1915 թ. դեկտեմբերին Վահան Տերյանը գալիս է Երևան ՝ նախաձեռնելու մի գործ, որ մինչ այդ ոչ ոք դեռ չէր արել:
Գրողն ուներ մի մտադրություն, որի մասին տեղյակ են եղել շատ քչերը:
1916 թ. Տերյանն այցելում է Երևանի Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցը, ուր ապաստանել էին ցեղասպանությունից վերապրած հայ որբերը: Թաքցնելով իր գրող լինելը՝ երեխաներից 27-ին հանձնարարություն է տալիս թղթին հանձնել իրենց հիշողությունները ցեղասպանության, գաղթի ճանապարհի մասին:
Տերյանագիտական ուսումնասիրություններում այս գրություններին բավարար չափով ուշադրություն չի դարձվել. առաջին անգամ այս վավերագրերը հայ ընթերցողի սեղանին են դրվում Գևորգ Էմին-Տերյանի` «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքով ( 2018թ.Անտարես, 376 էջ ): 1915 թ. դեկտեմբերյան այցի և հայ որբերի գրած հիշողությունների մասին տերյանագիտության մեջ հիշատակում է միայն Վաչե Պարտիզունին:
1964 թ. հրատարակված «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում» գրքի առաջաբանում Պարտիզունին որբերի գրությունները անվանում է «մի ամբողջ գործ -բազմաթիվ տառաճանաչ ու կիսագրագետ մարդկանց ձեռագրերով»:
Ստեփան Զորյանն իր հուշերում գրում է, որ Տերյանն ուզում էր պոեմ գրել Վանի հերոսամարտի մասին . « Ես լսել էի , որ նա մի պոեմ է սկսել Վանի հերոսկան պաշտպանությանը նվիրված , ու մի օր հետաքրքրվեցի , թե ի՞նչ վիճակում է այդ պոեմը: Նա ժպտաց ու հայտնեց, որ , այո, այդպիսի փորձ արավ , բայց բան դուրս չեկավ.
_Она что-то не вытанцовывалась у меня… » (Ստ .Զորյան, Հուշերի գիրք, էջ 206-207):
Վահան Տերյանի այս նախաձեռնությունը լռության մատնելը ուներ քաղաքական նշանակություն:
Գևորգ Էմին-Տերյանը նշում է, որ պոետի այս նախաձեռնության մասին հատկապես տեղյակ են եղել երկուսը ՝ Պողոս Մակինցյանը և Վաչե Պարտիզունին. «Իրեն Վահան Տերյանի ոչ միայն կյանքը, այլև պոեզիան «խմբագրել- սրբագրեկու» իրավունք վերապահած Մակինցյանը նույնիսկ մի բառ չի ասում ոչ միայն Վահայն Տերյանի այս նախաձեռնության կամ հայոց ցեղասպանության` Տերյանի վրա ունեցած ազդեցության մասին, այլև անգամ Երևան գալու մասին, մինչդեռ , օրինակ, իր հրատարակած ՝ Վահան Տերյանի չորսհատորյակում գրում է, որ պոետը 1905 թվականին գնացել էր Շիրակ՝ «հեղափոխական աշխատանք կատարելու», թեև այդ աշխատանքը հօգուտ Դաշնակցության էր:
«Հայ որբերի հետ Վահան Տերյանի աշխատանքի մասին ուսումնասիրությունը և որբերի հիշողությունների հրատարակումը կարող էին դիտվել որպես Կարսի միջպետական պայմանագրի խախտում» ,- նշում է Գևորգ Էմին-Տերյանը :
Այսինքն՝ ստացվում է, որ Վահան Տերյանի գործունեության ամենից նշանակալի էջերից մեկը մինչև «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքի տպագրությունը ուսումնասիրված չէր:
Տերյանը մեզ անծանոթ էր իբրև Հայոց ցեղասպանության առաջին վավերագրող:
Այսպես՝ իրենց հիշողությունները թղթին են հանձնել 27 երեխաներ , որոնցից միայն մեկի անունը նշված չէ: Տեքստերի ընդհանուր թիվը 37 է, քանի որ երեխաները երբեմն փորձել են սևագրել , բայց ամեն անգամ մի նոր տեքստ է ստացվել:
Երեխաները իրենք են գրել իրենց անուն- ազգանունը և տարիքը, հիմնականում եղել են 10-15 տարեկան :
Այս վավերագրերը առանձնանում են մանկական ընդգծումներով, նրանցում մանկական պարզ հայացքն է մարդկային ոճիրի դեմ, տնից, ծնողից, մանկությունից զրկվածի անմեղ բողոքը՝ զերծ քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ շերտերից: Վավերագրերը հնարավորինս առանց տպագրական միջամտությունների են հրատարակվել, պահպանվել են երեխաների գրության ուղագրությունն ու կետադրությունը, որոշ դեպքերում` նաև այն տառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք երեխաները ջնջել են:
Պահպանված գրությունների մեծ մասում նկարագրվում են Վանի դեպքերը: Երեխաների պարզ նկարագրություններից և բերած մանրամասներից հստակ երևում է, որ Վանի դեպքերը ինքնապաշտպանական բնույթ են կրել, ինչը թուրքական պատմագրության կողմից ներկայացվել է իբրև ապստամբություն:
Օրինակ ՝ երեխաներից Թովմաս Թովմասյանը հիշում է, թե ինչպես են Ավանց բնակավայրի հայերն անցել թուրքական կողմը՝ սպասարկելով Վանը պաշարած թուրքերին. «կեխտոտ աւանձիներ միայն անձան թուրքի կողմ ,թուրքերաց համար նաւերով գնդակներ էին բերում և պերթի թուրքերաց հաց ու ջուր կը շլակէին և կը տանէին թուրքերաց: Եթե աւանփիներ թուրքերաց համար գնդակներ չը բերէին և պերէի թուրքերաց հաց ու ջուր չը տանէին մենք հինք կամ տաս օրից թուրքերաց կը հաղթէինք բայց ինչ անինք որ մեր հայ եղբայրներ մեզի համար գնդակներ թօբեր հրաձաներ և այլն կը բերեր և իրենց հայ եղբայրներին սպանել կուտան»:
Ինքնապաշտպանությանը մասնակցել են անգամ երեխաները:
Վանի հերոսամարտը նկարագրած Ա-Դոն պատմում է նրանց բացառիկ դերակատարության մասին . «10-12 տարեկան երեխաներ, որոնք նետվել են ընկնող ռումբերի վրա և մինչև որ ռումերը կպայթեն, ձգել հանել են ծխացող պատրույգները, և այդպիսով ռումբերը ոչ միայն անվտանգ են դարձրել, այլև դրանցում եղած վառոդն օգտագործվել է թշնամու դեմ»:
Իսկ երեխաներից Միքայել Մարությանը գրում է . «Ցաւալի այն է որ թիւքեր 400ի չափ գիւղացու կին ու 6 տարէկանից փոքր տղայ բերեցին մեր դիրքերի առջեւ ու մեզ շատ վնասներ թուքեր կնկայ հագուս կը հագնէին ու մեր թիրքեր կը վառէին» :
Որբերի գրություններում ամենից մանրամասն ներկայացվում են Վասպուրականի հայության գործողությունները. 37 տեքստից 15-ը նկարագրում են այդ սարսափները: Վասպուրականի հայության գաղթի մասին տեքստերում առանձնանում է Թովմաս Թովմասյանի գրածը: Թ. Թովմասյնաի գրությունից տեղեկանում ենք, որ Արամ Մանուկյանը տասը օր բնակչությունից գաղտնի է պահել նահանջելու վերաբերյալ որոշումը ՝ ըստ երևույթին հույս ունենալով, որ կկարողանա փոխել որոշումը կամ մի որևէ լուծում գտնել. «Ռուս կառավարութիւն մեր Արամ Բաշային տաս օրից առաջ հայտնեց թէ ով կուզէ չի մեռնիլ թող Վանից դուրս գայ և գախթի դէպի ռուսաց երկիրներ,որով հետեւ Պօլսիս մի բանակ կուգայ, որ կը լըինի քսան կամ քսանհինգ հազար զինուոր որ դէպի Վան կուգան և բոլոր հայ ժողովուրդներ պիտի կոտորին:Այդ խօսք լսելով մենք էլ իմացանք թէ իրական է, Բայց մեր Արամ Բաշան մեզի չի յայտնեց որ մենք էլ առաջուց պատրաստուէինք և այսօր այչաբ կորուստներ չտայինք»:
Որբերի գրություններում կան նաև այնպիսինները, որոնք ոչ թե հիշողություններ են, այլ մանկական մտորումներ, խոհեր, նույնիսկ բանաստեղծություններ:
12-ամյա Մանվել Պարոնիկյանը բանաստեղխություն է գրել «Հայրենիք» վերնագրով.
Ո՞ւր ես կորել իմ աննման և պճնազարդ հայրենիք,
Ո՞ւր են կորել քու սրբատաշ տաճարները աննման ,
Որ իրենց մէջ կընթունէին հազարաւոր հայ քաջեր,
հերոս քաջեր , որ կռուեցան ամեն օր,
Յաղթելով գոռոզ քիւրտի զօրքերուն:
Հայ երեխաների այս հիշողությունները եզակի են իրենց բնույթով, քանի որ գրվել են հենց պատմող հեղինակների կողմից:
Այս ձեռագրերը այսօր պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի` Վահան Տերյանի ֆոնդում: