջ գնում, ինչպես ասել էր Իլհամ Ալիևը։
«Իրենք գալիս են ոտքով, հետո իրենց հետևից բեռնատար մեքենաներ են բերվում, իրենց հետ զենք էլ են բերում, այնպես չէ, որ ոտքով գալով ոչինչ չեն անելու։ Եթե մեր կողմին կրակի հրաման չտրվի, շատ հավանական է, որ իրենք վայրկյանների ընթացքում գրոհ սկսեն։ Ադրբեջանցիներն իրենց դիրքերը այնպես են դասավորել՝ մինչև Գորիս, մինչև Կապան, որ շատ հեշտությամբ՝ երկու վայրկյանում, Զանգեզուրի ճանապարհը կարող են փակել, այսինքն՝ կտրել մնացած Հայաստանից»։
Նարինեն եղել է նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում՝ տարածաշրջանի ամենամեծ արգելոցում, որը մոտ է Նախիջևանին։ «Այդ հատվածից դեպի Սիսիան՝ մեծ Իշխանասար ընկած հին ճանապարհներն ադրբեջանական կողմի ուշադրության տակ են։ Եթե Հայաստանը հրաժարվի Մեղրիով ճանապարհ տալ դեպի Նախիջևան, ընտրում են այլ տարբերակ՝ Սիսիանով ճեղքել այդ ճանապարհը՝ Ադրբեջանը կապելով Նախիջևանին»,- պատմել է Նարինեն ու ավելացրել. «Դա ամենանեղ, ամենաանհարմար ճանապարհն է։ Իրենք զորբայություն են անում. այնտեղ մեծ մեքենաներ նույնիսկ չեն լինի։ Փաստացի, նրանք 5 կմ լայնությամբ ճանապարհ են ցանկանում։ Պատերազմը, որ իբրև սառեցված է կամ կանգնեցված է՝ընդամենը թյուր կարծիք է»։
Կիրակոսյանը նշեց, որ Փաշինյանը խոսում է դիվանագիտության մասին, բայց ոչ ԱԳՆ-ն, ոչ այլ կառույցներ ոչ մի բանակցություններ Ադրբեջանի կամ Ռուսաստանի հետ չեն վարում, իսկ եթե վարում են՝ ինչո՞ւ արդյունքների մասին չեն հայտնում։
Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր վիճակ է նաեւ Շուռնուխում, որտեղ ճանապարհի 30 մետրից այն կողմ ադրբեջանական զորքերն են՝ ամեն ինչով հագեցված, ամեն ինչ տեսնում են ու հսկում։ «Այնպես են դասավորել դիրքերը, որ 2-5 րոպեում իրենք կկարողանան շրջապատել հայկական տարածքները, փակել մայրուղիները, երբ ունենան համապատասխան հրաման։ Որոշակի ռազմական գործողություններով կարող են գրավել մեծ տարածքներ»,- նշել է Նարինե Կիրակոսյանը՝ վսստահ է՝ եթե ՀՀ-ն դիմի ռազմական գործողությունների՝ կհաղթենք: