Երբ փակեցի երկու աչքերս,
որ չտեսնեմ ակնհայտը,
ճակատիս բացված երրորդ աչքով
սկսեցի տեսնել այն,
ինչ մինչեւ այդ չէր երեւում
Ինչպես եւ ինչքանով գնել մտավորականին
Շաբաթներ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց գրականության ցանկը, որն ընթացիկ տարվա ընթացքում պետք է հրապարակվի, հետազոտվի, թարգմանվի եւ հանրահռչակվի նույն նախարարության դրամաշնորհներով:
Առաջին հայացքից հիանալի նախաձեռնություն է. պետությունն իր սուղ միջոցներից գումար է հատկացնում իր ստեղծագործողին, այս դեպքում՝ գրողին, ստեղծագործելու եւ ջանքեր է ներդնում նրա ստեղծածը հայ եւ համաշխարհային ընթերցողին ներկայացնելու համար:
Մինչդեռ երկրորդ հայացքից՝ բացվում է այլ եւ ոչ այնքան հաճելի տեսարան: Ընդ որում՝ այս տեսարանի մասին առաջինը խոսեց «Անտարես» գրահրատարակչության տնօրենը, ով կարծես թե պիտի գոհ լիներ պետության եւ գրողի «սերտ առնչություններից». «Բոլոր հնարավոր ձևերով գնել են մտավորականի կարծիքը, կաշկանդել են նրան արտահայտվել, էլ չեմ ասում, որ ստեղծել են միջավայր, որ գրեթե ոչ մեկը չհամարձակվի իշխանությանը խեթ նայել ինչ-որ իշխանական ղալաթի համար»:
Սա իրականում շատ լուրջ հարց է: Երբ պետությունը վճարում ու գնում է, կամ պարգեւատրում է, կամ խրախուսում է արդեն ստեղծված ստեղծագործությունը, պետությունը նպաստում է ստեղծագործելու պրոցեսին, «ստիպում», որ գրողը լավ գրի, շատ գրի, հետաքրքրական գրի: Իսկ երբ պետությունը նախապես է վճարում գրողին, ապա գնում է գրողի լոյալությունը՝ իր քաղաքականության եւ հետագա քայլերի նկատմամբ: Սա գրեթե նույնն է, ինչ տեղի է ունենում լրագրության մեջ. երբ քեզ վճարում են քո արդեն գրած հոդվածի համար, դա կոչվում է հոնարար: Իսկ երբ վճարում են, որ ինչ-որ թեմայով հոդված գրես, դա կոչվում է պատվերով լրագրություն, ինչը բոլորովին լավ բան չէ:
Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող զանազան տխուր իրադարձություններից հետո պարբերաբար հասարակությունը բարձրացնում է այն հարցը, թե ո՞ւր է հայ մտավորականը, ինչո՞ւ չի լսվում գրողի, կոմպոզիտորի, նկարչի ձայնը: Այդ ձայնը, պարզվում է, լռեցվում է ճիշտ ժամանակին՝ նման դրամաշնորհներ շնորհելու կամ դրանց ակնկալիքը ստեղծելու միջոցով:
Այն, որ Հայաստանում գրողների մեծ մասը հաշտ է իշխանության ամենաաննորմալ քայլերի հետ, ակնհայտ է: Նրանց մի մասն իրենք իրենց համար արդարացում են գտնում՝ «ես քաղաքականության հետ գործ չունեմ», «իմը ստեղծագործելն է» տիպի պնդումներով: Մյուսներն իրենք իրենց համոզում են, որ ինչ իշխանություն էլ գա, իր «տունը եզրին է», «ինքը կգրի ու իր հետքը կթողնի պատմության մեջ», մի մասն էլ, որքան էլ տարօրինակ է, անկեղծ սիրում է իշխող ուժին: Մեր պետությունն էլ միամիտը չէ. խրախուսում է ե՛ւ նրանց, ե՛ւ երկրորդներին, ե՛ւ հատկապես՝ վերջիններին՝ պետական պաշտոններ, դրամաշնորհներ ու մանր մունր այլ նվիրատվություններ անելով այդ նպատակով: Շատ քիչ թվով գրողներ ունենք, որոնք համարձակվում են հրապարակավ հանդես գալ իշխանության որոշակի քայլերի դեմ, ու նաեւ նրանց դեմ է պետությունն «օգտագործում» իրեն հավատարիմ մտավորականներին: Մինչդեռ ժամանակին մենք ունեինք Սիլվա Կապուտիկյան, որը միայնակ փորձում էր «կռիվ տալ» հսկա պետության դեմ, ունեինք Լեւոն Խեչոյան, որը հրապարակավ հրաժարվեց իրեն անհաճո իշխանության տված պարգեւներից: Հիմա ունենք… այլ գրողներ, որոնք պայքարում են այդ պարգեւներին եւ գումարներին տիրանալու համար, եւ դրանք ստանալուց «երջանիկ են, հպարտ են, հուզված են ու երախտապարտ»:
Ի՞նչն է սխալ գնացել մեր երկրում, որ ստեղծվել է այսպիսի վիճակ:
Հավանաբար՝ ամեն ինչը:
Մենք գրեթե չունենք մտավորականներ, որոնք ստեղծագործելով կարող են վաստակել այնքան, որ կարիք չունենան պետական «նպաստների», քանի որ հասարակությունն ի վիճակի չէ ապահովել իր ստեղծագործողի կարիքները՝ չի գնում բավարար քանակությամբ գրքեր, նկարներ, չի հաճախում թատրոն ու համերգների: Չի՛ անում այդ ամենը, որովհետեւ իր ստեղծագործողը, մտավորականը չի վայելում իր սերն ու հարգանքը: Սա չի վայելում իր սերն ու հարգանքը, որովհետեւ իրականում պետությունը նրան չի՛ կարող ստիպել իրենից պատվեր ընդունել ու սուս մնալ, ինքն ինքնակա՛մ է դա անում, այսպես ասած՝ սեփական նախաձեռնությամբ: Ինքնակամ է դա անում, որովհետեւ հոգու խորքում ինքն իրեն արդարացնում է: Իսկ այդպիսի «ինքնակամներին» ընթերցողը չի՛ սիրելու, չի՛ կարդալու, չի՛ ճանաչելու, չի՛ ֆինանսավորելու, իրենը չի՛ համարելու, եւ իրենք միշտ մնալու են էդ դրամաշնորհների հույսին: Որովհետեւ դու կա՛մ դեմ ես իշխանությանը, իսկ մտավորականն ուղղակի պարտավոր է դեմ լինել ցանկացած իշխանության, քանի որ իշխանությունները երբեք լավը չեն լինում ու միշտ ունենում են սխալներ ու բացթողումներ, անգամ ամենակատարյալ իշխանությունները, ուրեմն կա՛մ դու դեմ ես իշխանությանը, ունես սեփական կարծիք ու համոզմունքներ, տեսնում ես թերությունները, բարձրաձայնում ես այդ թերությունների մասին, կա՛մ կողմ ես այդ իշխանությանն ու աշխատում ես դրա օգտին: Այլ կերպ պարզապես չի լինում:
Մնացածն ուղղակի արդարացումներ են:
Իսկ գրողը, որը չի վայելում իր ժամանակակցի սերն ու հարգանքը, նրան ինչքան ուզում ես հրատարակիր, թարգմանիր ու հանրահռչակիր, երբեք չի դառնալու ժողովրդական ու սիրված, նրա գրքերը չեն գնելու, ու նրան կմոռանան լռելուց մեկ ժամ անց արդեն:
Որովհետեւ փղոսկրե ապարանքում ստեղծագործող «մտավորականի» միֆը պատմությունը վաղուց է հերքել:
Ընդ որում՝ մեր պետությունը հումորի հետաքրքրական զգացում ունի, թույլ է տալիս գրողին՝ ինքը նշանակի իր «գինը», գնահատելի իրեն: Ու ժամանակակից գրողները, հետազոտողներն ու թարգմանիչներն իրենց գնահատում են՝ ով 525 հազար դրամ, ով մեկ միլիոն, ով էլ՝ 175 հազար:
Լավ, դու հո էն սարսափելի լրագրողներից չե՞ս, որ ամեն ինչում վատն է տեսնում, եթե չես հավանում պետության քաղաքականությունը, առաջարկիր քո տարբերակը:
Փորձեմ: Արվեստն ու գրականությունը պետք է խրախուսել այլ կերպ, օրինակ՝ հատուկ գրքի վրա ծախսվող գումար հատկացնել դպրոցականներին, սուբսիդավորել մարզային գրադարաններին, դպրոցներին, գրահրատարակչություններին: Ու նրանք պետք է այդ գումարը ծախսեն արդեն ստեղծվա՛ծ գրական արժեքների վրա: Սա կօգնի, որ ընթերցողն ընտրի եւ կարդա այն, ինչ մոտ է իր սրտին, այսինքն՝ կխրախուսվի լավ գրողը (իհարկե, պարտադիր չէ, որ գնվեն հենց լավ գործերը, որոշակի ժամանակ պետք կլինի, որ մշակվի ընթերցողի ճաշակը, որ նա սկսի տարբերակել լավ գրականությունը վատից, ընտրի եւ կարդա լավը), բա ի՞նչ եք կարծում, որակյալ ու կրթված հասարակություն ձեւավորելը բարդ ու ժամանակատար պրոցես է: Բայց որակյալ ընթերցողի հետ առաջ կգան նաեւ որակյալ ու ազնիվ գրողներ, ոչ թե «իշխանահաճո» ստեղծագործողներին, որոնք գիտեն ինչը երբ եւ ինչ կոնտեքստում ասել, որ ե՛ւ սիրելի լինեն իշխանությանը, ե՛ւ, միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, երբ իշխանության դիրքերը խախուտանան, «քաջ ընդդիմադիր» խաղան: Գրահրատարակչություններին հատկացված հարկային արտոնությունները կնպաստեն, որ գրքերը ավելի մատչելի դառնան, ինչը եւս կխթանի ընթերցանությունը, հետեւաբար գրականության ստեղծումը:
Որովհետեւ ամեն ուսանող ու դպրոցական չէ, որ կարող է մեկ գրքին հատկացնել ուսանողի իր մեկ ամսվա թոշակը, այն էլ եթե գերազանցիկ է, իսկ դպրոցականը՝ մեկ ամսվա նախաճաշիկի գումարը: Պետությունը պետք է դաստիարակի արվեստասեր հասարակություն, որն ունի որակյալ ստեղծագործությունների պահանջարկ, եւ երկրում ստեղծի համապատասխան մթնոլորտ, որ այդ արվեստասեր հասարակությունը «սիրտ ունենա» գիրք կարդալու, գնալու թատրոն եւ համերգների:
Սրանք ընդամենը տարբերակներ են, ես համոզված եմ, որ տարբեր ժամանակահատվածներում «ելք կա», «ապագա կա» հայտարարած մեր հնարամիտ իշխանությունները հաստատ կարող է նաեւ «այլ տարբերակներ կան» ասել, եթե իհարկե ցանկանան:
Այլ հարց է՝ այս իշխանությանը պե՞տք են ըմբոստ մտավորականներ, անկեղծ ու ազնիվ խոսք ասող գրողներ ու հեղինակավոր անհատներ, թե՞ ոչ:
Բայց սա արդեն բոլորովին ուրիշ ու շատ ավելի տխուր պատմություն է:
Ռ. Ա.