«Բեռլինյան պատարագը» Կոմիտաս Վարդապետի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն մեծ երգահանի, բանահավաքի, գիտնականի թողած անտակ ժառանգության այն էջերից է, որ քչերին է հայտնի: Եվ ահա «Բեռլինյան պատարագը» երաժշտասեր հանրությանը ներկայացնելու գործը ստանձնել է Երեւանի պետական կամերային երգչախումբը: Այս ստեղծագործությունն առաջին անգամ նույն երգչախմբի կատարմամբ ունկնդրել եմ շուրջ վեց տարի առաջ, երբ ամփոփվում էր կոմիտասյան հոբելյանական տարին: Ծանոթ-անծանոթ Կոմիտասի հետ այդ հանդիպումը տպավորիչ էր: Թվում էր՝ ամեն ինչ ասված էր նրա մասին, բայց ոչ… Դրա վկայությունն է այն հայտնությունը, որ ես, գոնե ինձ համար, կատարեցի այդ օրը: Այս երաժշտական երկը դեռ 20-րդ դարասկզբին պետք է կատարվեր Եվրոպայում, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով, ոնց աղբյուրներն են վկայում, չէր հնչել բեռլինյան բեմերից: Հայաստանում այն եւս երաժիշտների ուշադրությունից «վրիպել էր»: Բայց չի անտեսվել Երեւանի պետական կամերային երգչախմբի կողմից, որ բեմից հնչեցնելով սույն գործը՝ մի մեծ «բաց» է լրացրել՝ Կոմիտասի արվեստը գնահատողներին, հայ լայն հանրությանը մեծ բեմից ներկայացնելով այն: Անդավաճան երգչախմբի՝ կոմիտասյան ժառանգությունը ներկայացնելու եւ հանրահռչակելու ուղղությամբ ի սկզբանե ձեւավորված եւ տարիներ հաստատված ավանդույթին՝ Երեւանի պետական կամերային երգչախումբը Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ օրերս դարձյան հնչեցրեց «Բեռլինյան պատարագը»: Վերջինս, լինելով երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը, բավական հարուստ եւ բազմազան ծրագրերով է ներկայանում Հայաստանում, նաեւ արտերկրում: Տպավորությունը կոմիտասյան ստեղծագործությունից այնպիսին է, որ գերմաներենով հայոց հոգեւոր երգեցողություն է հնչում. սա Կոմիտասի, այսպես ասած, նախամուտքն էր, ստեղծագործական ընթացքը՝ դեպի մեզ հայտնի մեծատաղանդ պատարագի արարումը: Հոգեւոր նուրբ հունչ ունի գործը, կառուցված է արդեն ի հայտ եկած վարպետությամբ, հանճարի կնիքը կա նրանում: «Բեռլինյան պատարագը» սփոփիչ հունչ ունի եւ, ասես, բուժարար է հոգեխորավ հոգիների համար:

Նույնպիսի հոգեհունչով էին լեցուն համերգային երեկոյին հնչած մնացած երկերը, որ պատկանում են Ֆրանսիս Պուլենկին, Օլիվիե Մեսսիանին, Փոլ Միլորին, Վահրամ Սարգսյանին: Կանադահայ երաժիշտ, երգչախմբային դիրիժոր, Հայաստանի Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության անդամ, Եվրոպական Երգչախմբային ասոցիացիայի խորհրդատու Վահրամ Սարգսյանի երաժշտական երկերը, մասնագետների բնորոշմամբ, պարունակում են հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության տարրեր՝ ընդլայնված վոկալ տեխնիկայով: Նա ծնվել է Երեւանում, կոմպոզիցիա եւ խմբավարություն սովորել Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ Ա. Զոհրաբյանի եւ Տ. Հեքեքյանի դասարաններում, Մոնրեալի Մաք Գիլի համալսարանում ուսանել Ֆիլիպ Լերուի դասարանում: Օքսֆորդի համալսարանի հրատարակչության պատվերով դեռ ուսանողական շրջանում մշակել է միջնադարյան «Խորհուրդ Մեծ» շարականը, որը կատարվել է BBC Singers երգչախմբի կողմից: Նրա ստեղծագործությունները հնչել են աշխարհի մի շարք հանրահայտ հարթակներում, արժանացել է Ջուլ Լեժեի մրցանակին, CALQ-ի «Տարվա արտիստ» կոչմանը Լավալում:
Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգն ամփոփվեց Վահրամ Սարգսյանի վերը հիշատակված «Խորհուրդ Մեծ» ստեղծագործությամբ, դրանով եւս մի անգամ ընդգծվեց ծրագրի հոգեւոր բնույթը եւ համերգային մտահղացման բովանդակային ամբողջականությունը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ





