«Հայ Հայրենիք էք տարել օտար հորիզոնների տակ և չէք թողնում, որ փոշիանայ». այսպես է արժևորում ու գնահատում Համաստեղին Ավետիս Ահարոնյանը:
Համաստեղը ընդամենը 18 տարեկան էր, երբ ոտք դրեց Ամերիկա, բայց հավերժորեն չկտրվեց հայրենի Խարբերդից ու միշտ իր ստեղծագործություններում որոնեց հայ մարդու դարձի ճամփեքը:
Կարոտի գրականության մեր մեծերից է Համաստեղը` Համբարձում Կելենյանը: Նրա ստեղծագործությունը կարծես կենսագրություն լինի, պատմվածքներում կարծես նա միշտ ներկա է, ներկա է իբրև տարագիր ու աղետներ տեսած մի ժողովրդի հավաքական կերպար:
Յուրահատուկ է «Զրույց շունի մը հետ» պատմվածքը:
Օվանի տղան մեկն է այն տարագիրներից, որ, կոտորածի սարսափներից մազապուրծ, հանգրվանել է օտար հողում.«Ահավոր ալիք մըն ալ զիս այս ափերը նետած է, իմ բարի Անտոնիոս, ու հալածական ոտք քաշած եմ Տէր Էլ Զօր, Հալէպ, Ալճերի, Մարսէյլ ու օր մըն ալ Փարիզի փողոցներուն մէջ ինկայ իմ խոշոր կօշիկներով։ Երէկ Հողդարն էր, ուր սերմ կը նետէի, կարմուճը, ուր ամէն առաւօտ ձեռքիս հաստ մականով լծվար գոմէշները կը զսպէի։ Այսօր՝ Նոթրտամ, Ս.Միշէլ, Լիւքսէմպուրկ, ուրկէ անցայ իմ խոշոր կօշիկներով»:
Հերոսը, որ մնացել է միայնակ օտարության մեջ ու օտար հողում լույսի ոչ մի շող չի տեսնում, իր համար զրուցակից է ընտրում շանը` նրան անվանելով Անտոնիոս.«Քսան տարու էի, շէն տունի զաւակ։ Առաւօտ մը, երբ արեւը դեռ նոր ծայր կուտար ու իմ յաղթ ստուերը դիմացի բլուրը կը նետէր, ես սերմ կը նետէի Հողդարի արտին մէջ ու իմ սիրած աղջկան՝ Տէր Մարուքանց տանիքը շարուած, աշունի ոսկեգոյն դդումներուն մասին կը մտածէի։ Կը մտածէի, որ, երբ երեկոյին անոնց դրան առջեւէն անցնէի,գոմէշներուս ձայն պիտի տայի, ու անոնք իրենց երկաթեայ սամիները պիտի զնգացնէին։ Այն ատեն իմ սիրածը պիտի գիտնար, որ ես կ’անցնէի իրենց դրան առջեւէն»: Բայց քսան տարեկան երազող հոգին բախվում է ողբերգությանը, երազը ընդհատվում է, արևի շողերի տակ երազածները չքանում են.
« Ես չտեսայ իմ մայրը, որ իր հոգին ստուերիս պէս իմ ոտքերուն էր կապեր։ Ես չտեսայ իմ հայրը, որ մէկ երկինք կը նայէր, մէկ իմ հասակին։ Ու վերջին անգամ Տէր Մարուքանց տանիքը շարուած աշունի ոսկեգոյն դդումները մնացին իմ աչքերուն մէջ։ Երազի հետ խառնուեցաւ սիրականիս ժպիտը գաղտուկ, վարսերու խուրձը հիւսուած ու սպիտակ ձեռքերը հինայուած։Անոնք պատերազմի տարին զիս»:
Եվ Օվանի տղան տեսավ կմախքներ, հազարավոր կմախքներ, ոտքեր, կողեր` իրարից անջատված, և այս տեսարանն այնտեղ էր «ուրկէ ցեղիս կարաւանն էր անցեր»:
Անապատների ավազը լիզում էր ճերմակ ոսկորները, որոնք մեկ առ մեկ ձայնում էին հերոսին: Անհնար է չսարսռալ, երբ կարդում ես պատմվածքի այս հատվածը.
« -Օվանի՛ տղայ, Օվանի տղայ։
Անոնք մեր գիւղացիներն էին, ու ես չճանչցայ զանոնք, իմ բարի Անտոնիոս։
Այն մէկը, այնքա՜ն հսկայ, թերեւս քահանան էր գիւղին, աղեղնաւոր ու լայն ոսկորները,կարծես, երկնքին դպած։
-Օվանի տղայ, Օվանի տղայ, եկեղեցիին կանթեղը վառուած թողուցի ելայ։
-Օվանի տղայ, Օվանի տղայ, իմ արտը կէս վար ձգեցի ելայ։ Որ գիւղը դառնաս, վարը լրացուր, բամպակին հունտը` ճըվալով լեցուն, վերը` չարտախն է։
Թորկանց Մակարն էր։
– Օվանի տղայ, Օվանի տղայ, եզները լուծքով Հողդարի ճամբան թողուցի ելայ. այգիս այդ օրը չջրած ելայ։
-Օվանի տղայ, արեւուդ ղուրպան, գեղէն ե՞րբ ելար։ Լաւ մը նայեցա՞ր, բանջարանոցս էծ, կով մտա՞ծ էր։
Խաթուն մաման էր։
-Օվանի տղայ, Օվանի տղայ, տանս բանալին ճամբան կորուցի. տղայ, չտեսա՞ր։
-Օվանի տղայ, Օվանի տղայ, ա՜յ, քեզի ըսեմ, սերմը, որ նետես, բթամատդ միշտ աջ ու ձախ շարժէ։
Հովկուլ Կիրօն էր` վարպետ սերմցանը։ Ու ես, արմուկս ապառաժի մը կռթնցուցած, կը տեսնէի այդ հսկայական կմախքները աղեղնաւոր»:
Ապա այս տառապալի ձայններին լրացնելու են գալիս ահասարսուռ տեսարանները. « Տեսայ ցեղիս որբերը մերկ՝ Շամի փողոցներուն մէջ։ Մէկը, աչքերը լայն-լայն բացած, անկիւն մը կեցած, գողցած նարինջ մը կը կեղուէր։ Ուրիշներ, կենդանիներու նման անբան, կեցած էին հացագործի մը խանութին առջեւ։ Մօտեցայ անոնց, իմ ու իրենց լեզուով խօսեցայ։ Անոնք հայհոյեցին ինձ ու իմ ետեւ քարեր նետեցին։ Անոնք անհամար էին։ Երբ աղմուկը կը քաշուէր պազարներէն, անոնք խանութներու էշիկներուն վրայ կը քնանային, նապաստակի նման մէկ աչքերնին բաց, քաղաքի պահապաններու մականին ձայնէն ընդոստ արթննալու համար։
Քաղաքէն քիչ հեռու` կիսափուլ տան մը մէջ, տեսայ ցեղիս աղջիկները սեւաչեայ, ուր կ’այցելէին գողերն ու հարբածները քաղաքին, կ’այցելէին զինուորները զօրանոցէն փախած, աւազակները ճամբաներէն։ Ու գիշեր մըն ալ կիսապատէն վար աղջկայ մը մերկ դիակը ճամբուն վրայ նետելնին տեսայ։
Տեսայ այդ բոլորը, իմ բարի’ Անտոնիոս»:
Գյուղը հեքիաթի պես էր Օվանի տղայի համար, որովհետև « …Մարուքենց աղջիկը աշխարհի է՛ն գեղեցիկ աղջիկն էր, երբ խուրձ վարսերը ետեւ կը ձգէր ու աղբիւր կ’երթար. թէ՝ Չայի կամուրջը աշխարհի հրաշալիքներէն էր»։
Հեքիաթը չքացել է, որովհետև քանդվել է եկեղեցին «տաճարին տեղը աղուէս մը իր բոյնն է փորեր.մկրտութեան պատուհանին մէջ այժմ կանանչ մողէզներ կը սլուըլտան», չկա նաև վարժատունը. «Կ’ըսեն, որ տակաւին կիսով քանդուած սեւ պատին վրայ կան ու կը մնան մի քանի վանկեր, վարժապետին ձեռքով գրուած՝ «րատըշխրհիամնաղեցիկլեռ»։ Կ’ենթադրեմ, վարժապետը գրած է, թերեւս քերականական վերլուծումի համար՝«Արարատը աշխարհի ամենագեղեցիկ լեռն է»։
Գուցե թվա, թե Համաստեղը ոչ մի հույս հայ մարդու համար այլևս չի թողնում, որ պատմվածքը սոսկ կոտորածի արձագանքն է, բայց Օվանի տղայի շուրթերին հնչում է հնձվորի, կալի, հունձքի , մանգաղի, սերմի, ջրտուքի երգը.« Աշխարհի չորս հովերուն ցրուած իմ ցեղակիցները պիտի լսեն իմ երգը ու պիտի գան…Մենք բահերով, դհոլ զուռնով պիտի երթանք ու փորենք ակը ջուրին, որ պոռթկայ յանկարծ, արտերուն քովէն անցնի ու նորէն լեցնէ արտն ու արօտն օրհնութիւնով…Ու այն ատեն, իմ բարի Անտոնիոս, ես ամէն առաւօտ արշալոյսին հետ դաշտ պիտի ելլեմ իմ վիթխարի գոմէշներով։ Թեւերս ու ոտքերս սօթթած չայէն պիտի անցնիմ իմ հպարտ գոմէշներով։ Արեւը պիտի ճեղքի, պիտի կոտրի փարջի մը պէս ու լուսեղէն գոյներ պիտի թափէ գոմէշներուս եփենոսեան կռնակներուն վրայ։ Զով հովին մէջ պիտի զնգան ու հնչեն երկաթեայ սամիները իմ անզուսպ գոմէշներուն։ Ու ես պիտի հերկեմ հողը արեւին չափ բարի ու արեւին չափ արգասաւոր…»:
Լիլիթ Լալայան