ԵՐԵՎԱՆ–ԴԵՆՎԵՐ, Կոլորադո, ԱՄՆ – Անգլիալեզու եւ իտալալեզու լրագրող Կարեն Դավիդխանյանը ծնվել է Իրանում, Սարգիս եւ Լիլի (ծն. Մասեհյան) Դավիթխանյանների ընտանիքում: Նրա պապն ու հայրը եղել են Իրանի չոր սառույցի առաջին գործարանի հիմնադիրներն ու սեփականատերերը: Կարենը սովորել է Հռոմի Ամերիկյան համալսարանում եւ 25 տարի լրագրող է եղել Իտալիայում՝ գրելով տարբեր թեմաներով՝ նորաձեւությունից և սնունդից մինչեւ կինո եւ քաղաքականություն: Ունի նաեւ լեզուների դասավանդման երկարամյա փորձ։
–Հարգելի՛ Կարեն, որպես Սփյուռքի պատմության եւ անհատների ուսումնասիրող՝ միշտ հետաքրքրվել եմ հայտնի ընտանիքների ժառանգներով եւ նրանց գործունեությամբ, ուստի կցանկանայի ձեզ հետ խոսել ձեր անցած ճանապարհի մասին։
–Շնորհակալությո՛ւն ձեր հետաքրքրության համար: Իրականում ես կարիերայի մարդ չեմ. ես պարզապես վայելում եմ լավ կյանքը, որը պարտադիր կերպով կապված չէ կարիերայի հետ: Աշխատանքն ինձ համար պարզապես միջոց է՝ վճարելու համար հաշիվներս, միաժամանակ վայելելով այն:
–Համաձայն եմ… Դավիթխանյանները պարսկահայության պատմության մեջ հայտնի գերդաստան են: Մասնավորապես, հայտնի է գեներալ, բարերար, պրոֆեսոր Մարտիրոս Խան Դավիթխանյանի (1843–1905) անունը, որը եղել է պարսկական կազակական բրիգադի շտաբի պետը, Ղաջարների արքունիքի թագավորական գվարդիայի հրամանատարը…
–Իմ հայրական ընտանիքից հայտնի ամենավաղ նախահայրը եղել է Հայաստանի Կարբի գյուղից եւ ունեցել է մասնավոր բանակ։ 1700-ական թվականներին ներկայիս Իրաքի տարածքում կռվել է Քարիմ Խան Զանդի բանակում օսմանցիների դեմ: Պարսիկները պարտվել են պատերազմում, եւ հեռանալու միակ ուղին եղել է Շիրազ տանող ճանապարհը։ Նախապապս հաստատվել է այնտեղ, իսկ հետո հաջորդ սերունդները տեղափոխվել են Սպահան եւ դարձել տեղի ամենանշանավոր ընտանիքներից։ Բուշիրը Պարսից ծոցում եւս մեկ գեղեցիկ վայր է, որի հետ ես խորը ընտանեկան կապեր ունեմ հորս մոր ընտանիքի միջոցով:
Բացի իմ մեծ պապի եղբայր Մարտիրոս խան Դավիթխանյանից, որին նշեցիք, նախնիներիս մեջ եղել են նաեւ այլ գեներալներ, ֆինանսների նախարար, արքունի ճարտարապետ, բժիշկ, թարգմանիչներ եւ ուսուցիչներ 19-րդ դարի Իրանի առաջին պոլիտեխնիկական դպրոցում։ Իմ մեծ պապ գեներալ Սարգիս խան Դավիթխանյանը նույնպես պարսկական կազակական բրիգադից էր։ Պապս՝ Մկրտիչ Խանը, եղել է Խոռամշահրի նահանգապետը եւ Դեզֆուլի ռազմական կառավարիչը Ղաջարների եւ Փահլավիների հարստությունների սահմանագծին: Նա է ձերբակալել Շեյխ Խազալ բին Ջաբրին՝ Խոռամշահրի էմիրին եւ Մուհեյսին ցեղախմբի ղեկավարին եւ Բանու Քաաբի շեյխերի շեյխին, որը 1920-ականներին փորձել է անկախ էմիրություն ստեղծել Պարսկաստանի հարավ-արեւմուտքում: Դրանից անմիջապես հետո պապս նշանակվել է անձնական անվտանգության պատասխանատուն Ռզա խանի, որն այդ ժամանակ պատերազմի նախարար էր եւ մի քանի տարի անց հռչակվելու էր Ռզա Շահ Մեծ՝ Փահլավիների հարստության հիմնադիր եւ Իրանի առաջին շահ: Պապս այդ պաշտոնը երկար չվարեց. երբ Ռզա Խանը պատրաստվում էր այցելել Իրաքի շիա սրբավայրերը, նրա մտերիմ խորհրդականները համոզեցին նրան, որ խելամիտ չէ սրբավայրեր այցելել քրիստոնյաների հետ միասին:
Մորս գծով ազգակցական կապ ունենք պարսկական անվանի դիվանագետ եւ Շեքսպիրի երկերի հայերեն փայլուն թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանի (1864–1931) հետ։ Նա եղել է պարսից լիազոր դեսպան Լոնդոնի եւ Բեռլինի արքունիքներում՝ նախքան Ճապոնիայում Պարսկաստանի առաջին դեսպան դառնալը: Հիվանդացել է Գոբի անապատում եւ մահացել Չինաստանի Հարբին քաղաքում։ Նրա հայրը՝ Աղա Ծերունին, պարսից արքունիքի գլխավոր ոսկերիչն էր եւ ստեղծողն էր մի գոհարազարդ գլոբուսի, որը «Իրանի թագի զարդեր» հոյակապ հավաքածուի գլխավոր դիտարժան նմուշներից է։ Հայկական ԴՆԹ նախագծի հետ իմ վերջին քննությունը ցույց տվեց նաեւ, որ մայրս կրում է Բագրատունիների որոշ գեներ, թեեւ համոզված եմ, որ կան հազարավոր ուրիշներ, որոնք կարող են նույնը պնդել:
–Իսկ ինչպե՞ս իրանահայ երիտասարդը դարձավ իտալացի լրագրող։
–Պատահաբար։ Դեռ փոքրուց իմ մտասեւեռումը ճարտարապետությունն էր, բայց Իրանի հեղափոխությունը խաթարեց ծրագրերս, ավելի ճիշտ՝ ես թույլ տվեցի, որ այն խախտի դրանք։ Ես շատ երիտասարդ էի եւ ապրած լինելով Իրանի հեղափոխությունը՝ պարզապես ուզում էի մի քիչ զվարճանալ: Արդեն հանդես էի եկել որպես մոդել՝ մասնակցելով իտալացի փոփ երգիչներ Ռիտա Պավոնեի եւ Թեդի Ռենոյի ամենամյա մրցույթին, որ տեղի էր ունենում Իտալիայի քսան մարզերում, որտեղից ընտրվում էին լավագույն մասնակիցներ տարբեր անվանակարգերում՝ դերասան, մոդել, երգիչ… Յուրաքանչյուր մարզերի հաղթողները հանդիպում էին եզրափակիչ միջոցառմանը Միլանում, որտեղ ընտրում էին ազգային հաղթողներին: Այդ տարի ես հաղթող ճանաչվեցի Լացիոյից (Հռոմին մերձ տարածաշրջան), բայց չհաղթեցի Միլանի վերջնական ընտրության ժամանակ։ Այնուհետեւ, երբ ուսանում էի Հռոմի Ամերիկյան համալսարանում, կարդացի Դեյվիդ Նիվենի ինքնակենսագրությունը, որտեղ նա պատմում է, թե ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո ինքը հասկացել է, որ եթե լրագրող դառնա, կարող է գրպանի փող աշխատել եւ մասնակցել քաղաքի լավագույն երեկույթներին։ Ես քսանն անց էի եւ ցանկանում էի անել նույնը, ուստի գնացի տեղական երբեմնի փառահեղ, բայց այժմ վաղուց արդեն անհետացած «Դեյլի ամերիքան» անգլիալեզու օրաթերթի խմբագրություն եւ առաջարկեցի նրանց համար անվճար նորաձեւության ամսաթերթ հրատարակել: Նրանք համաձայնեցին եւ իրենց հետ աշխատելուցս մի քանի ամիս անց ինձ առաջարկեցին լրիվ դրույքով վարձատրվող աշխատանք՝ որպես հավելվածների եւ հատուկ նյութերի խմբագիր: Շատ զվարճալի պատմություններ կային պատմելու, քանի որ ես մուտք ունեի Հռոմի լավագույն վայրերը՝ իտալական նորաձեւության բումի առաջին տարիներին: Այդ երեկույթներն ինձ համար դուռ բացեցին՝ ապրելու «դոլչե վիտայի» (քաղցր կյանք) վերջին տարիները, շփվելու այնպիսի մարդկանց հետ, որոնց այլապես հնարավորություն չէի ունենա հանդիպելու՝ սկսած իտալական նորաձեւության խոշոր անուններից մինչեւ մի շարք զվարճալի կերպարներ, ինչպիսիք են գյուտարար, Նոբելյան մրցանակակիր Էնրիկո Մարկոնիի դուստր իշխանուհի Էլետրա Մարկոնին, Վանդա Տոսկանինին՝ Արտուրո Տոսկանինիի դուստրը եւ Վլադիմիր Հորովիցի կինը, 1950-ականների իտալական նորաձեւության հայտնի ֆիրմաներ «Վալենտինոն» եւ «Սորելլե Ֆոնտանան», ամերիկացի գրող Գոր Վիդալը, կանադացի լուսանկարիչ Ռոլոֆ Բենին, իտալական պատմական ընտանիքների անթիվ ժառանգները եւ այլք։ Բենին ֆենոմենալ լուսանկարիչ էր, որը բազմիցս այցելել էր Իրան Ֆարահ թագուհու հրավերով՝ հեղափոխությունից անմիջապես առաջ: Այդ այցելությունների արդյունքը եղան երկու հոյակապ գրքեր՝ «Պարսկաստան. փիրուզե կամուրջը» եւ «Իրան. ճակատագրի տարրեր», որոնք լույս տեսան հեղափոխության տարում եւ մեծ պահանջարկ էին վայելում իրանցի տարագիրների մեջ: Ես Բենիին հանդիպել եմ Հռոմում ապրող ընկերոջս պալատում, մի երեկույթի ժամանակ: Նա հենց լսեց, որ իրանցի եմ, ինձ տարավ առանձնասենյակ, փակեց դուռը, նստեց ու գրեթե ողջ երեկոն անցկացրինք՝ Իրանը վերհիշելով։ Նա հիացած էր երկրի գեղեցկությամբ եւ լեգենդար հյուրընկալությամբ, որին արժանացել էր թագուհու, ինչպես նաեւ սովորական իրանցիների կողմից՝ ամբողջ երկրում իր ուղեւորությունների ընթացքում: Այդ ժամանակ ես սկսել էի թերթի համար կազմել շաբաթական էջ՝ Հռոմի արվեստի, երաժշտության եւ մշակութային իրադարձությունների ցանկերով։ Ես հարցրի Բենիին, թե կարո՞ղ եմ օգտագործել իր որոշ լուսանկարներ, եւ նա խանդավառությամբ համաձայնեց՝ հրավիրելով ինձ հաջորդ շաբաթ այցելել իրեն՝ ընտրելու նկարներ իր արխիվից: Ցավոք, մեկ շաբաթ անց նա մահացավ սրտի կաթվածից, եւ այդ շաբաթ իմ էջում ես օգտագործեցի նրա լուսանկարներից միայն մեկը՝ Սպահանի Շեյխ Լոթֆոլլահ մզկիթի գմբեթի շքեղ ինտերիերը:
Մի քանի տարի անց ես սկսեցի գրել գինու, սննդի եւ ուղեւորությունների մասին (մի քանի առեւտրային ուղեցույց, մի քանիսը՝ համահեղինակությամբ), ներառյալ՝ մի հատված «Թայմ աութ. Ֆլորենցիա եւ Տոսկանա»-ի առաջին հրատարակություններից մեկում եւ իտալական զբոսաշրջային ակումբի ուղեցույցը Հռոմի մասին։ Ապա գրում էի իտալական կինոբիզնեսի մասին «Վըրայիթիի» եւ «Հոլիվուդ րիփորթերի» համար: Այնուհետեւ սկսեցի իմ սեփական հրատարակությունը՝ Իտալիայի առաջին ֆաքսով ուղարկվող տեղեկագիրը՝ «Իտալական մամուլի դայջեսթը», որտեղ անգլերենով պարզաբանում էի իտալական օրվա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունները Հռոմի օտարերկրյա դեսպանատների համար: Դրանից հետո գրում էի խմբագրականներ եւ մեկնաբանություններ Մերձավոր Արեւելքի, եւ հատկապես իրանական քաղաքականության վերաբերյալ փոքր, բայց շատ ազդեցիկ «Իլ ռիֆորմիստա» թերթի համար՝ երբեմն նաեւ հանդես գալով որպես մեկնաբան իտալական հեռուստատեսությամբ եւ Վատիկանի ռադիոյով:
–Ենթադրում եմ, որ Իրանի մասին ձեր գրությունները կարեւոր էին իտալական հասարակության մեջ իրանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար:
–Ես կարող եմ հիշել մի անստորագիր խմբագրական, որը գրել էի «Իլ ռիֆորմիստայում» 2003 թվականին: Դա Իրանում ուսանողների բողոքի ալիքի եւ Իրաք ներխուժման տարին էր: Իմ խմբագրականում ես մեղադրեցի իտալական ձախերին եւ ֆեմինիստներին երկակի ստանդարտների եւ այաթոլլահների հանդեպ ինքնագոհության մեջ, երբ խոսքը վերաբերվում է Իրանում կանանց իրավունքներին ու քաղաքական ազատությանը: Խմբագրականը մեծ խզում առաջացրեց Իրանի եւ Իտալիայի հարաբերություններում, երբ հրապարակումից մի քանի ժամ անց երկրի երկրորդ բարձրագույն հեղինակությունը (Սենատի նախագահը) եւ ողջ քաղաքական դասը (կուսակցության քարտուղարներ, խորհրդարանի անդամներ եւ այլք) սկսեցին հայտարարություններ անել՝ ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության դեմ ուսանողների բողոքի ակցիաների: Դա հանգեցրեց Իտալիայի Հանրապետության պատմության մեջ ամենաաննախադեպ իրադարձությանը, որտեղ բոլոր խոշոր քաղաքական գործիչները՝ կոմունիստից մինչեւ նեոֆաշիստ, Հռոմում կողք-կողքի մասնակցեցին «Siamo tutti iraniani» (մենք բոլորս իրանցիներ ենք) կարգախոսով ցույցին՝ ի պաշտպանություն Իրանի ուսանողական ընդդիմության եւ ընդդեմ այաթոլլահների: Այդ ժամանակ Իտալիան Իրանի ամենամեծ առեւտրային գործընկերն էր, բայց երկու երկրների միջեւ ողջ առեւտրական գործունեությունը դադարեցվեց մի քանի շաբաթով, քանի որ Իրանը բողոքում էր իր ներքին գործերին Իտալիայի «միջամտության» դեմ: Դրանից կարճ ժամանակ անց ես դարձա առաջին օտարերկրյա քաղաքացին (այն ժամանակ դեռ Իրանի քաղաքացի էի), որին թույլ տվեցին միանալ Իտալացի լրագրողների միությանը: Իտալիայի խորհրդարանը պետք է հատուկ հավանություն տար, որպեսզի դա օրինականորեն տեղի ունենար:
–Ինչպես շատ սփյուռքահայեր, դուք եւս բազմալեզվագետ եք։ Հեշտությա՞մբ եք անցնում մի լեզվից մյուսին։
–Այո, ես սիրում եմ լեզուները։ Սահուն խոսում եմ հինգ լեզվով. հայերենը, հավանաբար, իմ ամենաթույլն է։ Ներկայումս սովորում եմ իրաքյան արաբերեն, մասնավորապես՝ հարավային Իրաքի բարբառը, իրանցի արաբների լեզուն հարավ-արեւմտյան Իրանի հարեւան տարածաշրջանում, որտեղ ծնվել է հայրս: Չորս տասնամյակ շարունակ լեզուներ եմ դասավանդել եւ թարգմանություններ եմ կատարել, հատկապես գինու եւ սննդի վերաբերյալ: Իտալերեն եմ դասավանդել Հռոմի Կաթոլիկ Սալեզիանա համալսարանում՝ իսպանախոս դիմորդներին պատրաստելով հանձնել իտալերենի քննությունը համալսարան ընդունվելու համար: Նաեւ անգլերեն եմ դասավանդել, Իտալիայի ֆինանսների նախարարության Էկոնոմիկայի եւ ֆինանսների բարձրագույն դպրոցում, եւ հավատաք կամ ոչ՝ Հռոմի գլխավոր բանտերից մեկում, որտեղ դասեմ տվել ծայրահեղ անկարգապահ բանտապահների խմբին՝ տղամարդ թե կին: Նրանք այնքան խենթ ու անկառավարելի էին, որ հաճախ մոռանում էի, որ իրենք իրականում բանտապահներ են, ոչ թե բանտարկյալներ։ Լեզուների ուսուցումն իսկապես հետաքրքրաշարժ է, քանի որ այն դուռ է բացում բոլոր խավերի մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց այլապես դժվար կլիներ հանդիպել:
–Եվ հիմա ապրում եք Միացյալ Նահանգներում…
–Այո՛, ես եկել եմ այստեղ՝ ընտանիքիս մերձ լինելու համար։ Ինձ դուր է գալիս Դենվերը, քանի որ սիրում եմ լեռները, դահուկներով սահելը եւ ձիերը: Գալով ԱՄՆ՝ դադարեցի աշխատել որպես լրագրող, բայց այսօր հիմնականում գրում եմ հաճույքի համար: Անցյալ տարի ես օգնեցի քոլեջի իմ լավագույն ընկերոջը խմբագրելու նրա առցանց «Դատավճիռ» կինոբիզնեսի ամսագիրը, բայց ստիպված էի դադարեցնել ընտանեկան պատճառներով: Երկար ժամանակ մտածում էի կարճ պատմվածքների շարք գրել 90-ականների կեսերին Իրան կատարած իմ ճամփորդությունների մասին: Վեց տարի շարունակ՝ սկսած 1996-ից, ես ամեն ամառ հինգ-վեց շաբաթով վերադառնում էի Իրան՝ ծնողներիս այցելելու, ճամփորդում էի երկրի ամենահեռավոր շրջանները՝ տաքսիներով եւ տեղական ահավոր ավտոբուսներով։ Չէի ծրագրում, թե որտեղ պետք է գիշերել, ուզում էի տեսնել հեռավոր եւ շատ քիչ հայտնի հնագիտական վայրեր: Դրանցից մեկը 10-րդ դարի մի մինարեթ էր Աֆղանստանի սահմանին մեկուսացված մի հովտում: Ես հասա ամենամոտ գյուղը՝ տեղանքից մոտ 20 մղոն հեռավորության վրա, գյուղացիներն ինձ ասացին, թե տարածքը շատ անապահով է եւ մաքսանենգներով լի: Այդպիսով, ես շրջվեցի եւ հեռացա։ Այդ ճամփորդություններն ինձ տվեցին իմ կյանքի ամենաանմոռանալի փորձառությունները:
–Հիացած լինելով Իրանով՝ շատ հետաքրքրական կլինի կարդալ ձեր ճամփորդությունների մասին։ Շնորհակալությո՛ւն, Կարե՛ն, պատասխանների համար, եւ հաջողություն ձեր գործերին…
Արծվի Բախչինյան