1913 թ. աշնանը Սիամանթոն գալիս է Կովկաս: Բանաստեղծը`իբրև պատվո հուղարկավոր, Պոլսից Թիֆլիս էր ուղեկցում Սիմոն Զավարյանի աճյունը, և նրան այլևս երկրորդ անգամ բախտ չէր վիճակվելու տեսնել Թիֆլիսը:
Բանաստեղծը մտահոգ էր սեփական ժողովրդի անորոշ ճակատագրով: Թուրքական վայրագությունները խորը փոփոխություններ էին թողել նրա գաղափարական աշխարհի վրա, ստեղծագործելու հնար չկար, իսկ ազատ Թիֆլիսը նրան կանչում էր. «Եթե հնար ունենայի,- ասաց նա մի օր ինձ,- ուրախությամբ հոս կկենայի»-հիշում է Ալեքսանդր Շիրվանզադեն:

Ընդհանրապես, 1911-1914 թթ. ընթացքում Սիամանթոն քիչ գործեր է ստեղծել, այս շրջանում առանձնանում է նրա «Սուրբ Մեսրոպ » պոեմը, իսկ սիրո թեման այդպես էլ հեռու տարավ իր բանաստեղծություններից, թեև ինքնամփոփ, զգայուն ու համեստ բանաստեղծի սրտում սիրո կրակը երբեք չմարեց .«Իմ գրիչը իրավունք չունի ազգային ողբերգությունից զատ ուրիշ թեմաներ երգելու»- ասել է Սիամանթոն Ավետիք Իսահակյանին:
Երբ Սիամանթոն եկավ Թիֆլիս, արդեն հռչակված էր իբրև բանաստեղծ, Թիֆլիսի գրական շրջանակաները նրա ստեղծագործությանը արդեն ծանոթ էին և գրկաբաց ընդունեցին բանաստեղծին:
1913 թ. նոյեմբերի 9-ին Շիրվանզադեն մի երկտող է ուղարկում Հովհաննես Թումանյանին.« Յարճանյանը շատ ցանկանում է տեսնել Էջմիածինը, ավելի ճիշտ՝ Արարատը և Անին, բայց կողմնակի տեղեկացա, որ միջոցներ չունի: Նրան ուղարկողները ճանապարհի ծախս տվել են միայն մինչև Թիֆլիս և հետ: Չի՞ կարելի արդյոք, որ Հայ գրողների ընկերությունը նրան նպաստի յուր ճամփորդությունը լրացնելու, տալով ոչ 100 ,գոնե 50 ռուբլի: Կխնդրեի իմ կողմից, որ դու այս մասին մտածես և հնարավորինս անես: Հարկավոր է շտապել, որովհետև Յարճանյանը մտադիր է վերադառնալ Պոլիս վաղը կամ երկուշաբթի: Ինձ թվում է , որ Հայ գրողների ընկերության միջոցները ճիշտ այդպիսի բաների վրա պիտի ծախսվին» ( Հր.Թամրազյան,Սիամանթո,Եր.,2003, էջ՝192):

Սիամանթոն գրեթե միշտ նյութական կարիքի մեջ էր, Շիրվանզադեն իր «Կյանքի բովից » գրքում, հիշում է , որ մի անգամ Սիամանթոն և նրա ընկեր Մինասյանն անհաետացան: Մոտ երկու շաբաթ նրանց չտեսավ ոչ մի տեղ: Կարծում էր, որ Փարիզից հեռացել են: Վերջապես, մի օր հանդիպում է նրանց Սեն- Միշելի վրա, պարզվում է, որ գումար չունեին և դրա պատճառով անտանելի դրության մեջ էին. « Գիտեք, մի օր հուսահատությունն այն աստիճան էր, որ հիմարաբար մտածում էինք նետվել Սենայի մեջ, վերջ տալ մեր այս հիմար կյանքին: Միայն Մինասյանի մի բառը փրկեց մեզ: «Իսկ մա՞յրդ»-ասաց- և իսկույն մորս ողբը հնչեց ականջիս» ( Ալ.Շիրվանզադե,հատոր 8, էջ՝354):
Իսկ Սաթենիկ Ջաղեթյանը, ում հանդեպ բանաստեղծը քնքուշ զգացումներ էր տածում, հիշում է, որ Սիմանթոյի հագին երկու տարի շարունակ նույն կոստյումն է տեսել, բայց այնպես մաքուր էր, կոկիկ, այնպես էր պահված, կարծես նոր լիներ:

Հր. Թամրազյանը գրում է, որ Կովկասում այնքան մեծ է լինում բանաստեղծի նկատմամբ հետաքրքրությունը, որ Սիամանթոն Բաքվից նամակով խնդրում է եղբորը 50 օրինակ Ամբողջական գործից ուղարկել, որը լույս էր տեսել 1910 թ. Բաքվում. (Տե՛ս նույնը, էջ՝ 192):
Հայ գրողների կովկասյան ընկերությունը մեծ սիրով ու ջերմությամբ Սիամանթոյին ընդունում է իր շարքերը:
Հանդիպումը հայ գրողների , մշակույթի ներկայացուցիչների, մտավորականների հետ, ընդհանրապես գրական մթնոլորտը տպավորում և մեծ ուրախություն են բերում բանաստեղծի սրտին:
Սիմանաթոյի գաղափարական աշխարհի վրա ահռելի հետք է թողնում հանդիպումը Հովհաննես Թումանյանի հետ.« Թումանյանն արդեն ծածկվել էր իր տան դռան ետևը , մինչև Սիամանթոն անշարժ կանգնել էր մայթի վրա: Երկու ձեռքերը անգլիական ամառային լայն վերարկուի գրպանները խոթած, դեմքը դեպի դուռը, որի հետևը ծածկվեց Թումանյանը, լուռ նայում էր:
–Է՛, չգնա՞նք,- ասացի:
Սիամանթոն ,առանց իր դիրքը փոխելու , հայացքը միշտ դռանը ուղղված, ասես ինքն իրեն խոսելով՝
– Աս ինչ զարմանալի մարդ է աս մեր Թումանյանւ…
Ջրվեժի նման ՝ կը հոսի, կը հոսի , կը հոսի անդադար , և ծիածանը, որ կամար կը կապե իր վրա…
Ապա դարձավ դեպի ինձ և լուռ քայլեցինք կողք կողքի:
Գիտեի, որ Սիամանթոն եղել էր Ամերիկայում և հավանաբար տեսել էր Նիագարայի ջրվեժը, բայց դեռ չգիտեի, որ ծիածանը առանց անձրևի կամար է կապում Նիագարայի վրա» (Վ. Ահարոնյան «Հովհաննես Թումանյան.մարդը և բանաստեղծը»,Բոստոն 1936, է) 116-117):
Սիամանթոն Կովկասից մեկնում է Շվեյցարիա՝ բուժման նպատակով:

1914թ. մարտի 20-ին Ժնևից նա բացիկ է ուղարկում Հովհաննես Թումանյանին. « Քիչ մը ուշ, բայց կխնդրեմ, որ ընդունեք իմ լավագույն հիշատակներս և բարևեք իմ կողմեն ձեր հարգելի տիկնոջը և բոլոր զավակները»( Հովհ. Թումանյանի տուն- թանգարանի գիտական ֆոնդ):
Շիրվանզադեն հշում է, որ մտադիր է եղել Մոսկվայում գրական ամսագիր հրատարակել՝ բոլոր անվանի հայ գրողների և մի քանի ռուս հայտնի գրողների աշխատակցությամբ.« Ես վճռել էի ամսագրի հրատարակությունն ապահովելուց հետո խմբագրությունը հանձնել Սիամանթոյին և Վահան Տերյանին…Պատահեց , որ մի երկու ամիս ստիպված եղա զբաղվել ընտանեկան գործերով…հուլիս ամսին հայտարարվեց պատերազմը, և ամեն ինչ հեղաժշրջվեց:
Մինչ իմ Կովկաս վերադառնալը, Սիամանթոն ուղևորվել էր արտասահման : Այլևս նրա չտեսա:
Հինգ տարի անցած , երբ Պոլիս եկա, այնտեղ միայն լսեցի նրա եղեռնալի վախճանի մասին… Ինձ մնում էր միայն դժվարությունը՝ գնալ բանաստեղծի մորը տեսնելու և իմ վշտակցությունը նրան արտահայտելու…» («Կյանքի բովից», էջ՝ 356):
Լիլիթ Լալայան