Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեն Կոռնիենկո. Երաժշտության, գեղեցկության եւ հայ ծագման մասին

10/07/2026
- 10 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Կարեն Սերգեյի Կոռնիենկոն (ծնվ. 1974, Աստրախան) ռուս դաշնակահար է, երաժշտական փոխադրումների հեղինակ: Ավարտել է Դնեպրոպետրովսկի երաժշտական դպրոցը: 15 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա՝ ուսանելու Մոսկվայի կոնսերվատորիային կից Ակադեմիական երաժշտական ուսումնարանում, տեսության եւ դաշնամուրի բաժիններում: 1993-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա, կատարողական վարպետությունը կատարելագործել Եվգենի Մալինինի եւ Վերա Գոռնոստաեւայի ղեկավարությամբ: Սկրյաբինի անվան միջազգային առաջին եւ երկրորդ մրցույթների դափնեկիր է (1995, 2000), Ռախմանինովի անվան երկրորդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր (1997): Հանդես է եկել որպես Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար եւ ակտիվ հյուրախաղերով շրջագայել տարբեր երկրներում:

Երաժշտի երկացանկում կարեւոր տեղ են զբաղեցնում դասականների սիմֆոնիկ եւ օպերային ստեղծագործությունների իր իսկ դաշնամուրային փոխադրումները: Նրա հայտնի աշխատանքների շարքում են Չայկովսկու երաժշտության հիման վրա ստեղծված դաշնամուրային սյուիտները եւ այլ ինքնատիպ փոխադրումներ:

Կոռնիենկոյի մասին մանրամասն կարելի է կարդալ նրա պաշտոնական կայքում՝ https://www.karenkornienko.ru :

–Սիրելի՛ Կարեն, դուք հայտնի եք ոչ միայն որպես դաշնակահար, այլեւ որպես դաշնամուրային փոխադրումների հեղինակ: Ստեղծագործության վրա աշխատելիս ձեզ համար ո՞րն է առաջնային՝ բնագրին հավատարիմ մնալը, թե՞ նոր գեղարվեստական կերպարի ստեղծումը:

-Բնագիրն, իհարկե, ինձ համար առաջնային է: Մարդիկ պետք է ճանաչեն բնագրի երաժշտությունը, սակայն դա բոլորովին չի բացառում միանգամայն նոր բանի ստեղծումը: Երբ գրում էի իմ փոխադրումները, առաջին հերթին ցանկանում էի դաշնամուրային միջոցներով ստեղծել նվագախմբային հնչողության պատրանք, ինչպես նաեւ բացահայտել այդ երաժշտության մեջ այն, ինչ նվագախմբին հասու չէ: Խոսքը նախ եւ առաջ ագոգիկայի (տեմպային արտահայտչական շեղումների) եւ երաժշտական նրբությունների մասին է: Նույնիսկ ամենալավ նվագախումբը շատ մեծ երաժշտական օրգանիզմ է, եւ որպեսզի այն անխափան գործի, հարկ է համակերպվել բազմաթիվ սահմանափակումների հետ, որոնք հաճախ չեն կարող հաղթահարել նույնիսկ մեծագույն դիրիժորները: Իսկ ռոյալի առջեւ դու միաժամանակ թե՛ դիրիժոր ես, թե՛ նվագախումբ:

Մի օրինակ բերեմ: Ես բազմիցս նվագել եմ Ռախմանինովի կոնցերտները նվագախմբերի հետ: Երկրորդ կոնցերտը սկսում եմ բավական զուսպ տեմպով, սակայն շուտով զգալիորեն արագացնում եմ ընթացքը: Մի քանի անգամ եղել է, որ փորձերի ընթացքում մանրամասն մշակել ենք այդ արագացումը, սակայն համերգի ժամանակ հյուրախաղերով ժամանած դիրիժորը չի կարողացել «շարժել» նվագախմբին, եւ նրանք առաջին մասի գլխավոր թեման շարունակել են նվագել նույն սկզբնական տեմպով:

Մյուս կողմից, նշենք, օրինակ, Չայկովսկու «Ծաղիկների վալսը»: Նրա հիմնական թեման բազմիցս կրկնվում է: Նվագախմբում դա հիանալի է հնչում, սակայն դաշնամուրով նույն թեման տաս անգամ միանման նվագելն ուղղակի անհնար է. բոլորը կմեռնեն ձանձրույթից: Ուստի թեմայի յուրաքանչյուր նոր հնչեցում վերածվում է նոր տարբերակի: Չայկովսկու շքեղ բալետային վալսերի իմ մշակումներում շատ է նաեւ իմ սեփական երաժշտությունը, սակայն ես փորձել եմ գրել այնպես, որ չառաջանան անհամատեղելիություն եւ էկլեկտիկա: Լսողը պետք է լսի հենց Չայկովսկուն եւ հենց «Ծաղիկների վալսը», այլ ոչ թե ինչ-որ այլ, անհասկանալի մի բան:

–Երբեւէ փոխե՞լ եք որեւէ ստեղծագործության ձեր մեկնաբանությունը կենսափորձի ազդեցությամբ: Կարո՞ղ եք օրինակ բերել:

-Կասեի, որ կենսափորձի եւ, առավել եւս, իմ կրոնական համոզմունքների ազդեցությամբ ես հրաժարվել եմ կատարել որոշ ստեղծագործություններ, որոնք նախկինում հաճախ էին հնչում իմ համերգային ծրագրերում: Օրինակ՝ Ֆերենց Լիստի «Մեֆիստո-վալսը»: Ես նույնիսկ այդ հրաշալի ստեղծագործության իմ մշակումն էի կատարել՝ միավորելով դաշնամուրային եւ նվագախմբային տարբերակները: Սակայն այժմ, երբ իմ կյանքում առաջին տեղում Տեր Աստվածն է, սատանայի նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը հակասում է իմ համոզմունքներին, որոնք հիմնված են ուղղափառ հավատքի սկզբունքների վրա:

Ես ձգտում եմ իմ համերգային ծրագրերում ընդգրկել միայն այնպիսի երաժշտություն, որն օգտակար է հոգո՛ւ համար: Շատերը կարծում են, թե դասական երաժշտության ցանկացած ստեղծագործություն գեղեցիկ է, սակայն ես այդպես չեմ կարծում: Ինձ համար գեղեցիկ է այն երաժշտությունը, որտեղ չկա հոգեւոր խեղաթյուրում, երբ չարը գրեթե առաքինության աստիճանի է բարձրացվում եւ տեղի է ունենում չարի հանդեպ հիացում, ինչպես, օրինակ, Ռիխարդ Վագների կամ Ալեքսանդր Սկրյաբինի երաժշտության մեջ:

Ի դեպ, երիտասարդ տարիներին ես մեծապես տարված էի Սկրյաբինի ստեղծագործությամբ, սակայն այսօր իմ երկացանկում հիմնականում պահպանել եմ նրա վաղ շրջանի գործերը, որոնք գրվել են նախքան, իմ համոզմամբ, նրա վերջնական հոգեւոր ընտրությունը:

Ուրիշ է Լյուդվիգ վան Բեթհովենը: Ինձ համար նա նման է աստվածաշնչյան Հակոբին, որը պայքարում էր Աստծո հետ: Կյանքի կեսը պայքարեց, բայց հետո, խլության կատարյալ լռության մեջ, տեսավ Աստվածային Լույսը, որն առկա է նրա ուշ շրջանի սոնատներում: Նրա ստեղծագործության մեջ ամեն ինչ անկեղծ է եւ ճշմարիտ: Նրա երաժշտության մեջ կեղծավորություն չկա:

Երբ գրում էի իմ «Սյուիտ-ֆանտազիան»՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի երաժշտության հիման վրա, հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ իմ հոգեւոր կայացումը, երբ ընտրեցի Աստծո հետ՝ ուղղափառ հավատքի ճանապարհը: Այդ սյուիտը գրել եմ հինգ տարի: Նրա մտահղացումը փոխվում էր այնպես, ինչպես փոխվում էի ես ինքս:

–Այս համերգաշրջանում Մոսկվայի Երաժշտության տանը դուք ներկայացրել եք «Գեղեցկության մարմնավորումը» խորագրով ծրագիրը: Ի՞նչ է գեղեցկությունը ձեզ համար:

-Գեղեցկությունն Աստծո ստեղծած աշխարհի հրաշալի հատկություններից մեկն է, որը մեզ մղում է հիանալու, հուզվելու, ուրախանալու եւ փառաբանելու Աստծուն: Մարդը նույնպես կարող է գեղեցկություն ստեղծել, բայց միայն Աստծո հետ համաստեղծագործության մեջ: Իրականում գեղեցկությունը մարդու միջոցով ստեղծում է հենց Աստված, քանի որ մարդու մեջ կա Աստծո պատկերը: Մարդը գեղեցկությունը ճանաչում է հենց այդ աստվածային պատկերի միջոցով եւ դրա շնորհիվ հաղորդակցվում է Աստծո Հոգուն՝ թեկուզ ժամանակավորապես վերականգնելով կորցրած կապը Նրա հետ:

Հենց այդ պատճառով էլ Ֆյոդոր Դոստոեւսկին գրել է. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»:

Ցավոք, հատկապես մեր օրերում գեղեցկություն հասկացությունը խեղաթյուրվում է մարդկային կրքերով, որոնք ավելի ու ավելի խրախուսում է մարդկային ցեղի թշնամին՝ սատանան: Այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս գեղեցկության հակապատկերը՝ տգեղությունը: Այն ծնվում է, երբ մարդը, Աստծո հետ կապվելու փոխարեն, հարում է սատանային, որը նախանձի պատճառով գեղեցիկ հրեշտակից վերածվեց զազրելի էակի:

Ստեղծելով տգեղ գործեր՝ մարդն, ըստ էության, երկրպագում է սատանային, որը տենչում է հենց այդպիսի երկրպագություն:

Մարդկանց փորձում են համոզել, թե տգեղությունը գեղեցկություն է: Մեզ մշտապես մատուցում են կեղծիքներ՝ երաժշտություն, որը հնարավոր չէ լսել, նկարներ, որոնք հնարավոր չէ դիտել, սարսափելի քանդակներ, շենքեր, հագուստ եւ այլն: Սատանան ցանկանում է, որ մենք խեղդվենք այդ տգեղության մեջ, սակայն նրան դա չի հաջողվի, որովհետեւ ճշմարիտ գեղեցկության ձգտումը հնարավոր չէ ամբողջությամբ արմատախիլ անել: Յուրաքանչյուր մարդու մեջ ի սկզբանե դրված է Աստծո պատկերը, եւ այո՛, գեղեցկությունը կփրկի աշխարհը:

–Այնժամ, երբ զգում եք, որ ձեր կատարումն իսկապես անդրիմացական (տրանսցենդենտ) է, ժամանակի զգացողությունը վերանո՞ւմ է ձեզ համար:

-Հետաքրքրական հարց է: Իսկ երբեւէ ունեցե՞լ եմ իսկապես անդրիմացական կատարումներ… Ես չպիտի դատեմ: Երբեմն նայում ես դաշնակահարին. աչքերը դեպի երկինք է բարձրացնում, գեղեցիկ շարժումներ է անում, իսկ ինքն այդ ընթացքում հանգիստ հաշվում է նոտաների տեւողությունները, եւ ամեն ինչ նախապես մտածված ու հաշվարկված է: Մեծ է այս գաղտնիքը…

Ժամանակը շատ հարաբերական բան է: Լավ կլինի, որ համերգի ընթացքում այն աննկատ անցնի ունկնդրի համար, սակայն դա կախված է այն էներգիայից, որ կատարողը փոխանցում է մարդկանց: Յուրաքանչյուր երաժշտություն իր ժամանակն ունի, եւ այն պետք է զգալ ավելի շուտ, քան դուրս գալ նրանից ու մոռանալ վերադարձը:

Ինչ վերաբերում է երաժշտության եւ ընդհանրապես արվեստի անդրիմացական կողմին, ապա դա չափազանց կարեւոր թեմա է: Երբ երաժիշտը մտնում է անդրիմացականի ոլորտ, նա հասկանում է, որ իր երաժշտության մեջ ներգրավվում են որոշ ուժեր, որոնք «այս աշխարհից չեն»: Տեղի են ունենում անբացատրելի բաներ: «Ես ինչպե՞ս այդպես նվագեցի, ինչպե՞ս եղավ»՝ հարցնում է նա ինքն իրեն:

Եվ հենց այստեղ, իմ կարծիքով, ստեղծագործող մարդուն սպասում է ամենամեծ վտանգը: Այդ պահին նա ընտրություն է կատարում՝ կա՛մ ամեն ինչ վերագրել իր մեծ ու հրաշալի անձին, կա՛մ գաղտնի շնորհակալություն հայտնել Աստծուն այդ փորձառության համար: Կամ էլ, եթե դա Աստծուց չէ (ինչը նույնպես միանգամայն հնարավոր է), խնդրել ազատել իրեն դրանից, որպեսզի չվնասի իր հոգուն:

Առաջին ճանապարհը տանում է դեպի հպարտություն, երկրորդը՝ դեպի խոնարհություն:

Ավետարանում կա մի միտք, որը շատ արդիական է ստեղծագործ մարդկանց համար. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի»:

Առաջին ճանապարհն ընտրելով՝ մարդը կարող է հասնել այնպիսի մոլորության, ինչպիսին կյանքի վերջում ունեցավ Ալեքսանդր Սկրյաբինը, երբ կարծում էր, թե իր «Միստերիան» գրելով եւ այն Հնդկաստանում կատարելով՝ կկարողանա փոխել ամբողջ մարդկությունը: Սակայն, դժբախտաբար, նա մահացավ քթի վրա առաջացած փոքր թարախապալարի հետեւանքով…

Իսկ երկրորդ ճանապարհն ընտրողը շնորհակալություն է հայտնում Աստծուն ամեն լավ բանի համար եւ մեղադրում է իրեն այն ամենի համար, ինչ սխալ է արել: Այդ ժամանակ նրա հոգում խաղաղություն եւ ուրախություն է հաստատվում, եւ ոչ ոք ու ոչինչ չի կարող խլել դրանք:

–Ձեր անունն ու արտաքինը հուշում են հայկական արմատների մասին: Կպատմե՞ք դրանց մասին:

-Մայրական պապիկս՝ Իգիթովը (նախապես՝ Իգիթյան), Աստրախանի հայերից էր, երկու տատիկներս ռուսներ էին, իսկ մյուս պապիկս՝ ուկրաինացի: Չնայած իմ արյան միայն մեկ քառորդն է հայկական, մանկության տարիներին մեր ընտանիքում առանձնահատուկ վերաբերմունք կար ամենայն հայկականի նկատմամբ:

Պապիկս խոսում էր հայոց լեզվով, հայրս նույնպես որոշ չափով գիտեր հայերեն: Նա հատուկ սովորել էր լեզուն, որպեսզի մեկնի Հայաստան եւ այստեղ հայերեն զրուցի մարդկանց հետ: Ծնողներս միշտ մեծ ջերմությամբ էին հիշում Հայաստան կատարած իրենց ուղեւորությունը:

Պատմեմ մի մանկական դրվագ: Ծնողներիս հետ խաղում էինք «Տնակը» հեքիաթի խաղը: Հիշո՞ւմ եք. «Ես ծվծվան մուկիկն եմ, ես կռկռան գորտիկն եմ, իսկ դո՞ւ ով ես»: Երբ հերթը հասավ ինձ, առանց վարանելու պատասխանեցի. «Ես հայ եմ»: Ահա այդպես (ծիծաղում է):

Երբ տասնվեց տարեկանում, արդեն Մոսկվայում սովորելիս, ստացա անձնագիրս, «ազգություն» տողում (խորհրդային տարիներին նման տող կար) գրեցի՝ «հայ»:

Ի դեպ, իմ ուսուցչուհին կոնսերվատորիային կից ուսումնարանում՝ Գալինա Նիկոլաեւնա Եղիազարովան, հարյուր տոկոսանոց հայ էր: Նա ծնվել եւ մեծացել է Բաքվում, այժմ ապրում է Իսպանիայում:

–Որքա՞ն եք ծանոթ հայ երաժշտությանը: Առիթ ունեցե՞լ եք կատարել հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ:

-Երիտասարդ տարիներին շատ էի սիրում Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Սովորել էի այն, բայց, ցավոք, երբեք չեմ կատարել բեմում: Շատ էի ցանկանում կատարել նրա «Սպարտակ» բալետի «Ադաջոյի» դաշնամուրային մշակումը, սակայն այդ մտահղացումը դեռեւս չի իրականացել: Կանեմ, եթե Աստված կամենա: Գուցե նույնիսկ ամբողջական սյուիտ ստեղծվի «Սպարտակի» երաժշտության հիման վրա:

Շատ գեղեցիկ կարելի է մշակել նաեւ Առնո Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուրնը»: Ես արդեն այն լսում եմ իմ ապագա փոխադրմամբ:

Ի դեպ, հիշեցի, որ 1989 թվականի գարնանը, երբ սովորում էի Դնեպրոպետրովսկի երաժշտական ուսումնարանի առաջին կուրսում, ծնողներս ինձ բերեցին Մոսկվա՝ խորհրդատվությունների: Այդ ժամանակ շատ էի ստեղծագործում եւ իմ ապագան պատկերացնում էի որպես կոմպոզիտոր: Մեզ բախտ վիճակվեց հանդիպել Կարեն Խաչատրյանին՝ Արամ Խաչատրյանի որդուն եւ իմ անվանակցին: Նա ծնողներիս ասաց. «Եթե ցանկանում եք, որ ձեր տղայից բան դուրս գա, Դնեպրոպետրովսկից տեղափոխեք Մոսկվա՝ կոնսերվատորիային կից ուսումնարան»: Իսկ ինձ ասաց. «Զարգացրո՛ւ դաշնամուրային վարպետությունդ: Դու դաշնակահար կդառնաս, հիանալի տվյալներ ունես»:

Նրա խոսքերը մարգարեական դարձան: Մենք լսեցինք Կարեն Արամովիչի խորհուրդը: Ինձ ընդունեցին Մերզլյակովյան ուսումնարանի տեսության բաժնի երկրորդ կուրս: Սակայն Մոսկվայում ստեղծագործել դադարեցի: Տեսաբան դառնալ չէի ցանկանում, ուստի երրորդ կուրսում միաժամանակ սովորում էի թե՛ տեսության, թե՛ դաշնամուրի բաժիններում եւ ավարտեցի որպես դաշնակահար:

Իմ կոմպոզիտորական ձգտումները վերածվեցին դաշնամուրային փոխադրումների ստեղծման: Երաժշտություն գրելուն վերադարձա արդեն հասուն տարիքում: Սկզբում փոխադրումների հետ մեկտեղ գրում էի վարիացիաներ հայտնի թեմաներով, իսկ ավելի ուշ՝ սեփական դաշնամուրային պիեսներ եւ հոգեւոր երգեցողություններ եկեղեցական արարողությունների համար:

–Շնորհակալությո՛ւն զրույցի համար, սիրելի՛ Կարեն: Հուսով եմ՝ շուտով ձեզ տեսնել երեւանյան բեմում:

-Շատ ուրախ կլինեմ, եթե նման հրավեր ստանամ:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Կորյուն Բաղդասարյանի գիրքը` ռուսերեն

Հաջորդ գրառումը

Ծաղկունքից մինչեւ միջազգային հեղինակավոր հարթակներ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

Կամո Հայրապետյան․ «Ռուսական հասարակությանը ինտեգրվելը սպառնալիք չէ, եթե պահպանում ես ազգային ինքնությունդ։ Երազում եմ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայ ցանկանա վերադառնալ»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Ծաղկունքից մինչեւ միջազգային հեղինակավոր հարթակներ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Գույժ. Էլինա Գրիգորյան (1964-2026)

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Կորյուն Բաղդասարյանի գիրքը` ռուսերեն

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ծաղկունքից մինչեւ միջազգային հեղինակավոր հարթակներ

Լրահոս

Կամո Հայրապետյան․ «Ռուսական հասարակությանը ինտեգրվելը սպառնալիք չէ, եթե պահպանում ես ազգային ինքնությունդ։ Երազում եմ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայ ցանկանա վերադառնալ»

10/07/2026

Հարցազրույց Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, գործարար, բարեգործ եւ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ ԿԱՄՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ  Կամո Հայրապետյանը...

Ծաղկունքից մինչեւ միջազգային հեղինակավոր հարթակներ

10/07/2026

Յուրա Սարգսյան. նա հայկական խոհանոցը վերածեց  ազգային այցեքարտի Կան մարդիկ, որոնց անունը վաղուց արդեն դուրս է եկել իրենց մասնագիտության շրջանակներից:...

Կարեն Կոռնիենկո. Երաժշտության, գեղեցկության եւ հայ ծագման մասին

10/07/2026

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ - Կարեն Սերգեյի Կոռնիենկոն (ծնվ. 1974, Աստրախան) ռուս դաշնակահար է, երաժշտական փոխադրումների հեղինակ: Ավարտել է Դնեպրոպետրովսկի երաժշտական դպրոցը: 15...

Կորյուն Բաղդասարյանի գիրքը` ռուսերեն

10/07/2026

Կորյուն Բաղդասարյանի «Քոլագիր» արձակ ժողովածուին «Ազգն» անդրադարձ արել է: Գրքի պատմվածքները եւ մի անտիպ վիպակ ռուսերենով «Печать судьбы» վերնագրով Մասկվայում...

Գույժ. Էլինա Գրիգորյան (1964-2026)

10/07/2026

Պետերբուրգաբնակ գեղանկարիչ, գծանկարիչ, տիկնիկագործ եւ խեցեգործ Էլինա Գրիգորյանի ինքնատիպ գեղարվեստական աշխարհում միահյուսվել են հեքիաթային պատկերացումները, քրիստոնեական խորհրդաբանությունն ու արեւելյան գունային...

«Հրաշքից մեկ քայլ». ՀՈՎԻԿ ՍԱՔԱՆՅԱՆ

10/07/2026

Հիպնոս, բժիշկ, հոգեթերապեւտ, էքստրասենս, հիպնոսողների միջազգային մրցույթի «Ոսկե ձեռքեր» մրցանակակիր: 1990 թ.-ին Հոլանդիայում նրա ելույթները Էքստրասենսների ֆեդերացիայի կողմից բարձր գնահատականի արժանացան,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական