«Հայաստանի փոքրիկ երգիչների» ելույթը դիտելիս
Հանովերի մանկական եւ պատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնին մասնակցելու հրավերն առիթ դարձավ, որ մայիսի 3-17-ին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչները» համերգային շրջագայությունն ընդլայնի՝ ելույթ ունենա նաեւ Համբուրգում, Դորտմունդում, Մյունխենում: 1992-ին հիմնադրված, տարիների ընթացքում աշխարհի տարբեր համերգասրահներում քննություն բռնած երգչախումբը Գերմանիայում մեկ անգամ չէ, որ փաստել է, թե համաշխարհային երաժշտական ժառանգությանը ծանոթ է եւ յուրաքանչյուր բեմելին ունակ է դահլիճում գտնվողին փոխանցել մի անկորնչելի տպավորություն՝ հանդիսասրահը լքելիս էլ միշտ նույն՝ կախարդվածի զգացումը դառնա հաջորդ հանդիպման մագնիս:
Նյութապաշտության առօրյայում հոգեւոր վերալիցքավորման այդպիսի ներքին պահանջով ես էլ էի շտապել Դորտմունդի Օրկեստրցենտրումի դահլիճ, ուր մայիսի 14-ին «Մենք» երիտասարդական միության հրավերով ելույթ ունեցավ Հայաստանի վառ ապագայի հանդեպ մեր ուխտն ու հավատն անխախտ պահող այդ մեծ ուժը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խումբը:
Համերգի ընդմիջմանը մեզ իրենց տպավորությունը փոխանցած գերմանացիները վկայեցին, թե երգչախմբի 2020 թվականին Գեվանդհաուսի ելույթներն ամփոփող ալբոմն այնքան բարձր նշաձող է սահմանել, որ եկել են համոզվելու, թե 4 տարի անց երգչախումբն ինչ որակ է մատուցում: «Հայաստանի փոքրիկ երգիչներն» այդ օրը վերահաստատեց, թե միշտ նոր ստեղծագործություններով հագեցնում է օրվա ծրագիրը, տիրապետում է բազմաժանր, բարձրակարգ կատարման վարպետությանը, ինչպես նաեւ նկատել տվեց, որ տարբեր լեզուներով երգելիս աշխատասիրությունն ու նախանձախնդրությունն այնքան են մերձեցնում կատարելության, որ լեզվակիրները խորթ հնչյուն չեն որսում:
Համերգին ներկա գերմանացիներին հատկապես տպավորել էր այն հանգամանքը, որ պատանիները տարբեր դարաշրջանների երաժշտական ժառանգությունը՝ հոգեւոր, ժողովրդական, դասական ու ջազ ներկայացնում են զարմանալի «թեթեւությամբ», բարձր պրոֆեսիոնալիզմով: Որքան էլ 5-րդ դարին եւ հատկապես Մաշտոցին կամրջված ենք ամեն օր նրա գյուտը՝ տառերը կիրառելով, սակայն նրա երկնած շարականների ազնիվ հնչյունը մեզ դեղամիջոց ե՞րբ ենք դարձնում: «Հայաստանի փոքրիկ երգիչները» մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ ճանաչում է իր առաքելությունը՝ նախ Ոսկեդարի ժառանգությունը դարձնել զմուռսը մեր հոգու, Բանը մեր գիտակցության, այդ հիմքի եւ հենքվի վրա կուտակել մյուս դարերի երաժշտական ժառանգությունը:
«Մենք ուզում ենք գրկել ձեզանից յուրաքանչյուրին», համերգի ավարտին բեմից փոխանցեց Տիգրան Հեքեքյանը, որ ոգեւորված Հայաստանում հայ մարդու զարթոնքով, համերգը եզրափակեց Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի մեզ ուժ հաղորդող երկու զարմանահրաշ ստեղծագործությամբ, որ հոտնկայս, ձիգ կանգնելու պարտադրանք ունի՝ «Սարդարապատ», «Էրեբունի- Երեւան»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Դորտմունդ