Ադրբեջանն այս փուլում գործընթացն այնպես է պայմանավորել, որ հաջորդ գործարքները վերաբերեն այսպես ասած երեք անկլավներին։ Դրանք իր համար կարևոր մաս են կազմում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ դեռևս հստակ չեն երեք՝ այսպես կոչված անկլավների իրավական հիմքերը, իսկ առանց իրավական հիմքերի դրանք հռչակել ադրբեջանական և հանձնել Ադրբեջանին չի բխում կողմերի մատնանշած սկզբուքններից։
«Փաշինյանի հայտարարություններն ինձ մոտ մտահոգություն է առաջացրել, և տպավորություն կա, որ փակ բանակցություններում Ադրբեջանը պնդում է, որ Արծվաշենը ևս ադրբեջանական է։ Համենայնդեպս Փաշինյանի հայտարարությունից այդ տպավորությունն եմ ստացել, և չեմ բացառում, որ մի օր սկսի մի քարոզչական պրոցես, երբ հանրությանը դա կհրամցվի որպես ադրբեջանական տարածք։ Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, թե ինչպիսի ճարպիկ լեզու կօգտագործվի, որ Արծվածենն իրոք ադրբեջանական է եղել, և հայ ժողովրդին է թվացել, որ այդ տարածքը հայկական է։ Հեչ որ չէ, կա երկրորդ տարբերակը՝ հայտարարել այն մասին, որ այսիսնչ տարածքը չհանձնելու դեպքում պատերազմ կսկվի»,- ասաց պատգամավորը
Ըստ պատգամավորի՝ «ՀՀ իշխանություններն այս և նախորդ տարի արել են հայտարարություններ, որոնք ոչ միայն լեգիտիմացրել են Ադրբեջանի պահանջները, այլև անուղղակի կերպով հնարավորություն են ստեղծել ադրբեջանական հնարավոր հարձակման համար։
Անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան կատարելիք այցին՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ Թուրքիայի իշխանությունների համար հայ-ադրբեջանական հարաբերությունները մշտապես եղել են նախապայման, և չի բացառվում, որ այդ այցի շրջանակներում կողմերը փորձելու են հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել։
«Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք չեն իրագործվել, օրինակ՝ հայ-թուրքական սահմանով երրորդ երկրների քաղաքացիների անցումների մասով։ Հիմա Թուրքիան միգուցե փորձում է ցույց տալ, որ այն շարժը, որ եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններում, իրեն հնարավորություն է տվել մեկ-երկու քայլ անելու»,- ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է վաշինգտոնյան փաստաթղթերին և «Թրամփի ուղի» նախագծին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Թուրքիան հիմնականում քննարկում է նոր երթուղու հարցը դեպի Նախիջևան, որպեսզի ՀՀ-ով շարժը նվազագույնի հասցնի:
«Սա այն դեպքում, երբ կար երթուղի՝ Մեղրիից Նախիջևանով հասներ Երասխ, այնտեղից՝ Գյումրի և Գյումրիից մուտք գործեր դեպի… Այսինքն, վերականգնվեր այն գիծը, որը նախկինում եղել է: Բայց Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են, որ առևտրաշրջանառության մեծ մասն իրենց տարածքով կազմակերպեն՝ բացառելով ՀՀ տարածքով շահագործումը»,- մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:
Ամփոփելով՝ պատգամավորը շեշտեց՝ ամեն ինչ արվում է, որ Հայաստանը նվազագույն չափով ներգրավվի նոր երթուղիների ծրագրում։