Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մինասի երկու որմնանկարները տեղափոխվել են նկարչի Ջաջուռի թանգարան

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները օրեր առաջ ՀՀ կառավարության շենքից տեղափոխվել են նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղի (Շիրակի մարզ) իր թանգարան: Այս մասին կառավարության համապատասխան որոշում էր եղել դեռ հունիսի 26-ին, իսկ նախկին տեղից հանելը, տեղափոխելն ու վերատեղադրելը նուրբ եւ ժամանակատար աշխատանք է:

Մեծ նկարիչն իր տարբեր որմնանկարներն արել է 1970-1974 թվականներին՝ Շիրակի մարզի արտադրական, մշակութային եւ այլ կառույցներում ու Երեւանում: 1988-ի երկրաշարժից հետո, երբ նաեւ շենքերից շատերը տուժել էին աղետից ու  որմնանկարները վնասվել կամ վտանգվել, առաջ էր եկել դրանք կորստից փրկելու, նորոգելու ու ապահով պայմաններում տեղադրելու անհրաժեշտություն: 2008 թվականին սկսվում է «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը, իտալացի մասնագետների ներգրավմամբ այն 2009 թվականին վերականգնված   տեղափոխվում է նկարչի տուն-թանգարան: Իսկ 2010 թվականին հիշյալ երկու որմնանկարները վերականգնվելով, կառավարության որոշմամբ Լենինական-Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքից տեղափոխվում են Երեւան՝ ՀՀ կառավարական համար 1 շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճ, բողոքի ալիք բարձրացնելով Գյումրու հասարակության շրջանում: Նման հակազդեցություն էր առաջացել նաեւ քաղաքի երկու տարբեր գործարանների շենքերում եղած «Երկանք» եւ «Թել են մանում» որմնանկարների մայրաքաղաք տեղափոխման հետ կապված, որոնք վերականգնումից հետո տեղադրվել եւ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում: 

Ինչպես ժամանակին հայտնել է գեղանկարչի որդին՝ Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը, ի վերջո Մինասի գրեթե բոլոր որմնանկարների խնդիրը դրական լուծված է, ընդհանուր 11-ից միայն 1-ը հնարավոր չի եղել փրկել, դրանից մնացած հատվածը ցուցադրվում է թանգարանում: Որմնանկարները գտնվում են Գյումրիում, Շիրակի Ազատան, Վահրամաբերդ գյուղերում, Երեւանում: Դրանք համարվում են պետական հուշարձաններ:

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարների «տունդարձը» ողջունելի իրադարձություն է: ԿԳՄՍ նախարարության գնահատմամբ, այդ տեղափոխումը հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաեւ հանրության համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով՝ դրանք տեսնել:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ