Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Միջոցառում նվիրված Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին

Մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Վարդան Դեվրիկյանի «Վասպուրականի արծիվը հայ  գրականության անդաստանում» գրքի շնորհանդեսը: Գրքի ծավալը 376 էջ է եւ  նվիրված է Ամենայն Հայոց կաթողիկոսի, «Վասպուրականի Արծվի» Հայոց Հայրիկի՝  Մկրտիչ Խրիմյանի ծննդյան 200-ամյակին:

Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի  անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Գրքում Խրիմյան Հայրիկի ազգային-եկեղեցական գործունեության ընդհանուր համատեքստում ներկայացվում են «Վասպուրականի Արծվի» գրական,գեղարվեստական ու հոգեւոր կրոնական բնույթի գործերը, հրապարակախոսությունը եւ քարոզները:

Ելույթ ունեցան Բագրատ արք. Գալստանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, Վարդան Դեվրիկյանը եւ այլք:

Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին Վանի Այգեստան քաղաքամասի «Յայնկոյսներ» անվանվող թաղամասում: Հայոց Հայրիկը վախճանվեց 1907թ.` ապրելով 87 տարի:

Գիրքն ունի հետեւյալ բաժինները` «Կյանքի առաջին շրջանը», «Երկնային արքայության մարգարիտը», «Երկաթյա շերեփի ճանապարհին», «Վասպուրականի արծվի հրեղեն քարոզները», «Խրիմյան Հայրիկի բանաստեղծական աշխարհը», «Պատգամ կտակը հայոց Հայրիկի» եւ այլն:

«Խրիմյանի գործերի թեմատիկ եւ գաղափարական  հարցադրումների հանրագումարն է «Պապիկ եւ թոռնիկը»: Այն միաժամանակ Հայոց Հայրիկի  կտակ  պատգամն է` ուղղված հայ ժողովրդին: Ինչ չափով, որ հայ գյուղացիությունը առանցքային տեղ էր գրավում «Վասպուրականի  Արծվի» համար, այդ չափով այս ստեղծագործությունը ուղղված էր հայ գյուղացիությանը՝ որպես հայ ժողովրդին»,- գրում է Վ.Դեվրիկյանը:

Փորձ է արվում վեր հանել յուրաքանչյուր ստեղծագործության  գրությունը պայմանավորող շարժառիթները, ինչպես նաեւ մատնանշել այդ երկերի կապը մեկնաբանական եւ հայ միջնադարյան գրականության ավանդների հետ:

Գիրքն ունի նաեւ պատմաճանաչողական նշանակություն:Կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր