Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պավարոտտի» մրցանակակիր հայ երիտասարդ բասը՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Երաժշտություն, Մշակույթ

Օրերս օպերային երգիչ, երիտասարդ բաս Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայում անցկացվող «Պավարոտտի» անվանական մրցանակին (1-ին մրցանակ): Ընդամենը մեկուկես տարի է, ինչ Հովհաննեսը մասնագիտական ուսումնառությունը շարունակում է լոնդոնյան ակադեմիայում՝ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարանն ավարտելուց եւ մի լեցուն շրջան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մեներգիչ հանդես գալուց հետո: Կոնսերվատորիական ուսումնառության ավարտին բանակային ծառայության տարիներն անցկացրել է Արցախում, եւ ոնց ինքն է պատմում, չկա Արցախում մի բնակավայր եւ զորամաս, որտեղ հնչած չլինի իր կենդանի երգեցողությունը՝ հայրենիքի, սիրո, կարոտի երգեր, դրանց թվում՝ անզուգական «Մոկաց Միրզան»:

Առաջին անգամ Հովհաննես Կարապետյանի կատարումը լսեցի «Տաղարան»-ի համերգին նեգրո-սպիրիչուըլներ կատարելիս: Վառ, կենդանի, արտահայտիչ կատարման տպավորությունը հաստատվեց ամիսներ անց՝ նույն համույթի համերգին Սեդրակ Երկանյանի մշակած հորովելներից մեկի՝ «Իգդիրի հորովելների» շարքի պրեմիերային: Դա 2017-ի տարեվերջին էր: Դեպի ստնտու հող ու երկիր եւ հուսատու երկինք ուղղված հորովելականչերը գրվել էին հենց Հովհաննեսի ձայնի համար, եւ նա հրաշալի բռնեց այդ քննությունը եւս՝ աշխատանքայի երգի ողջ գեղեցկությունն ու հնչերանգային հարստությունը հաղորդելով ունկնդրին: Հետո՝ որպես հրավիրյալ երգիչ, բազմիցս հանդես է եկել «Տաղարան»-ի համերգներին՝ ընդհուպ գլխավոր դերերգով Բախի «Սուրճի կանտատում»: Պակաս տպավորիչ չէին նրա մենահամերգներն այլ ձեւաչափերով եւ տարբեր դահլիճներում: Հիշում եմ Հովհաննեսի մենահամերգը 2018-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ վաստակաշատ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի նվագակցությամբ. արդեն իսկ հասուն, լուրջ արտիստն էր հանրությանը ներկայանում: Այն ժամանակ էր, որ գրեցի. «Ունկնդրեցի, տեսա, ըմբոշխնեցի մի արտիստի ներքին ոգորումերի բազմազան արտահայտությունները, որին շուտով, շա՜տ շուտով լսելու նպատակով շատերը հերթ կկանգնեն, բարձր կվճարեն, եւ ոչ միշտ կհաջողվի տոմսակ ձեռք բերել իր մասնակցությամբ համերգային երեկոների համար»:

Գրիգի, Ռախմանինովի եւ Չայկովսկու ստեղծագործությունների հունչն ու ոգին հաղորդելու իր կերպն ունի ընդգծված արտիստականությամբ երիտասարդ բասը: Ա.Ներսիսյանի հետ տարբեր ծրագրերով ելույթ են ունեցել նաեւ Ռուսական արվեստի թանգարանում, արիաներ եւ ռոմանսներ կատարել Սլավոնական համալսարանում,  գեղեցիկ ծրագիր ներկայացրել բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի հոբելյանական միջոցառմանը եւ այլն: Չնայած իր վաղ երիտասարդությանը՝ իր մեկնություններում հասուն էր, խիստ հավաք, համակրելի – արտիստիկ, ամեն ֆրազի մեջ խորացած, ուստիեւ՝ համոզիչ, ունկնդրին ընդունելի ու հասկացված: Հովհաննեսը բարդ եւ ծավալուն ծրագիր էր պատրաստել խաչատրյանական «Երաժշտական հինգշաբթիի» համար. Գրիգի աշխարհիկ բնույթի «En svane» եւ «Ich liabe dich» երաժշտական երկերի կատարումներն աչքի ընկան անբռնազբոսությամբ, որ լուրջ ու հիմնավոր աշխատանքի արդյունք էր: Երաժշտի ջանքը սքողված էր դերասանական բնական պահվածքով, նրան հաջողվում էր նվաճել հանդիսականի համակրանքը թե՛ թավ ձայնի հունչով, թե՛ ամեն անգամ փոփոխվող կերպավորումներով, ու սա եւս բնատուր շնորհ է… «Ոչ մի խոսք, ո՜հ, իմ ընկեր», «Օրհնյալ լինեք, անտառներ» ռոմանսները՝ առնված Չայկովսկու հարուստ ստեղծագործությունից, երիտասարդ բասը հնչեցնում էր նույնքան հույզով՝ հաղորդելով հեղինակի ներաշխարհի ալեկոծումն ու հանդարտությունը, սիրո տարվածությունն ու բնությամբ հիացումի զգացումը: Տարաբնույթ էին նաեւ Ռախմանինովից առնված կտավները. սիրո տառապալից հուսակտուր կանչերով («Օ՜, ոչ, աղաչում եմ, մի՛ հեռացիր» ռոմանսում), անիրական անրջանքի պատկերներով («Երազ»), ռուսական ավանդական երաժշտարվեստի հիմնային տարրերով, տաք, արեւելյան երանգներով լեցուն սիրերգով («Մի՛ երգիր, գեղուհի, ինձ մոտ»): Նաեւ արիա՝ նույն հեղինակի «Ալեկո» օպերայից՝ ահեղահունչ, բամբ: Սակայն համերգային  ամենից զգայացունց պահը (գոնե ինձ համար) Ռախմանինովի «Քրիստոս հարյավ» հոգեւոր երգն էր՝ համամարդկային ցավի ապրումով, միաժամանակ՝ օրհնաբանությամբ եւ ոչ մարմնական հրճվանքի զգացումով լեցուն…

-Արտիստիզմը, դերին ներդաշնակվելը, նրանում տարրալուծվելն անհրաժեշտ է, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե ինչ եմ ներկայացնում,- ասում է երգիչը,- եւ ես էլ ցույց տամ, որ հասկանում եմ, թե ի՛նչ եմ ներկայացնում:

Հովհաննեսն ուշ պատանեկան հասակից է միայն լրջորեն երաժշտությամբ զբաղվել: Մինչ այդ սիրողական մակարդակով երգել է զանազան միջոցառումների, հանդիսությունների, հատկապես իր ռուսաց լեզվի ուսուցչուհու՝ Նոնա Խաչատրյանի դրդմամբ  մասնակցել եւ հաղթել «Բարեկամության կամուրջ» հանրապետական մրցույթում: Ապագայի նախագծումները կտրուկ փոխվել են տասնվեց տարեկանում, երբ արդեն իրավագիտություն էր սովորում Գյումրու բուհում: Լսեց մասնագետների խորհուրդը՝ լրջորեն զարգացնելու իր երգչական բնատուր ունակությունները: Վոկալի դասեր առավ Երազիկ Հարությունյանից, եւ վերջինս էր, որ գնահատեց պատանու բնատուր ձայնի որակը, պնդեց սոլֆեջոյի դասեր առնել, իսկ քիչ ժամանակ անց պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի երաշխավորությամբ Գյումրուց տեղափոխվեց Երեւան՝ ուսանելու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Երգել է Սուրբ Զորավոր եկեղեցու եւ Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո գործող «Գանձեր» երգչախմբերում: Ի՞նչ է աղոթքն իր համար: Ասում է. «Սիրելով հոգեւոր երաժշտությունը՝ թե՛ վոկալ առումով, թե՛ մարդկային, շատ բան փոխվեց հոգումս:  Նրբություն ու խորք հաղորդվեց երգիս, իսկ հոգումս զիջելու ունակությունը զարգացավ, խոնարհությունը, համեստությունը, վարքագիծ ու բնավորության գծեր, որ հաճո են իմ սրտին»:

Մասնակցել եւ բարձր մրցանակային տեղեր է շահել մի շարք մրցույթներում, բայց՝ գոռոզության ոչ մի նշույլ: 2016-ի գարնանն ուսանողական ֆիլհարմոնիայի կազմակերպած մրցույթում Կոմիտասի «Մոկաց Միրզայի» կատարման համար արժանացել է առաջին մրցանակի: Մեկ տարի անց դարձել է Տաթեւիկ Սազանդարյանի անվան մրցույթի հատուկ մրցանակակիրը, իսկ 2017-ին երկրորդ տեղը գրավել Նոդար Անդգուլաձեի անվ. օպերային մեներգիչների միջազգային II մրցույթում:

Ի՞նչ են տալիս մրցույթներն իրեն՝ հարցնում եմ: Ու այստեղ հիշում է Սեդրակ Երկանյանի խոսքն ու խորհուրդը: Հիմա գիտե, որ մասնակցությունը կարեւոր է ինքնահաստատվելու, նաեւ հանդիսականին ըստ արժանվույն ներկայանալու, հիշվելու, ապագայի համար փորձառություն կուտակելու, նոր բեմեր ելք ունենալու համար: Մաեստրոյի հետ հանդիպումը 2016-ին էր, երբ առաջին անգամ առանց նվագակցության Կոմիտասի «Մոկաց Միրզան» երգեց: Տպավորությունը դրական էր, եւ ամիսներ անց Ս. Երկանյանը երիտասարդին հրավիրեց իր ղեկավարած՝ «Տաղարան» համույթի նեգրո-սպիրիչուըլների համերգում երգելու: Վկայեմ՝ այնքան ներդաշնակված էր այդ համերգին Հովհաննեսի երգեցողությունը մնացյալ երգիչ-երգչուհիների ձայներին, այնքան անկաշկանդ, որ հասարակ հանդիսականի մտքով չէր էլ կարող անցնել, որ սա իր անդրանիկ ելույթն է այս կազմով «Տաղարանի» հետ: 2016-ի տարեվերջյան համերգն այնքան տպավորիչ էր, որ երգիչը հրավիրվեց  մասնակցելու համույթի՝ Գյումրիում տրվելիք համերգին: Եվ դարձյալ հաջողություն. ջերմ ծափողջույններով գյումրեցիներն ընդունեցին «Այգուն, այգունն» ու «Լուսնյակ գիշերը»՝ իրենց խոստումնալից համաքաղաքացու կատարմամբ: Հաջորդը մասնակցությունն էր «Տաղարանի» բարոկկո երաժշտության համերգին, որում երգեց արիա Հենդելի օպերաներից: Հատուկ իր ձայնաբաժնի համար Ս.Երկանյանը գրեց «Իգդիրի հորովելները»:

Մաեստրոյի վստահությունը պարտավորեցնող էր: Հովհաննեսն ասում է՝ հորովելը մեր երաժշտության բարձրագույն ժանրերից մեկն է: «Իգդիրի հորովելներն» իրեն հեշտ չտրվեց: «Այդ երաժշտության երկանյանական զգացողությունը պիտի ընկալես, որ կարողանաս երգել,- մտորում է Հովհաննեսը: – Ծանր, դժվար գործ էր իմ տարիքի համար: «Տաղարանի» երաժիշտները ՝ յուրաքանչյուրն իր հերթին պատրաստ էին աջակցելու, մասնագիտորեն ուղղորդելու… Առաջին փորձից հետո գնացի եկեղեցի, աղոթքս ավարտելով՝ բացեցի նոտաները, փորձեցի դարձյալ եւ, ներքին ուժ ու վստահություն առնելով, նույն օրը վերադարձա Կամերային երաժշտության տուն, ներկայացա մաեստրոյին: Եվ երգս ստացվեց… Պատասխանատվությունը, որ ինձ է վստահվել նման գործ, նվագախմբի սրտակից ու հոգատար վերաբերմունքը, աղոթքիս ուժն ինձ մղեցին լավ երգեցողության: Ես ներքին պայքարով հասա դրան»:

Հորովելների երկանյանական մշակումից տպավորությունն այնքան հզոր է, որ հավասարազոր է մի ողջ համերգային բաժնի: Ու թե Աստծո տաճարներում օրատորիաներ են հնչում, ապա բնության տաճարի ամենաազդեցիկ երգեցողությունը, երկանյանական մշակումների շնորհիվ, թերեւս հենց հորովելներն են… Մեղեդու մուտքը՝ առաջին իսկ  նոտաներից, դրամատիկ պատկեր է մատուցում. ծանր, քրտնաթոր աշխատանքի ելած հողի մարդու հոգու ոգորումն է, ամեն կանչ ասես հուսառատ աղոթք լինի, որում «Հայր մերի» փոխարեն հույզի տարբեր հնչերանգները հաղորդող կանչեր են հնչում: Հովհաննես Կարապետյանը հաղորդում է «Իգդիրի հորովելների» ողջ դրամատիկ ուժը: Նրա բասը՝ առնականության խորհրդով, մերթ նուրբ հունչ է ստանում, մերթ դրամատիկ ելեւէջում, հողի մարդու հառաչ-հունչերը, կանչ-աղաչանքներն այնքան բազմաձայն են, որ ասես ոչ թե երգ հնչի, այլ բազմամաս բարդ ստեղծագործություն:

«Կարող եմ վստահորեն փաստել,- շարունակում է երիտասարդ բասը,- որ մաեստրոյի հետ  համագործակցության շնորհիվ իմ մեջ կրկնակի, եռակի աճ եմ զգացել: Եթե դասախոսս վոկալ առումով ինձ ճիշտ ուղու վրա է դրել, ապա Ս. Երկանյանն այլ կերպ է ինձ երաժշտական դաստիարակություն տվել: Ինքն ինձ համար դարձավ դասախոս, երաժշտության մեջ՝ ավագ ընկեր, խորհրդատու: Երբ մտորումներ եմ ունեցել ինչ-որ երաժշտական երկ ընտրելու հարցում, իր կարծիքն եմ հաշվի առել»:

Նշանակալից են Հովհաննեսի գլխավոր դերերգերը Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայում բեմադրված  Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» եւ Մոցարտի «Դոն Ջովանի» օպերաներում: Հատուկ ընդգծենք դրանցում նրա թե՛ ձայնային հատուկ տվյալները՝ լեցուն, հասուն բասը, թե՛ դերակատարման բոլոր դժվարությունները թեթեւորեն հաղթահարելու, նրբությունները հաջողությամբ հաղորդելու ունակությունը, որոնց գումարվում էին իր բնատուր արտիստիզմը, իմպրովիզներ անելու երեւակայությունն ու համարձակությունը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  

Նախորդ գրառումը

Բռնարարներին էլեկտրոնային բազկօղակ կհագցնեն

Հաջորդ գրառումը

Սուտ խոստումներ տալուց առաջ մաթեմատիկա սովորեք

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Սուտ խոստումներ տալուց առաջ մաթեմատիկա սովորեք

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական