Այսօր մենք ԱԱԾ շենքի մոտ ենք, և այս շենքը կարևոր է այն առումով, որ այստեղ է գտնվում ՀՀ արդարադատության նախարարության «Կենտրոն» ՔԿՀ-ն։ Սա մեզ բոլորիս հայտնի «КГБ-ի պադվալն» է , ԱԱԾ-ի շենքի մոտ քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Սա մեր հաջորդ խորհրդանշական վայրն է, և մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում «КГБ-ի պադվալը» պետք է փակվի։ Էս սուտի ինքնիշխանները, որ ամեն օր խոսում էին ինքնիշխանությունից, երբ ընդդիմադիր դաշտում էին՝ 2012-2013-2014 թվականներին, դրանից ավելի վաղ էլ ես, որպես իրավապաշտպան, բազմիցս այցելել եմ այս վայր, այս քրեակատարողական հիմնարկ։ Այս բանտը պետք է փակվի։ Դեռ պետք է փակվեր Քոչարյանի ժամանակ, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, հետո պետք է փակվեր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ Հայաստանը շարունակում էր ինտեգրվել Ասոցացման համաձայնագրին, բանակցում էր Եվրոպական միության հետ։
Հետո եղավ հեղափոխություն, որ պետք է այս «պադվալը» փակվեր, բայց այն չի փակվել։ Այս «պադվալում» հիմա գտնվում են նաև քաղբանտարկյալներ։ Մի մասին տվել են տնային կալանքներ, օրինակ՝ Միքայել սրբազանին։ Բագրատ սրբազանն այստեղ է։
Մեր ուղերձը մեր ժողովրդին և քաղաքացիական հասարակությանն այն է, որ հունիսի 8-ին իշխանության փոխվելու արդյունքում մենք հնարավորություն ենք ունենալու «КГБ-ի պադվալը» փակելու։ Սա անկախ, ինքնիշխան Հայաստանի խայտառակութունն է սիմվոլիկայի իմաստով, նաև այն իմաստով, որ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բազմիցս այս վայրի վերաբերյալ իր զեկույցներում ասել է, որ այս վայրը պետք է փակել։
Բայց մեր «ինքնիշխան, ժողովրդավարական բաստիոն» իշխանությունները քիչ չի՝ չեն փակել, նաև այս վայրը լցրել են քաղբանտարկյալներով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։









