Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած հերթական, հարձակողական գործողություններն արդյունք են նրան, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջը, ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար իր նպատակներին՝ ճանապարհների, Սյունիքի միջանցքի բացմանը։ Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Հաջորդ խնդիրն, ըստ նրա, այն է, որ ՀՀ իշխանությունները, հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը, Հայաստանում գործող միջազգային բոլոր կազմակերպությունների հետ միասին չեն կարողացել դատապարտել Ադրբեջանի սադրանքները, նրա կողմից իրականացված հանցագործությունները՝ խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ իրականացրած վայրագությունները, վարձկանների, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները։