Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Մեծ դուդուկահարը

Թավրիզում լույս տեսնող իրանական «Ղորուբ»  պարբերականն իր վերջին համարներից մեկում պարսկերենով հրապարակել է Իրանի աշուղական արվեստի զարգացմանը նշանակալի նպաստ բերած հայազգի անվանի դուդուկահար Առաքել Բալայանի՝  «Մեծ դուդուկահարը»  խորագրով  կենսագրական հոդվածը, որի թարգմանությունը ներկայացվում է հատվածաբար:

Աշուղական արվեստին քիչ թե շատ ծանոթ  թավրիզցիները հաստատ կհիշեն  դուդուկահար  Առաքել Բալայանին,  կամ առնվազն  լսած կլինեն նրա բացառիկ կատարողական արվեստի մասին:

Առաքելը ծնվել է 1888 թվականին՝ Ղարադաղի (Փայտակարան) Նեփեշտ գյուղում: Պատանեկության տարիներին նրան հմայում են ծիրանափողի կախարդական հնչյունները: Երաժշտության նկատմամբ ունեցած բացառիկ օժտվածության շնորհիվ նա կարողանում է շատ արագ տիրապետել  դուդուկի  միջոցով հույզերն արտահայտելու նրբին արվեստին:   
Առաքելը տակավին երիտասարդ էր, երբ կորցնում է մորը: Կյանքը դասավորելու համար նա ամուսնանում է,  ու  նրանք    լույս աշխարհ են բերում  երկու դուստր ու մեկ որդի:
Իր բնակության վայրում  աշխատանք գտնելու սահմանափակ հնարավորությունների պատճառով Առաքելն ստիպված է լինում արտագաղթել մեծ քաղաքներ: Նախ հայտնվում է Բաքվում, ապա  նաեւ՝  Գանձակում,  որտեղ  էլ  բնակություն է հաստատում:

Կնոջ անժամանակ մահը մեծ հարված է հասցնում Առաքելին, եւ քանի որ  փոքրահասակ զավակները  խնամքի կարիք ունեին, նորից է ամուսնանում:

Գանձակում ապրած տարիներին, բանվորությունից բացի, երաժշտությունը թե՛ որպես ժամանցի եւ թե՛ զվարճանքի միջոց,  դառնում է նրա առօրյայի անբաժան ուղեկիցը, որի շնորհիվ էլ գնալով ավելի էր վարպետանում:

1937 թվականին Խորհրդային Միությունն  իր երկրի քաղաքացիությունը չստացած անձանց ստիպում է լքել երկիրը: Այդ էր պատճառը, որ անվտանգության ծառայողները գիշերով Առաքելին գնացք են նստեցնում  ու Թավրիզ ուղարկում: Մեկնումն  այնքան անսպասելի էր, որ Առաքելը նույնիսկ չի  հասցնում հրաժեշտ տալ  ընտանիքին:

Թավրիզում Առաքելը դժվար ու կարոտով լի օրեր է անցկացնում: Գնալով մարում էր ընտանիքի հետ վերամիավորվելու Առաքելի հույսը, ինչը հոգեկան տառապանք էր պատճառում նրան:

Այդ օրերին Առաքելը դիպվածաբար ծանոթանում է իր ստեղծագործական կյանքի հետագա ընթացքի վրա խոր հետք թողած  Աշուղ Հուսեյն Ջավանի հետ, որ տարիներ անց պիտի հռչակվեր որպես Ատրպատականի անվանի աշուղներից ու բանաստեղծներից մեկը: Երկու արվեստագետների համագործակցությունն ու ընկերակցությունը նպաստ է բերում  Թավրիզի աշուղական արվեստի զարգացմանը: Դա համընկնում է երկրորդ աշխարհամարտից հետո Ատրպատականում ձեւավորված  Խորհրդային Միության դրածո  իշխանության կառավարման օրերին:  Այդ շրջանում  երկու արվեստասերների  գործունեության վայրը դառնում է Թավրիզի ռադիոն:

Յոթ  տարի տեւած տառապալի սպասումից հետո, երբ այլեւս Գանձակ վերադառնալու հույսը մարում է,  Առաքելն իր ընկերների հորդորով կրկին ամուսնանում ու ընտանիք է կազմում: Այս անգամ էլ է Առաքելի նորակազմ ընտանիքում ծնվում են  երկու դուստր եւ մի որդի:
Ցավոք, Առաքելի ու աշուղ Հուսեյն Ջավանի  համատեղ ստեղծագործական կյանքը  երկար չի տեւում, ու Ատրպատականի «Ազգային  իշխանության» հեռացումից հետո,  Խորհրդային Միության դրածո կառավարության հետ համագործակցելու կասկածանքով հետապնդվող  աշուղ Հուսեյն Ջավանը  ստիպված  արտագաղթում է Բաքու:  Հաշվի առնելով աշուղ Հուսեյն Ջավանի  հետ Առաքելի մտերմիկ հարաբերությունները, Իրանի նոր իշխանությունները ժամանակ առ ժամանակ  Աշուղի հետքերը գտնելու համար այցելում էին Առաքելին, ենթադրելով, որ նա կարող է տեղյակ լինել   Հուսեյնի թաքստոցից:

Հետպատերազմյան շրջանում Իրանում տիրող քաղաքական անբարենպաստ պայմաններից  ելնելով՝ Առաքելն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Ղարադաղի Վողան գյուղը, որտեղ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով ու    հարսանյաց հանդեսներին դուդուկ նվագելով:

Վեց տարի Ղարադաղում բնակվելուց հետո, իր զավակների կրթությունն ապահովելու նպատակով վերադառնում է   Թավրիզ, որտեղ արդեն քաղաքական շիկացած մթնոլորտը խաղաղվել էր, ու սկսում է համագործակցել քաղաքի աշուղական համայնքի  ներկայացուցիչների հետ: Նա  Թավրիզի  սրճարաններում եւ այլուր  զբաղվում է երաժշտությամբ:

Հայ երաժիշտը  կատարելապես  տիրապետում էր իր գովերգած նվագարանին: Այդ պատճառով էլ Թավրիզի աշուղներից շատերը  աշակերտել են նրան:

Առաքելը թեեւ ազգությամբ հայ էր, բայց նրա այլադավան լինելու հանգամանքը  որեւէ կերպ չէր անդրադառնում  աշուղական համայնքի հետ իր բարեկամական հարաբերությունների վրա: Նա շարունակում էր կարոտով հիշել Թավրիզը լքած իր մտերիմ ընկերոջը՝ աշուղ Հույսեյն Ջավանին:   Նույնիսկ այն տարիներին, երբ Առաքելը տառապում էր  հիշողության կորուստով, իր զավակների անուններից բացի հաճախ մտաբերում էր նաեւ  Աշուղ Հուսեյնին  ու հուզվում:

Առաքելին այդպես էլ չհաջողվեց հանդիպել իր առաջին կնոջից ունեցած զավակներին: Իսկ Ստալինգրադի ռազմաճակատում զոհված որդու մասին բոթը ցնցում է զառամյալ հորը:
Թավրիզի աշուղական համայնքում արժանի տեղ զբաղեցրած հայազգի երաժիշտը 1975 թվականին Թեհրան քաղաքում կնքում է իր մահկանացուն:

Պատրաստեց  ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ