Հայ գրականության թերևս ամենազգայուն բանաստեղծներից մեկը Մեծարենց և Շավասպ Ծիածան գրական կեղծանուններով հաճախ էր երևում Կ .Պոլսի պարբերականների էջերում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս»):
Ժամանակի գրական քննադատությունը նրա բանաստեղծությունները որակեց իբրև «կեղծ արուեստ» : Ճիշտ է ՝ Մեծարենցը սիրել և մեծ բռնկումով ընթերցել է անգլիական , ֆրանսիական , բելգիական գրականության ընտիր էջերը, նրա ենթագիտակցության մեջ միշտ հնչել են Օսկար Ուայլդի, Էմիլ Վերհարնի և ուրիշների բանաստեղծությունները, բայց ոչ մի նմանություն՝ իբրև կրկնօրինակում մատնանշել չենք կարող:
«Ինքնաքննադատության փորձ մը» հոդվածում երիտասարդ բանաստեղծը գրում է. «Ես երբեք դպրոցի մը հետեւելու կանխակալութիւնը չեմ ունեցեր: Ամեն մարդ, որ իր անհատականութեան եւ արժանապատվութեան գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմէ արդէն: Յետոյ տեղն է ըսել նաեւ, թէ ես երբեք խորհրդանշական ստրուկ մը չեմ:
Երիտասարդ բանաստեղծի ամենամեծ մտահոգութունն է «կարելի եղածին չափ ինքզինքս ըլլալ»:
Երիտասարդ բանաստեղծին և նրա արվեստին թերևս ամենածանոթը և գնահատողը Արամ Անտոնյանը եղավ:
1907թ. մայիսի կեսերին լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Ծիածանը»՝ Արամ Անտոնյանի ընդարձակ առաջաբանով:
Ի սկզբանե Արամ Անտոնյանը մտադիր չէր առաջաբան գրել, իր նամակներից մեկում Անտոնյանը նշում է, որ գրաքննադատությանը ներկայացված օրինակում առաջաբան չի եղել. «Գործին տպագրութեան ընթացքին , Միսաքի դեմ եղած հարձակում մը,- կարծեմ Պարսամյան, Սայապալյան քլիքին կողմե,-պատճառ եղավ հառաջաբան գրվելուն» (ԳԱԹ, Մեծարենցի ֆոնդ, 333/15):
Առաջաբանը գրվում է հապշտապ .« Չեմ ալ կարծեր, որ կատարյալ բան մը ըլլա, որովհետև գրվեցավ կիրքի ազդեցության տակ և գիշերվա մի ընթացքին: Չկրցա նույնիսկ երկրորդ աչք մը նետել վրան, որովհետև փորձերը Գեղամ Բարսեղյան և Մեծարենց նայեցան»: Ահա թե ինչ է գրում Անտոնյանը Մեծարենցի մասին. «Ահաւասիկ պատանի մը որ իր արփեգնաց էութեան խռովանքն ու ըղձանքները կ’երգէ բուռ մը տաղերու մէջ. եւ այդ տաղերը մեծ մասամբ գեղեցիկ ու դիւթիչ են, ազնուազգի շղարշներու նրբին ու հրաշարուեստ հիւսուածքը ունին…այնքան պայծառութեամբ կը շողան որ ինծի կը թուի թէ գարնան աղուոր առտու մը՝ արեւին զարթնումին հանդիսատես կ’ըլլամ» (Միսաք Մեծարենց, Ծիածան- Նոր տաղեր, Վենետիկ, 1959թ, 111 էջ):
Երիտասարդ բանաստեղծին նմանեցնելով ծագող արշալույի՝ Անտոնյանը գրում է. «…եւ արշալոյսներ կան, որոնք՝ հազիւ բացուած ՝արդեն իսկ մարմրուն վերջալոյսներու ստգտանքը կու տան մեր հոգւոյն»:
Արամ Անտոնյանը նկտաում է, որ Մեծարենցի քերթվածները լեցուն են գեղեցիկով և ճշմարտությամբ ՝ հակադրվելով ժամանակի քննադատներին, որ միայն օտար ձևեր էին տեսնում երիտասարդ բանաստեղծի տաղերում:
Մեծարենցը երևան է բերում իր ամեն նկարագրածի հոգին . «…ան անխարդախ թարգմանը պիտի ըլլայ այդ հոգւոյն եւ զայն պիտի մեկնէ բոլոր անոնց որոնք զուրկ են իմաստութեան ու տաղանդին շնորհէն»:
Անտոնյանը բանաստեղծի քերթվածները համարում է «բանաստեղծի հոգվույն» արտահայտությունը՝ «Մենք մարդ մը կը գտնենք այս հատորին մէջ եւ ոչ թէ յանգի սովորական արուեստաւոր մը եւ կամ միայն աղուոր բաներով , միայն սիրուն ոչնչութիւններով , միայն հրապուրիչ ստախոսութիւններով ու երեւակայութեան փցուն ու անիմաստ խաղերով զբօսնող մը: Եւ այսքանը կը բաւէ որ զինքը սիրենք…» :
Անտոնյանը վստահ էր, որ Մեծարենցը նույքան կսիրվի, նույնքան կարժևորվի իբրև բանաստեղծ, ինչ Պետրոս Դուրյանը. «…մենք առանց իր արուեստին ալ պիտի սիրէինք զինքը՝ ինչպէս Դուրեանը կը պաշտենք ո՛չ իր արուսետին համար, այլ անոր համար որ իր գործէն ճշմարիտ մարդ մը կը յայտնուի…»:
Մարդիկ պիտի սիրեն այս երիտասարդ բանաստեղծին, պիտի սիրեն, ինչպես արևն են սիրում, «որովհետեւ լոյսին տենչովը հատնող հիւանդներ են ամէնքն ալ»:
Գրողը առաջաբանը եզրափակում է Մեծարենցի Արևին բանաստեղծությամբ.
Ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արեւ,
Վերջին անգա՜մ մըն ալ,
Դեռ իրիկո՜ւն չեղած,
Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
Վերջին անգա՜մ մըն ալ
Փարէ հոգւոյս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
Հիվա՜նդ եմ, բարի՜ արեւ, շողա՜, շողա՜…։
« Կը բաւէ որ մարդիկ այս պաղատանքը ուղղեն բանաստեղծին, ու արդէն իսկ անմահութեան ճամբան բացուած է անոր առջեւ»: