Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Սրտի աչքերով

Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակին

Վերջերս հյուրընկալվեցի Հայաստանում: Այնտեղ հնարավորություն ունեցա տեսնելու բազմաթիվ փոփոխություններ ու նորություններ, որոնցով վերջին տասնամյակի ընթացքում հարստացել է ինձ համար շատ հարազատ ու խորապես սիրելի այս հանրապետությունը: Գարնանը, երբ ամեն ինչ ծաղկում է, ավելի պարզ են երեւում այդ փոփոխություններն ու դրանք ավելի պարզորոշ են բացվում իմ աչքերի ու սրտի առջեւ: Հատկապես հաճելի էին հարազատ միջավայրի՝ մշակույթի, գրականության, արվեստի ու պատմական հուշարձանների պահպանման եւ այլ բնագավառների նորությունները:

Ինձ վրա խոր տպավորություն գործեցին նաեւ հայ կինեմատոգրաֆիստների նվաճումները:

Ես հնարավորություն ունեցա տեսնելու «Հայֆիլմ» ստուդիայի վերջին կինոնկարը` հայ տաղանդավոր կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի «Սգավոր ձյունը» ժապավենը, որը ստեղծված է ֆրանսահայ հայտնի արձակագիր Անրի Թրուայայի համանուն վեպի մոտիվներով: Իմ կարծիքով այդ կինոնկարը նոր խոսք է ոչ միայն հայկական, այլեւ ամբողջ սովետական կինոարվեստի չափանիշներով:

Ահա մի կինոժապավեն, որը, իմ կարծիքով, արժանի է մեծ ուշադրության:

«Սգավոր ձյունը» կինոարվեստի գլուխգործոց է:

Անմոռանալի տպավորություն են թողնում զուսպ, լակոնիկ, միաժամանակ նրբաճաշակ ու ամբողջություն կազմող շատ տպավորիչ կինոկադրեր, որոնք հանդիսատեսի դիմաց բացվում են մեծ, իմաստուն ու մարդկային խոր բովանդակությամբ: Այս ժապավենի հեղինակը մեծ քայլ է կատարել իր ստեղծագործական որոնումների ճանապարհին` միաժամանակ չհեռանալով սովետական կինոարվեստի լավագույն ավանդույթներից:

Կինոնկարը եւ՛ նորարարական է, եւ՛ բառիս լավագույն իմաստով` ավանդական:

Այդ ամենը վկայում է հեղինակի ստեղծագործական հասունության, նուրբ ճաշակի ու վարպետության մասին:

Այս կինոնկարում ոչ մի ավելորդ ու շինծու բան չկա: Այնտեղ պահպանված է հեղինակի լրջախոհ ոճը, որովհետեւ ֆիլմը շատ լուրջ բաների մասին է, որի շնորհիվ էլ լուրջ ու զուսպ է նաեւ ֆիլմի լեզուն: Հեղինակը ֆիլմի խոր ու հուզիչ իմաստը բացում է լայն վրձնահարվածներով, ցայտուն ու գունեղ պատկերներով, արտահայտիչ խոշոր պլաններով: Հեղինակը չի սիրում շատախոսություն կամ բարոկկոյի ոճով սարքած բուտաֆորիա: Նա խոսում է հանդիսատեսի հետ հասուն արվեստագետի լեզվով` ներկայանալով որպես ռեալիստ: Եվ նատուրալիզմից զերծ նրա ռեալիզմը հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների, նշանակալից խորհրդանիշների:

Կինոնկարի առանձին կադրեր այնքան վառ ու գունեղ են, որ հանդիսատեսը մոռանում է դահլիճում իր գտնվելու մասին. նրան թվում է, թե ընկել է պատկերասրահ կամ նկարչի արվեստանոց, որտեղ բոլոր պատկերներից իր հայացքը թովում են, գրավում են ժանրային վառ կտավները, դիմանկարները եւ բնանկարները:

Հանդիսատեսին հուզում են մարդկանց ճակատագրերը, բարու եւ չարի հավերժ պայքարը:

Այս կինոժապավենի պրոբլեմը ինձ շատ է հարազատ: Դա մարդու պրոբլեմն է, մարդու կատարելագործման, նոր մարդու կերտելու պրոբլեմը: Այդ պատճառով է ինձ այդքան հուզել այդ կինոնկարը:

Մարդու համար պետք է պայքարել եւ առավել պայքարել նոր, ավելի կատարյալ, բարոյապես ավելի բարձր ու անաղարտ հոգով մարդու համար:

Իր մեծ նվաճման կապակցության համար ես շնորհավորում եմ Յուրի Երզնկյանին, նաեւ Արմեն Ջիգարխանյանին, որը հոյակապ է կատարել գլխավոր դերը:

Ես անպայման նորից կդիտեմ այս ֆիլմը, երբ այն ցուցադրվի մեզ մոտ:

…Ես այս կինոնկարը նայում եմ սրտի աչքերով:

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

1979 թ. ապրիլ, Լիտվա, «Literatura ir menas»

Գրականություն եւ արվեստ») շաբաթաթերթ

Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ