Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ծանր վիրավորվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արմեն Գյոզալյանը

«Ապրիլի 11-ին Լաչինի շրջանի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքի հետևանքով  լարվածությունը պահպանվում է»,- ասված է Ադրբեջանի ՊՆ թարմացված հաղորդագրության մեջ։

«Նշված ուղղությամբ տեղակայված մեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հակառակ կողմը կրել է զգալի կորուստներ։

Պայմանական պետական ​​սահմանին Հայաստանի զինված ուժերի սադրանքներին ի պատասխան՝ ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում առնվազն 3 հայ զինծառայող է զոհվել, մեծ թվով զինծառայողներ վիրավորվել են. այս փաստը հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Գորիսի շրջանի Տեղ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ Հաղորդվում է, որ նա գտնվում է ծանր վիճակում, վիրահատվել է Գորիսի բժշկական կենտրոնում»,-նշվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը ունի զոհեր և վիրավորներ, թե քանիսն են, չի նշում։