Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մա՛յր, սիրո՛ աղբյուր, արտոնի՜ր ինձ ցավակից լինել քեզ». Դավիթ Հալաջյանի «Մատեր Դոլորոզա» ստեղծագործության պրեմիերան էր

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Կանգնած է մայրը վշտագին» միջնադարյան կաթոլիկական պոեմը՝ լատիներենով, հոգեւոր նվիրում է Միածին որդու խաչելության առջեւ վշտահար եւ հուսաբեկ Աստվածամորը: Ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ բանաստեղծ Յակոբո դա Տոդիին վերագրվող «Ստաբաթ մատերը» մեղեդավորվել եւ 14-րդ դարից սկսյալ կատարվել է «Տիրամոր յոթ վշտերը» եկեղեցական տոնին, հետագայում նաեւ՝ Ավագ Ուրբաթին: 15-րդ դարից համանուն ստեղծագործությունների հեղինակներ են դարձել Ժոսքեն Դեպրեն, Պալեստրինան, Պերգոլեզին, Ռոսինին, Վերդին, Սկարլատին, Հայդնը, Շուբերտը, Դվորժակը, Շիմանովսկին, Պուլենկը, Պենդերեցկին, այլք: Եվ ահա միջնադարյան տեքստը նյութ է դարձել մի նոր հոգեւոր երաժշտական ծավալուն երկի համար, եւ այն հեղինակել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը: Նրա 60-ամյա հոբելյանն այս տարի նշանավորվեց Երեւանում իր հոգեւոր ստեղծագործությունների կատարմամբ: Ամիսներ առաջ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը հնչեց նրա «Լույսի մեսսա» մեծակտավ երկը, որ գրել է 1994 թ.-ին, եւ հեղինակի վկայությամբ` 2022-ին պատարագի վաթսուներորդ կատարումն էր՝ այդ անգամ՝ սոպարնո Ռուզան Մանթաշյանի եւ բարիտոն Գուրգեն Բավեյանի մասնակցությամբ:

Կոմպոզիտոր, խմբավար, ներկայումս Շվեյցարիայում ապրող եւ ստեղծագործող Դավիթ Հալաջյանը ծնվել է Երեւանում, ուսանել Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում, ապա եւ՝ Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ որպես ուսուցիչներ ունենալով Էդգար Հովհաննիսյանին, Ավետ Տերտերյանին, Հակոբ Ոսկանյանին: Ուսումը շարունակել է Բազելի երաժշտական ակադեմիայում, Ցյուրիխի կոնսերվատորիայում: Նրա լավագույն ստեղծագործությունների շարքում են թավջութակի եւ դաշնամուրի համար գրված սոնատը, լարային կվարտետները, «Մեսրոպ Մաշտոց» կանտատը, ջութակի կոնցերտը, «Մարդկության վտարումը» երգչախմբի եւ դուդուկի համար, «Մաշտոցի շարականը» սոպրանոյի եւ լարային նվագախմբի համար, «Շեքսպիրի սոնետների» երկշարքը՝ երգչախմբի համար, հայ բանաստեղծների խոսքերով գրված գործերը:

«Տեքստի ու երաժշտության կատարյալ ներդաշնակության, երաժշտական պատկերների աննկարագրելի հարստության, նրբագույն, գերնրբագույն աշխատանքի, անծայրածիր խորքերի ու զգացմունքայնության փառահեղ օրինակ է Ռուբեն Սեւակի բանաստեղծությունների վրա գրված՝ Դավիթ Հալաջյանի «Սիրոյ եւ մահուան երգեր» խմբերգային շարքը: Տասը տարի երգում եմ, ու ամեն անգամ նույն հուզմունքն ու նույն զգացողությունները՝ առանց մաշվելու ու միշտ թարմ ու նոր»,- կոմպոզիտորին տրված գնահատականներից մեկն է «Սաղմոսերգու» հոգեւոր արական երգչախմբի հիմնադիր, գեղ. ղեկավար եւ խմբավար Վահե Բեգոյանի գրառումը: Դ. Հալաջյանի ստեղծագործության բարձր գնահատանքն են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, «Մովսես Խորենացի» մեդալը, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը, ինչպես նաեւ շաբաթներ առաջ Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ կոմպոզիտորին հանձնած Ոսկե մեդալը:

«Մատեր Դոլորոզա»-ն գրվել է վերջերս՝ որպես արձագանք հայ ժողովրդի՝ մեր օրերում ապրած տառապանքի, կորուստների՝ չմնալով զուտ հոգեւոր երաժշտության սահմաններում, այլ բովանդակությամբ աշխարհականացած, եւ դա հենց այդպես էլ ընկալվեց երեւանյան հանդիսականի կողմից: Երկը կատարվեց նվագախմբային եւ երգչախմբային «հագեցած» կազմով՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ (գեղ.ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երեւանի պետական կամերային երգչախումբ (գեղ.ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), շվեյցարական «Ակուսմա» կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար եւ դիրիժոր՝ Դ. Հալաջյան): Շվեյցարիայից հրավիրյալ երաժիշներն էին սաքսոֆոնահար Ռեմո Շնիդերը, դաշնակահար Անահիտ Տեր-Տաճատյանը եւ թմբկահար Արսեն Տեր-Տաճատյանը: Համերգին դիրիժորական վահանակի մոտ էր հեղինակը՝ Դ. Հալաջյանը:

«Մա՛յր, սիրո՛ աղբյուր, ես զգում եմ ցավիդ զորությունը, արտոնի՜ր ինձ ցավակից լինել քեզ» տողերում ոչ միայն ողբերգության արձանագրում կա, այլ նաեւ դարման անելու, վիշտը մեղմելու ձգտում, լույս բերելու, լույսին հասնելու ձգտում: Դավիթ Հալաջյանն ընդգծում է՝ լու՛յս կա այս ստեղծագործության մեջ: Ողբերգության ժանրի ստեղծագործության ինը բաժիններում մեղեդիական կառույցի զանազանակերպ զարգացումներով՝ մեղմ ընթացքից մինչեւ դրամատիկ ծայրահեղ լարվածություն, երգչական ձայների՝ գնալով ընդգծուն, խիտ-գունային բաշխումներով՝ մե՛կ երգչախմբերի արական կազմերի կատարմամբ, ապա եւ կանանց վշտերգերով, որոնք սահունորեն անցնում են երեք երգչախմբերի հզոր երգեցողությանը, հաղորդվում է որդեկորույս մոր անդնդախոր ապրումը, որ միջնադարյան տեքստից վերածվում է մերօրյա կենդանի զգացմունքների վերծանության.

«Սու՛րբ մայր, օգնիր ամոքել խաչյալների վերքերը, իմ սիրտն ուժեղ է…»:

Մեղեդիական նույնական հարթության վրա ձայնային բազմազան կառույցներով բարդ առ բարդ խորացվում է ողբերգականությունը, միաժամանակ խոսվում է Որդուն պատճառած ցավը կիսելու, ասել է, թե՝ այդ կերպ ներքուստ մաքրագործվելու մասին՝ «Ո՜վ, կույսերի՛ կույս, թող որ կրեմ, զգամ, մտրակների պատճառած ցավը»: Հարաշարի՝ մեղեդիական մոտիվի, դարձվածքների տարբեր աստիճանների վրա փոփոխվող կրկնությամբ զարգանում է երաժշտական միտքը, որը բերում է լարվածության վերընթաց աճի՝ ի վերջո հանգեցնելով հանգուցալուծման:  Դա ցավի միջոցով ապաքինումն է, սա ապաշխարությունն է, որի միջոցով ընթանում են դեպի մաքրագործում, դեպի լույս. «Դատաստանի օրը պաշտպանիր ինձ, ո՜վ կույս շնորհալի: Երբ մարմինս մեռնի, թեւակցիր, որ հոգիս դրախտում հայտնվի». վերջին երկու՝ ութերորդ, հատկապես իններոդ մասերում երգչախմբային կատարման եւ հրավիրյալ երգչուհի շվեյցարուհի Գունհիլդ Ալսվիկ սոպրանոյի վշտի միգամածությունը սահունորեն ցրվում է լուսաշողով. այդ հուսաշողով է պսակվում Դավիթ Հալաջյանի «Ստաբաթ Դոլորոզան»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Օրակարգում արդի հայ թատրոնի հիմնախնդիրներն են

Հաջորդ գրառումը

«Աբովյանի յուրաքանչյուր խոսք դաս է»

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Աբովյանի յուրաքանչյուր խոսք դաս է»

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական