Առաջին անգամ տարածաշրջանում ստեղծվում է լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ արհեստական բանականության (AI) միջոցով: Նախագիծը ներկայացնում է 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնը (485.center), որի անվան խորհրդանշական ընտրությունը պատահական չէ։ 485 Հայաստանի միջազգային շտրիխ կոդի առաջին թվային նույնականացումն է, որով աշխարհը ճանաչում է հայկական արտադրանքը: Մենք ընտրել ենք որպես մեր կենտրոնի անուն՝ հայկական ինքնությունը, ստեղծարար միտքը և նորարարական ապագան մեկ գաղափարի շուրջ միավորելու նպատակով։
Նախագծի նպատակն է նոր շունչ հաղորդել հայկական էպոսին և այն նոր սերնդին ներկայացնել հասկանալի ու ժամանակակից ձևով։ Ստեղծվում է դինամիկ, ժամանակակից անիմացիոն ֆիլմ, որը կլինի հետաքրքիր, հասանելի և գրավիչ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։
«Սասնա ծռերը հայկական մշակույթի ամենահզոր պատմություններից մեկն է, և մեր նպատակը այն նոր սերնդին ներկայացնելն է ժամանակակից ձևով՝ պահպանելով բովանդակությունն ու արժեքային հիմքը։ Մենք ցանկանում ենք ստեղծել արտադրանք, որը հասկանալի և մրցունակ կլինի նաև միջազգային շուկայում։ 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի համար սա առաջին քայլն է՝ ձևավորելու հայկական ծագում ունեցող նոր ստեղծարար–տեխնոլոգիական բրենդ, որի 485 խորհրդանիշը ժամանակի ընթացքում կարող է ճանաչելի դառնալ նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Pixar–ի լամպի և Metro-Goldwyn-Mayer–ի առյուծի կողքին։ Մենք լիահույս ենք, որ այս նախագիծը մեծ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթը նոր լեզվով»,- նշել է նախագծի հեղինակ և ռեժիսոր, 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Հովհաննես Մարգարյան։
«Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա միաժամանակ զարմացած է, շփոթված և անսասան իր բնույթով։
Մուլտֆիլմի առանցքային գաղափարներն են հերոսությունը, ընկերասիրությունը, սեփական արժեքներին հավատարիմ մնալը և փոփոխվող ժամանակներում ինքնությունը պահպանելու կարևորությունը։ «Փոքր Մհեր»-ը պատմություն է, որը փոքրերին կստիպի ծիծաղել ու երազել, մեծերին՝ կանգ առնել ու մտածել։ Ինչպես նշում է ռեժիսորը՝ փոքրերին հասկանալի, մեծերին հետաքրքիր։
Ստեղծագործական թիմը հատուկ ուշադրություն է դարձրել ազգային տարազների և միջավայրի պատմամշակութային հավաստիությանը՝ աշխատանքային գործընթացում ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների։
Այս անիմացիոն նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է նորարարական տեխնոլոգիական մոտեցմամբ՝ տարբերվելով ավանդական մուլտիպլիկացիոն արտադրությունից։ Մուլտֆիլմում չեն կիրառվում դասական անիմացիայի սովորական գործիքակազմերը․ կերպարների սկզբնական էսքիզներն ու գեղարվեստական լուծումները մշակվում են նկարիչների կողմից, իսկ դրանց վերջնական տեսքը, շարժողական դինամիկան և վիզուալ զարգացումը ձևավորվում են արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Մուլտֆիլմի հնչյունավորումը վստահվել է հայտնի հայ դերասանների մասնակցությանը։
«Այս նախագիծը կարելի է դիտարկել որպես էքսպերիմենտալ և նորարարական նախաձեռնություն, քանի որ շուրջ 80 րոպե տևողությամբ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծումը արհեստական բանականության գործիքներով ինքնին լուրջ մասնագիտական և տեխնոլոգիական մարտահրավեր է։ Առավել բարդ խնդիրներից է ամբողջ մուլտֆիլմի ընթացքում պահպանել միասնական վիզուալ և ձայնային լեզու՝ ապահովելով նաև շարժման բնական դինամիկան ու կադրերի անխափան շարունակականությունը։ Հենց այս նշաձողն է 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր հավակնությունը՝ ստեղծել վաղվա մուլտֆիլմը՝ այսօր»,- ընդգծել է Հովհաննես Մարգարյանը։
Նախագծի հիմնական մասնագիտական մարտահրավերը կերպարների, հատկապես գլխավոր հերոսի, վիզուալ ինքնության և գեղարվեստական ձեռագրի ամբողջ մուլտֆիլմի ընթացքում կայուն պահպանումն է, որպեսզի պատկերը յուրաքանչյուր դրվագում պահպանի նույնականությունն ու ամբողջականությունը։
Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս արտադրական ամբողջ գործընթացը՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական իրագործում, իրականացնել շուրջ 5-6 անգամ ավելի արագ, քան դասական արտադրական մեթոդների դեպքում։ Նախագծում կիրառվում են ոլորտի վերջին AI գործիքներն ու մասնագիտական փաթեթները, որոնք ապահովում են պատկերի բարձր որակ, տեխնիկական ճշգրտություն և ժամանակակից վիզուալ արդյունք։
«Արհեստական բանականությունը նախագծում չի գործում ինքնուրույն․ յուրաքանչյուր տեսարանի կառուցվածքը ձևավորվում է մասնագիտական հստակ կառավարման արդյունքում։ Պրոֆեսիոնալ օպերատորը, սթորիբորդ արտիստը և AI մասնագետները մանրակրկիտ ձևակերպված հրահանգների միջոցով ուղղորդում են ստեղծման գործընթացը՝ ապահովելով հնարավորինս ճշգրիտ, իրական և սպասված արդյունք։ Արտ-տնօրենը վերահսկում է, որպեսզի կերպարների համաչափությունները, միջավայրային լուծումները և գունային պալիտրան պահպանվեն մուլտֆիլմի ամբողջ ընթացքում՝ ստեղծելով միասնական գեղարվեստական լեզու։
Վիզուալ լուծումներից տարբերվող՝ երաժշտական հատվածը չի գեներացվում արհեստական բանականությամբ։ Մուլտիլմի երաժշտությունը ստեղծվում է երաժիշտների կողմից, իսկ հերոսներին ձայնավորում են հայտնի դերասաններ՝ ապահովելով հանդիսատեսի համար ծանոթ, կենդանի և հուզական հնչողություն։
Բնականաբար, AI գործիքները չեն փոխարինում արվեստագետներին․ դրանք ընդամենը նոր հնարավորություններ են բացում ստեղծագործական թիմի համար։ Նախագծի հիմքում մարդու գաղափարն է, մասնագիտական ճաշակը և թիմային համագործակցությունը։ Ինչպես յուրաքանչյուր լուրջ ստեղծագործության դեպքում, լավագույն արդյունքը ծնվում է այնտեղ, որտեղ մարդկային երևակայությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները միավորվում են»,- մանրամասնել է Հովհաննես Մարգարյանը։
«Նախատեսում ենք «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգի հանդիսատեսի համար։
Սյուժեի հիմքում դրված են համամարդկային թեմաներ՝ ինքնության որոնում, քաջություն, ընտանիք, հավատարմություն և արժեքների պաշտպանություն, որոնք ընկալելի են տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։ Մեր նպատակն է, որ մշակութային առանձնահատկությունները ոչ թե խոչընդոտեն, այլ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծեն պատմության նկատմամբ»,- նշել է Հովհաննես Մարգարյանը։
Թիմի կողմից AI համակարգերին տրամադրվում են հարյուրավոր իրական լուսանկարներ հայկական գյուղերից, բնակավայրերից, տներից, կենցաղային առարկաներից և միջավայրային մանրամասներից, որոնք հավաքագրվել են նախնական ուսումնասիրությունների և սքաութինգի արդյունքում։ Սա հնարավորություն է տալիս գեներացված պատկերներում ձևավորել առավել ճշգրիտ, ճանաչելի և հայկական իրականությանը բնորոշ միջավայր։ Այսպիսով, 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի կարևոր առանձնահատկություններից մեկը միջազգային չափանիշներին համապատասխան հայկական անիմացիոն բրենդի ձևավորումն է։
Նախագիծը միտված է ոչ միայն ժամանակակից ձևաչափով ներկայացնելու հայկական էպոսը, այլև հիմք ստեղծելու հետագա ստեղծագործողների և ոլորտի զարգացման համար՝ հարստացնելով արհեստական բանականության տվյալների բազան հայկական բովանդակությամբ։ Նախաձեռնության շրջանակում ձևավորվում է հայկական թվային նոր տվյալային միջավայր, որը ապագայում զգալիորեն կհեշտացնի AI գործիքներով հայկական տեսարանների, միջավայրերի և կերպարների ստեղծման գործընթացը։
«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա աշխատում է պրոֆեսիոնալ և փորձառու թիմ, որտեղ նորագույն տեխնոլոգիաները համադրվում են ավանդական կինոարտադրության փորձի, գեղարվեստական մտածողության և մասնագիտական հմտությունների հետ։ Այստեղ AI-ը գործիք է, ոչ թե գլխավոր դերակատար։ Գլխավոր ուժը պատմությունն է, որը ունի ասելիք և կարող է հասնել հանդիսատեսին։
Ըստ ստեղծագործական թիմի՝ «Սցենարը մշակվել է երեք հիմնական թիրախային խմբերի համար՝ երեխաների, դեռահասների և չափահասների։ Երեխաների համար մուլտֆիլմում նախատեսված են վիզուալ հումորի և արկածային դրվագների տարրեր, իսկ դեռահաս և չափահաս հանդիսատեսի համար՝ խորքային մտքեր, բազմաշերտ երկխոսություններ և ժամանակակից ընթերցումներ։
Մուլտֆիլմում առանձնակի ուշադրություն է դարձվել էթնոգրաֆիկ և մշակութային ճշգրտությանը։ Հայկական միջավայրի, կենցաղային մանրամասների և տարազների հավաստիությունն ապահովելու նպատակով թիմը համագործակցել է ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Նրանց մասնագիտական ներգրավմամբ մշակվել է նաև Մհերի սկզբնական կերպարային և հագուստային լուծումը՝ բացառելով այլ մշակույթներին բնորոշ տարրերը։ Մհերի կերպարը պետք է ամբողջությամբ հայկական լինի՝ մինչև վերջին դետալը, մինչև վերջին կադրը»։
Այսպիսի ծավալուն և պատասխանատու աշխատանքի, ստեղծագործական մոտեցման ու մասնագիտական նվիրումի արդյունքում «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը բոլոր նախադրյալներն ունի գրավելու հանդիսատեսի սրտերը և դառնալու հիշվող հայկական մշակութային իրադարձություն։
«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմը հունիսի 1-ից կբարձրանա մեծ էկրան՝ հնարավորություն տալով հանդիսատեսին այն դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Նոր սերնդի համար ժամանակակից ձևաչափով ներկայացված հայկական այս պատմությունը շուտով կհանդիպի իր հանդիսատեսին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։
Լրատվության և հանրային կապերի պատասխանատու՝ Գոհար Սարգսյան
Էլ. փոստ՝ gohar.sargsyanpr@gmail.com
Հեռախոս՝ +374-94-22-95-11









