Azg.am-ի զրուցակիցն է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
-Պարո՛ն Սրապիոնյան, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առժամանակ առաջ հայտարարել էր, որ սեպտեմբերից դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչներ, և կունենանք ամբողջովին նոր դասագրքեր։ Ըստ այդմ՝ հայ գրականության դասագրքերից կհանվի միջնադարյան գրականությունը՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Սայաթ Նովա։
Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը։
-Տեսեք, ծրագրերից ծանոթ եմ 10-րդ դասարանի ծրագրին, որն ուղղակի մի խայտառակ բան է։ Այդ ծրագրից նույնիսկ Րաֆֆին որպես ընթերցանության նյութ է տրված։ Փոխարենը` կասկածելի ծագման և մեզ ոչինչ չտվող գրականություն է ներառված։
Սա այլ բան չէ, քան իրենց թուրք տերերի պահանջների անխաթար կատարում, որովհետև այստեղ նպատակ է հետապնդվում մեր մշակույթի պատմությունը կտրել, կրճատել, դնել թուրքական մշակույթի կողքին։ Տեսեք, մինչև 18-րդ դարը ներառյալ՝ գրականությունը հանվել է։ Մինչև դա, թուրքական գրականության որևէ արժեքավոր նմուշ չեք կարող մատնանշել։ Անգամ թուրքերենը չի եղել, ուր մնաց՝ թուրքական գրականություն։
Թուրքերն ու ադրբեջանցիներն անընդհատ ուզում են մեր մշակութային արժեքները յուրացնել՝ հոգևոր և նյութական։ Հիմա նրանք ասում են, որ հայկական և թուրքական մշակույթները հասակակիցներ են, երկու ժողովուրդները՝ մշակութապես հավասար ժողովուրդներ, և նախորդ մշակութային արժեքներ առհասարակ չեն եղել։ Որովհետև եթե ուղեցույց չի տրվում, որպեսզի երեխան հասկանա, թե իր մշակութային սկիզբը որտեղից է գալիս, նա գաղափար չի ունենա սեփական մշակույթի մասին, և սխալ պատկերացումները հետո կվերածվեն համոզմունքի։
-Պարո՛ն Սրապիոնյան, ինչո՞ւ, ըստ Ձեզ, հենց միջնադարյան գրականությունը։
-Որովհետև այն անչափ արժեքավոր է։ Դարասկզբին շատ լուրջ բանավեճ էր գնում Նահապետ Քուչակի անձի գոյության կամ չգոյության շուրջ։ Կային նաև հայ մասնագետներ, որոնք հերքում էին Քուչակի գոյության փաստը։ Այսօր էլ դժբախտաբար նման մարդիկ կան։ Եվ ի՞նչ էր այն ժամանակ ասում համաշխարհային գրականության մեր քաջահմուտ տեսաբան Արշակ Չոպանյանը, ով հրաշալի գիտեր ամբողջ եվրոպական մշակույթը. նա ասում էր՝ «Եթե Նահապետ Քուչակ անուն մը եղած չըլլար, ատեն մը հորինվելու էր այս գողտրիկ երկերը տեր դարձնելու»։ Որովհետև եթե այս երկերն անտեր մնան, ուրիշներն անմիջապես պետք է վերցնեն դրանք և դարձնեն իրենցը։
Հիմա այս վիթխարի հարուստ մշակույթը, որի հանդեպ ուզածդ եվրոպական ազգ իր պատմության կեսից կհրաժարվեր, միայն թե ունենար մշակութային այդ ժառանգությունը, սրանք ոչնչացնում են, և այդ մշակույթն, ըստ էության, դառնում է օտարի սեփականություն։
-Տեղյա՞կ եք՝ ովքեր են հայ գրականության դասագրքերի հեղինակները կամ ինչպես են նրանք, որպես մասնագետներ, համաձայնել դպրոցական դասագրքերից դուրս թողնել հայ միջնադարյան գրականությունը։
-Ես չգիտեմ՝ ովքեր են այդ դասագրքերի հեղինակները, ինձ իրավունք չեմ վերապահում կարծիք կազմել, որովհետև այդ դասագրքերը ո՛չ փորձաքննություն են անցել, ո՛չ որևէ մասնագիտական քննարկման են դրվել։ Ովքե՞ր են դրանք կազմել, ի՞նչ նպատակով, ոչ մեկին հայտնի չէ, այդ պատճառով էլ, կարծում եմ, կարծիք հայտնելն անշնորհակալ գործ կլինի։ Բայց դատելով այն նպատակներից, որոնց մասին ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, նրանք մատաղ սերնդի մտածողությունը աղավաղելու, ապականելու միտում ունեն։ Թերի մտածող երեխաներ կամ քաղաքացիներ դաստիարակելու միտում կա։ Սա է խնդիրը. ինչպիսին քո պատմությունն է, այնպիսն էլ քո ըմբռնումն է։ Դու աղավաղում ես պատմությունը, քո ըմբռնումը իրականության և աշխարհի նկատմամբ աղավաղվում է. այլ կերպ չի կարող լինել։
Սա իրենց առաջին քայլերից էր, երբ եկան իշխանության. խաչակրաց արշավանք հայտարարեցին հայագիտության, հայկականության դեմ։ Հիմա դպրոցական դասագրքերից միջնադարյան գրականության հեռացումն այդ քաղաքականության շարունակությունն է։
Ռուսներն էլ ժամանակին փակեցին հայկական դպրոցները, ստեղծեցին ռուսական դպրոցներ, բայց կարճ ժամանակ անց ամեն ինչ ընկավ իր տեղը։
Բայց վաղը-մյուս օրը, երբ ՀՀ ներկա իշպանությունները զրկվեն իրենց լծակներից, ամբողջ այդ այլանդակությունը կնետվի պատմության աղբանոցը, և կգան կրթական շատ ավելի ճկուն և ընդունելի, ազգային համակարգեր, և ամեն ինչ կընկնի իր տեղը։
-Պարո՛ն Սրապիոնյան, ափսոս միայն, որ հայ մի քանի սերունդ այդ ընթացքում չի ծանոթանա միջնադարյան հայ գրականությանը՝ չիմանալով, օրինակ, ով է Սայաթ-Նովան։
-Ես համաձայն եմ. անշուշտ շատ բարդ է լինելու դարձի խնդիրը, բայց հնարավոր է լինելու։
-Փաստորեն, կարող ենք փաստել, որ ինչպես շատ այլ որոտներ, հայ գրականության ոլորտը ևս ՀՀ գործող իշխանությունների կողմից ավերվում է։ Նրանք նոր սերնդին որպես մանկուրտ են ուզում դաստիարակել։
-Իհարկե՛, թուրքերի և ադրբեջանցիների նպատակը հայ ազգի ազգային մտածողության վերջնական կործանումն է։ Մարդ կար, որ ժամանակին բարձրագույն պաշտոն էր զբաղեցնում և ասում էր՝ ազգային գաղափարաբանությունը հնացած կատեգորիա է։ Սա այս քաղաքական գծի շարունակությունն է։ Սրանք ոչնչացնում են մեր ինքնության մնացորդները, որպեսզի ցույց տան, որ իրենք՝ իբր սպասարկող անձնակազմ, ամեն ինչ իդեալական են կատարում․ մենք սրա դեմ պայքարել և պայքարելու ենք, վերականգնելու ենք բոլոր աժեքները։
-Մտավախություն ունե՞ք, որ ՀՀ իշխանությունները հաջորդը կասկածի տակ կդնեն հայկական մանրանկարչությունը, միջնադարյան երաժշտությունը, հայ մշակյույթի մյուս կարևոր ատրիբուտները։
-Իհարկե՛, երաժշտությունը, նկարչությունը, արվեստի բոլոր ճյուղերը, որտեղ մեր ազգային դիմագիծն է երևալու։ Նրանք ոչնչացման գործընթաց են սկսել, այն դանդաղ ընթացքի մեջ է։ Այս մարդկանց խոսույթում հայ մեծ նկարիչների, երաժիշտների, ճարտարապետների անուններ չկան։ Հայ մշակույթը մոռացության տալը, դրա մասին չխոսելն էլ ձևերից մեկն է։