Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի կողմից այն սահմանվել եւ նշվում է 2000 թվականից (Հայաստանում՝ 2005-ից)՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածությանն աջակցման օր: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված ցուցահանդես: Ցուցադրվել են ըստ նախարարության հանձնարարականի հանրապետության դպրոցականների ներկայացրած աշխատանքները: Հիրավի գնահատելի միջոցառում՝ ուղղված մեր հասարակության լիիրավ մաս կազմող ազգային փոքրամասնությունների ավանդույթների, մշակութային, լեզվական, կրոնական, կենցաղային առանձնահատկությունների ճանաչմանն ու դրանց զարգացմանն աջակցությանը:
Օրը առիթ էր կարեւորելու, նաեւ, Հայաստանում պետական ու պաշտոնական մեր մայրենի լեզուն, անդրադառնալու նրա գործածության ու երկրում վարվող լեզվական քաղաքականության ներկա վիճակին, նաեւ առկա խնդիրներին: Ինչը համենայն դեպս չտեսանք, որ արվեր պետական իշխանության մակարդակով:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը նշված առումներով:
Լեզվական քաղաքականության՝ երկրի ընդհանուր պետական քաղաքականության մի կարեւոր մասի հիմնադրույթները սահմանված են մեր Հիմնական օրենքով: ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ կետում ասված է. «Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետական հոգածության եւ պաշտպանության ներքո են»: Հայերենի պետական կարգավիճակը սահմանված է նույնի 20-րդ հոդվածով: «Լեզվի մասին» ՀՀ ուղենշային օրենքն ընդունվել է 1993 թվականին եւ հետագա որոշ փոփոխություններով ու լրացումներով գործում է առ այսօր: Կան նաեւ մի քանի հարակից օրենքներ: Իրավական ապահովման առումով կարծես թե խնդիրներ չկան: Խնդիրն այն է, թե օրենքներով եւ այլ փաստաթղթերով սահմանված քաղաքականությունն ի՞նչ չափով է իրագործվում:
Նկատի ունենալով մեր նաեւ լեզվագործածության ներկա վիճակը, նշենք այս հարցում մի էական բաց: Խոսքը գրական հայերենի՝ որպես ՀՀ պաշտոնական լեզվի նորմավորման, կանոնակարգման մասին է: Խորհրդային տարիներին այն իրականացվում էր գործող Տերմինաբանական կոմիտեի միջոցով, որը մեծ ծավալի կշռադատված, բազմակողմ մասնագիտական աշխատանք էր կատարում, գրավոր ու բանավոր խոսքում գործածվող լեզվական տարբեր ձեւերի, սխալների ու զուգաձեւությունների վերաբերյալ պարտադիր ուժ ունեցող ուղղորդիչ որոշումներ կայացնում: Պարտադիր, որովհետեւ կոմիտեն նաեւ գործում էր հանրապետության կառավարությանն առընթեր, նրա նախագահն էլ ի պաշտոնե կառավարության ղեկավարի՝ գործին քաջատեղյակ մի տեղակալն էր: Այդքան կարեւորվում էր լեզվի խնդիրը: Ցավալիորեն հենց անկախացած Հայաստանում կոմիտեն վերացվեց, ստեղծված Լեզվի տեսչության կարգավիճակն իջեցվեց՝ այն դարձավ կրթության նախարարության ստորաբաժանում: Եվ եթե նախորդ կառույցի համապատասխան գործառույթը շարունակելու համար սկզբում գոնե ստեղծվեց Հայերենի բարձրագույն խորհուրդը, այն եւս կարճ կյանք ունեցավ, որովհետեւ շուտով վերացվեց: 2018 թվականի ապրիլից էլ լեզվի տեսչության փոխարեն սկսեց գործել Լեզվի կոմիտեն:
Լեզվական այս մարմինն էլ, որի ներգործության հնարավորություններն էլ անհամեմատ պակաս են, գործում է այն կառավարության նախարարության համակարգում, որը որոշելով Հայաստանը դարձնել «բարձրտեխնոլոգիական արդյունաբերության երկիր», սկսել է խորթ աչքով նայել հայագիտությանը: Եվ, օրինակ, հանրակրթության նոր չափորոշիչով հայոց լեզուն մեր դպրոցի համար դարձվել է ընդամենը լեզվական հաղորդակցության եւ գիտելիքներ ձեռք բերելու միջոց: Կամ, ասենք, երբ 2019 թվականին Ռումինիայում հատուկ ընդունված օրենքով հոկտեմբերի 12-ն այդ երկրում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր, այդ նույն ժամանակ Հայաստանում ասպարեզ բերված օրինագծով մեր բուհերում ոչ պարտադիր է դարձվել Հայոց պատմության, Հայոց լեզվի եւ գրականության գոնե երկու տարվա ուսուցումը, ապա կարծեմ նաեւ հայոց լեզվի ընդունելության քննությունը: Եվ մեր ապագա մտավորականը, մասնագետը պիտի բուհում օտար լեզուներ անցնի, օտար լեզուներով կրթական ծրագրեր կամ առանձին դասընթացներ անցնի, բայց իր մայրենի լեզվի գոնե տանելի գրագիտություն ու մասնագիտական եզրաբանություն՝ ոչ:
Միչդեռ այո, Հարվարդի, Քեմբրիջի համալսարաններում, Սորբոնի համալսարանում գուցե կարող են եւ չանցնել իրենց անգլերենը կամ ֆրանսերենը (թեեւ հավանական չի թվում ու իրականում հակառակը, աշխարհո՛ւմ են տարածում), ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի պատմությունը, նրանք գուցե խնդիր չունեն, իսկ մենք ունենք… Վկա՝ նաեւ մեզանում այսօր տիրող խայտառակ լեզվավիճակը: Ասենք նաեւ՝ մեր հասարակության անհոգ, տեղ-տեղ արհամարհոտ դարձած վերաբերմունքն այդ վիճակին, հայերեն լեզվամտածողությանը խորթ եւ մեր լեզվի տրամաբանորեն կուռ կառուցված համակարգը խարխլող օտարամույծ բառային ու շարահյուսական միավորների վտանգավոր, անքննադատ տարածվածությունը բանավոր ու գրավոր, այդ թվում մասամբ նաեւ պաշտոնական խոսքում:
Մեր մայրենի լեզուն մեր մշակույթի, մեր ինքնության հիմնաքարն է, իր արժանիքներով՝ հպարտության, պաշտամունքի, նաեւ գուրգուրանքի արժանի: Նրա ոչ պատշաճ կարեւորման մի ցավալի դրվագ վերջին տարիներից մնացել է հիշողությանս մեջ: Մի կարճ ժամանակ մշակույթի նախարարի պարտականությունները կատարած Նազենի Ղարիբյանը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի այն ժամանակվա, եթե ճիշտ եմ հիշում, միաժամանակ գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատել էր միայն տնօրենի պաշտոնից՝ պետական լեզվի իմացության օրենքով պարտադիր պահանջին չհամապատասխանելու համար: Ինչ վատ բաներ ասես չորս կողմից ասացին Ղարիբյանին՝ կարեւորելով իրոք անվանի արվեստագետի անձը, շատերի պատկերացմամբ՝ նրա իրավունքը: Իսկ նաեւ օրենքի պահանջով մեր պետական լեզվի իրավունքը պաշտպանելը հարգող կարծես թե չեղավ…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ