Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացել է «Էդուարդ Փաշինյան-100» գիտաժողովը

ԱԶԳ
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ հայ երաժշտագիտության երախտավոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, տեսաբան եւ մանկավարժ Էդուարդ Փաշինյանին նվիրված գիտաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

Իր բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ թեեւ Էդուարդ Փաշինյանը երկար տարիներ դասավանդել է նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, սակայն նրա հիմնական գիտամանկավարժական գործունեությունը կապված է Երեւանի Կոմիտասի  պետական կոնսերվատորիայի հետ եւ իբրեւ բարձրագույն կրթության նվիրյալ՝ նա հեղինակել է երկու շատ կարեւոր՝ «Հարմոնիայի» եւ «Պոլիֆոնիայի» դասագրքերը: «Առհասարակ, մանկավարժի մասին խոսելիս միշտ պետք է տեսնենք, թե նրա սաները հետագայում ինչի են հասել իրենց մասնագիտական կյանքում, եւ տվյալ մանկավարժի ամենաբարձր գնահատականը հենց դա է: Այս առումով կարող եմ ասել, որ Էդուարդ Ռուբենովիչը, իսկապես, շատ լուրջ հետք է թողել: Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնի վարիչը՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ստեփանյանը, հենց նրա սանն է: Նրա սանն եմ նաեւ ես:

Այն գիտական մեթոդը, որ ես սովորել եմ Էդուարդ Ռուբենովիչից, մինչ այժմ էլ ինձ շատ է օգնում: Նա սովորեցնում էր տեսնել ստեղծագործության խորությունը, ոչ թե ընդհանուր նայել ստեղծագործությանը՝ լիներ դա դաշնամուրային մանրանվագ թե մեծակտավ գործ, եւ այդ սկզբունքը միշտ ինձ հետ է: Եվ իմ մասնագիտական կյանքում իմ բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների համար ես երախտապարտ եմ իմ ուսուցչին»:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Ինձ համար եւս սա կարեւոր միջոցառում է, քանի որ ես նույնպես նրա սանն եմ եղել: Շատ հիշարժան դեպքեր կան կապված Էդուարդ Ռուբենովիչի հետ, բայց առաջին հերթին ես կուզեի խոսել իր մարդկային կերպարի մասին: Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանի մեր կուրսում սովորողների տարիքային տարբերությունը շատ մեծ էր. կային ավելի ավագ տարեկիցներ եւ գրեթե տասնամյակով ավելի երիտասարդ սովորողներ: Ի՞նչն  էր հետաքրքրական. որոշ տղաների ուղղակի փողոցից ուսումնարան էր բերել Էդուարդ Ռուբենովիչը:  Ինչ-որ բան էր տեսել, հետաքրքրություն էր առաջացրել այդ անձը, որ ինքը բերել էր ուսումնարան: Սկզբում այս տղաները փորձում էին խանգարել դասերը, բայց շնորհիվ Փաշինյանի եւ նրա մեթոդի, մեր կուրսը սկսեց ամենալավը գրել թելադրություն: Նա գտել էր մոտեցումը, ձեւը, որ հետագայում նաեւ իր շատ ուսանողներ կիրառեցին դասավանդման մեջ: Կարճ ժամանակում  մեր տեսական բաժինը սկսեց փայլել տարբեր մրցույթներում եւ միջոցառումներում: Բացի հրաշալի մանկավարժ լինելուց, նաեւ խոշոր գիտնական էր: Նա ստեղծեց իր գերլադային սիստեմը. այն, անշուշտ, կար, բայց սիստեմավորված չէր, եւ ինքը կարողացավ դա հավաքել ու սիստեմավորել: Հետագայում մեր շատ կոմպոզիտորներ սկսեցին աշխատել՝ օգտագործելով այդ սիստեմը: Եթե վերցնենք մեր 20-րդ դարավերջի  կոմպոզիտորներին՝ Զոհրաբյանին, Իսրայելյանին եւ այլոց, գրեթե բոլորն ունեն այդ մոդալ մոտեցումը դեպի լադային կառուցվածքը:

Կարելի է շատ խոսել Էդ. Փաշինյանի մասին, բայց ես կարծում եմ, որ այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ոչ միայն կրթված եւ տարված են նրա գաղափարներով, այլեւ մարդիկ են, որ ամբիոնից ցույց կտան իրենց վերաբերմունքը դեպի Էդուարդ Փաշինյանը: Եթե մարդը կարող է ամբողջությամբ տալ իր գիտելիքն ուսանողներին, ուրեմն նա բարձրակարգ դասատու է, եթե մարդ կարողանում է  գիտահետազոտական առումով ինչ-որ բան նվիրել ժողովրդին՝ ուրեմն նա մեծ մարդ է, որը մտածում է ազգային արվեստի մասին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը: Նկատելով, որ այսօր բոլորիս կողմից մեծ ջանքեր եւ հոգեկան ապրումներ են պահանջվում այս բարդ պայմաններում որեւէ տող գրելը կամ բառ ասելը, նա շնորհակալական խոսք հղեց Աննա Ասատրյանին եւ Արամ Սաթյանին այս հնարավորությունն ընձեռելու համար: «Անհավատալի է, որ մեր ուսուցիչը, մեր պրոֆեսորը հարյուր տարեկան է: Կարծես երեկ լիներ, որ առաջին կուրսեցիներիս ներկայացավ այդ պատկառելի արտաքինով, բարձրահասակ, հաղթանդամ, ահեղաձայն դասախոսը, որի հետ երջանկություն ունեցանք ճանապարհ անցնելու ո՛չ միայն կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, այլեւ տասնամյակներ անց, արդեն որպես ավագ ու կրտսեր գործընկերներ: Առաջին իսկ րոպեներից իր գրավիչ անհատականությամբ, անբացատրելի հզոր ներգործությամբ նա մեզ փոխանցեց հարմոնիայի դասընթացի հանդեպ հետաքրքրությունն ու վարակիչ ոգեւորությունը: Մի կողմ թողնելով դոգմատիկ կարծրատիպերը՝ նա խրախուսում էր  համարձակ նորարարությունը եւ ստեղծագործական ազատությունը, եւ դրանում մեծ նշանակություն ուներ այն հանգամանքը, որ նա նաեւ կոմպոզիտոր էր: Փաշինյանը երաժշտությունն ընկալում եւ մեկնաբանում էր «ներսից». նրա դասերն անցնում էին հետաքրքրական երկխոսությունների, աշխույժ քննարկումների եւ պարզապես այդ պահին հնչող երաժշտության մասին մտքերի փոխանակման ձեւով: Հենց այս անկեղծության, անմիջականության շնորհիվ երաժշտագետների, կոմպոզիտորների, գործիքային կատարողների ու դիրիժորների քանի՜-քանի՜ սերունդ իրենց ուսուցչի հանդեպ նվիրվածությամբ, պատկառանքի ու երախտագիտության անկեղծ զգացումով, անթաքույց հպարտությամբ խոստովանում են, որ եղել են Էդուարդ Ռուբենի Փաշինյանի սանը: Հսկայական է Էդուարդ Փաշինյանի ներդրումը նաեւ հայ երաժշտատեսական մտքի զարգացման գործում: Ռոբերտ Աթայանի, Մարգարիտ Բրուտյանի, Նովալիս Դերոյանի եւ մյուսների հետ միասին նա առաջիններից էր, որ հեղինակեց «Հարմոնիայի» եւ «Պոլիֆոնիայի» հայալեզու դասագրքերը: Որպես խմբագիր մասնակցեց տարրական տեսության, վերլուծության դասագրքերի ստեղծմանը, որոնցում պարզ եւ գրագետ հայերենով, մշակված տերմինաբանությամբ շարադրված են երաժշտատեսական կարեւորագույն հիմնադրույթներ: Էդուարդ Փաշինյան տեսաբանի խոշորագույն հայտնագործությունը հայկական գերլադային ձայնակարգերի ուսմունքն էր, որի դրույթները համառորեն, կարելի է ասել, մոլեռանդորեն պաշտպանում էր Փաշինյանը՝ հաղթահարելով ավանդական պատկերացումների իներցիայի կարծրատիպային մտածողության դիմադրությունը: Այսօր արդեն, Փաշինյանի գերլադային ձայնակարգերի հիմադրույթները, հայ երաժշտության ձայնակարգերից բխող ուրույն հարմոնիկ լեզվամտածողության վերաբերյալ, կայացած իրողություն են հայ երաժշտատեսական մտքի տիրույթում եւ որպես առանձին դասընթացներ իրենց հիմնավոր տեղն են զբաղեցնում կոնսերվատորիայի կրթական ծրագրերում եւ, որ ամենակարեւորն է, այսօր ունենք իրենց ուսուցչին, իրենց դպրապետին նվիրված նրա գործը շարունակողներ, որոնց շնորհիվ իր կենսունակությունն ու շարունակականությունն է հաստատում փաշինյանական դպրոցը»:

Բոստոնից հեռավար ձեւաչափով գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին ողջունեց Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը:

«Մեր բոլորիս համար թանկ է Էդուարդ Փաշինյան անունը, որպես հայ երաժշտագիտության մեջ գերլադային սիստեմի, «Հարմոնիայի» եւ «Պոլիֆոնիայի» դասագրքերի ստեղծող: Այս ներդրումներն անգնահատելի են հայ երաժշտական արվեստի եւ երաժշտագիտության համար: Որպես իր ուսանող, ես ուզում եմ ընդգծել նրա մեծ գիտելիքները, որ որպես մանկավարժ անմնացորդ տալիս էր մեզ: Նա դաստիարակել է երաժշտագետների եւ կոմպոզիտորների մի քանի սերունդ»:

Այնուհետեւ երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ջաղացպանյանը ներկայացրեց «Հուշեր Էդուարդ Փաշինյան մանկավարժի, գիտնականի եւ անձի մասին», երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ  Ռուզաննա Ստեփանյանը՝ «Էդուարդ Փաշինյանի ունիվերսալ գերլադային համակարգը եւ դրա նշանակությունը 20-րդ դարի երաժշտատեսական համակարգերի համատեքստում», կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Միխայիլ Կոկժաեւը՝ «Էդուարդ Ռուբենի Փաշինյանի գերլադային համակարգի ալգորիթմերը», երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի Տեսական բաժնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը՝ «Էդուարդ Փաշինյանը գիտնական, մանկավարժ», երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Անահիտ Ղարիբյանը՝ «Էդուարդ Փաշինյանի «Երկու պոեմ» դաշնամուրային մանրանվագները» եւ երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի դասախոս Նառա Բաղդասարյանը՝ «Վաստակաշատ մանկավարժը. Էդուարդ Փաշինյան» թեմաներով զեկուցումները:

Գիտաժողովն ընդմիջվեց երաժշտական դադարով՝ հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Հայրապետյանի կատարմամբ հնչեցին Էդուարդ Փաշինյանի մանրանվագները՝ «Պարզից բարդ» դաշնամուրային պիեսների ժողովածուից:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Նախորդ գրառումը

ԶԼՄ, թե՞ ՀԻՄ. նախարարությունն անգամ տերմինի հետ է անհաշտ

Հաջորդ գրառումը

Սաբիտա Դեւի՝ հնդկական կինոյի հայ աստղը

Համանման Հոդվածներ

Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Սաբիտա Դեւի՝ հնդկական կինոյի հայ աստղը

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական