Ինձ համար այս պոետի ամենահզոր ստեղծագործությունն իր արևոտ անվան կնքումն էր. «Չարենց»։ Չարենց, որ օծեց, սրբադասեց շարային տառերի, բառերի հերթագայություններն առասպելական ավիշով, ու անեզրական ներկապնակից չտեսնված գույներ իջեցրեց՝ նախշելով, երիզելով տարիներ ու ժամանակներ. ճիշտ և ճիշտ Պրոմեթևսի նման…
Նա մեծ էր, ահռելի, սոսկալի չափերով։ Այնքան մեծ, որ չտեղավորվեց թվերի մեջ, դարի մեջ, երկրի մեջ, մարդկային սանձարձակ ուղեղներում և նույնիսկ մարդաբոյ մի փոսում չտեղավորվեց. իր շիրիմն եղավ «եզերքը ամենտի՝ իր բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով»…
Ծնունդդ շնորհավոր, գիգանտ։ Ես խիզախումն եմ ունեցել քեզնից մի պատառ կսմթել ու խցկել հոգուս մեջ, իբրև չխամրող ավյուն, եռանդ, մորմոք ու տաղ… Շնորհավոր քո դեռևս հաշվելի ծնունդը…