Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Լևոն Խեչոյան «Սև գիրք, , ծանր բզեզ». գիրք` Արցախյան ազատամարտի մասին

1999 թվականին լույս տեսած Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը հայ գրականության մեջ առաջին և ամենահաջողված արձագանքներից էր Արցախյան հերոսամարտի մասին։ Գիրքը բազմապլան է. նկարագրում է պատերազմը, պատերազմից հետո և առաջ կատարված դեպքերը։ Պատերազմի մասին մենք իմանում ենք Օնան զինվորի օրագրային գրառումներից, որոնք չափազանց ժլատ են պատերազմի մասին պատկերացում տալու համար.

«… «Գրադը» ամբողջ գիշեր խփում է շրջկենտրոնին։ Վաղը պիտի հարձակվենք։ Գյուղում խուլ լռություն է» կամ «Սեպտեմբերի երեքին, չորսին, իննին, տասին, տասնմեկին մեծ մարտեր եղան… Ինչ կավագույն աշուն է, ինչ փառահեղ ամիս` բերքի ժամանակ…»:

Վեպում բոլորովին այլ կերպ է նկարագրվում և բացահայտվում զինվորի կերպարը, որն ավանդաբար եղել է հայրենիքի անձնվեր պաշտպան, հայրենիքի համար ինքնակամ կյանքից հրաժարվող հերոս։ Խեչոյանի զինվորը մեկն է, որ հայտնվել է պատերազմի կիզակետում և պարտադրված, ակամա շարունակում է ապրել այդ պատերազմի կանոններով` առանց կեղծ պաթետիզմի, առանց վերամբարձության։

Խեչոյանի համար սահմանի այս կողմում կռվող զինվորը ոչնչով չի տարբերվում սահմանի այն կողմում գտնվող զինվորից. նրանք ոչ բարի են, ոչ չար, դաժան են, երկուսն էլ կյանքի կռիվ են տալիս, երկուսն էլ սպանում են գերիներին փոխանակելուց առաջ։ Հակառակորդի զինվորն էլ զինվոր է, նա էլ ապրել է ուզում, նա էլ ունի տուն, գյուղ, որն ունի միայն իրեն հատուկ բուրմունքը, նա էլ փոքր ժամանակ վազել է գառների հետևից և քերծված ոտքերով տուն վերադարձել, նա էլ ունի պատմություն և հիշողություն։ Խեչոյանը կարողանում է թշնամու մեջ էլ տեսնել մարդուն։

Աղբյուրը` Վիքիպեդիա