Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

Սեպտեմբերի 23-ին Թեքեյան Կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ  «Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ելույթ ունեցան ցուցահանդեսի համադրող Անահիտ Կորյունը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը եւ Նիկոլ Ֆարիդանիի դուստրը՝ Կատրին Ֆարիդանին:

Նիկոլ Ֆարիդանին (1936-2008), հայկական ծագումով, Իրանի արդի լուսանկարչության ականավոր դեմքերից է, որի անունը  սկսել է շրջանառվել  20-րդ  դարի երկրորդ կեսից: Նա  որպես լուսանկարիչ,  միաժամանակ ստեղծագործել  է լուսանկարչության մի քանի ոլորտներում: Մոտ քսան  տարի աշխատելով Իրան-Իտալիա նավթային եւ Իրանի Նավթի ընկերություններում, մասնագիտացել է երկրաբանական լուսանկարչության, ֆոտոմիկրոգրաֆիայի  եւ օդանկարչության բնագավառներում՝օդում անցկացնելով երեք հարյուր ժամ՝  դարձել է  Իրանում լուսանկարչության վերոնշյալ ժանրերի հիմնադիրը: Հարկ է նշել, որ   այդ  ժամանակահատվածում   Ֆարիդանին նաեւ ակտիվ  ճամփորդել է Իրանով մեկ: Հռչակվել է որպես «անապատի լուսանկարիչ»:

Հիսուն  տարի  շրջելով   Իրանի նահանգներով ՝ լուսանկարիչը  ստեղծել է  ավելի քան  60.000 ժապավեն, որոնցից 8000-9000 վերաբերում է իրանահայությանը՝ բնակավայրերին, որոնց մեծ մասն  այլեւս պատմություն է դարձել:

Նիկոլ Ֆարիդանիի  ստեղծագործության հիմնական թեման  Իրանն է՝ իր բնության, պատմության եւ մշակութային հուշարձաններով,  ինչպես նաեւ իրանցիները՝ իրենց հազարավոր տարիների ավանդույթներով ու սովորություններով: Ներկա  ցուցահանդեսում առկա են վերոնշյալ թեմաներով իրականացված ֆարիդանիական  հանրահայտ սեւ ու սպիտակ լուսանկարները, որոնք հիմնականում ստեղծվել են լուսանկարչի ստեղծագործական գործունեության վաղ շրջանում՝ 1955-1975 թթ:

Կատրին Ֆարիդանին՝ Նիկոլ Ֆարիդանիի դուստրը, ապրում եւ ստեղծագործում է  Կանադայում:Մասնագիտական երկու կրթություն ունի: Իր ստեղծագործություններում նա անդրադառնում է սոցիալ-հասարակական խնդիրներին: Մասնագիտանալով վավերագրական լուսանկարչության մեջ՝ ներկայանում է «Փոխկապակցված» նախագծով:  Ցուցադրվող  աշխատանքներում  պատմում է, թե խմելու ջուրն ինչպես է սպառողին  հասնում եւ ետ վերադառնում՝ Տորոնտո քաղաքում:

Ձեռնարկը կազմակերպել էր Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 28-ը: