Ակսել Բակունցի՝ այդ «երազկոտ զանգեզուրցու» մասին իր հուշերին Մկրտիչ Արմենը տվել է «Լեռան գյուղերի ամենալավ մարդը» խորագիրը.
«Ակսել-գրողի մասին դեռ երկար կպատմեն գրականագետներն ու քննադատները: Ակսել-մարդու մասին պատմելու դժվար և պատասխանատու պարտքը ծանրացած է մեզ վրա՝ նրա մերձավոր ընկերների: Պետք է ունենալ,սակայն Ակսելի իրեն վրձինը կենդանի գույներով նկարելու համար այն երազկոտ զանգեզուրցուն, որն իջել էր հայրենի լեռներից, որպեսզի տասը տարվա ընթացքում բարձրանար մեր գրականության Արարատը:
Ակսելը բարձրահասակ էր, առնական դիմագծերով, որոնք, սակայն, նրա հոգու ներսից ճառագված էին մեծ տաղանդի և երազկոտ խառնվածքի մեղմ փայլով:
Ամենահասարակ խոսակցությունն անգամ նա ընդունակ էր վարել այնպես, որ հասարակը դառնում էր նշանակալից, առօրյան ու նյութականը՝ մեծ ու ռոմանտիկ:
Նա տարվում էր և իր հետ տանում էր ունկնդիրներին: Այդ րոպեներին պետք էր նայել Չարենցի դեմքին: Ինչպե՜ս էր լսում (նա Ալեքսանին նա այդպես էր անվանում Ակսելին): Ինքը՝ ոչ պակաս հոգու կախարդ, կլանվում էր նրա մեղմ ու երազկոտ ձայնով, պարզ պատմությամբ, որն Ակսելն անում էր առանց սեթևեթության, իսկական հուզմունքով, բայց, միաժամանակ, հանդարտասահ: Նա այդպես կարող էր խոսել ամեն ինչի մասին,- և՛ հայոց պատմության, և՛ մարդկության ապագայի, և՛ հայկական բնաշխարհի, և՛ հասարակ մարդկանց…և երբ նա ավարտում էր, մենք բոլորս դեռ որոշ ժամանակ նստած էինք մնում նրա պատմության տպավորության տակ: Ապա Չարենցը գլուխն էր ցնցում կարծես թոթափելու համար իրենից նրա կախարդանքը և ժպտում էր քթի տակ՝ զարմանալով Ակսելի պատմելու ընդունակության վրա:
Մենք տաքարյուն էինք և բավական անհավասարակշիռ:
Ակսելը, ոչ պակաս բուռն հույզերի և զգացմունքների տեր, հավասարակշռված էր և ինքն իրեն տիրապետող: Երբեմն, երբ Չարենցը, օրինակ, շարադրելով մեր գրական- կազմակերպչական որևէ գործի ծրագիրը, հասնում էր որոշ չափազանցության, հանկարծ լսվում էր Ակսելի հանգիստ ձայնը: Միանգամայն լուրջ դեմքով նա առաջարկում էր, օրինակ, գրական դիսպուտի երեկոյին հափշտակել մեր հակառակորդ զեկուցողին, փախցնել , պահել մինչև առավոտ և այդպիսով խափանել նրա ելույթը մեր դեմ: Չարենցը զարմացած ու հարցական նայում էր նրա դեմքին աշխատելով հասկանալ, թե լո՞ւրջ է ասում արդյոք Ակսելը, միաժամանակ կշռում էր մտքում, թե որքա՞ն խելքի մոտիկ է այդ առաջարկը: Ապա, նկատելով լուռ ծիծաղն Ակսելի աչքերում, միաժամանակ ինքն էլ անդրադառնալով նրա ասածի արտառոցությանը, պայթում էր միանգամից.«Եղբայր, մենք այստեղ լուրջ գործ ենք անում, իսկ դու կատակի ես վերածում դա…»:
Հեղինակւ այլ հոդվածներ՝ «Անդրանիկի արձանի մոտ». Հովհաննես Շիրազ, Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան, «Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»,
Բայց Ակսելը կատակի էր վերածում ոչ թե հանուն կատակի, այլ հունի մեջ դնելու համար մեր քննության առարկա գրական գործը, անելիքը:
Երևանի գրական թանգարանում, Չարենցի թղթերի մեջ, պահպանվել է նրա մի հետաքրքիր դիտողությունը: Չարենցը գրում է. «Մեր քառյակի ներսում համակրանքները բաժանվում էին այսպես Չարենց -Արմեն, Բակունց -Մահարի»: Իհարկե, պայմանականորեն կարելի է խոսել որևէ «բաժանման» մասին, որովհետև մեր չորսի բարեկամությունը սերտ էր ու անվերապահ, բայց եթե կարելի է խոսել որևէ «բաժանման»,ավելի ճիշտ «բաժանքի» մասին, ապա, իհարկե, Մահարուն հասել էր այնքան անհրաժեշտ բաժինք՝ Ակսելն իր հավասարակշռությամբ ու լրջախոհությամբ:
Չարենցի բնակարանը և թե Նալբանդյան-Կնունյանց փողոցների անկյունում, թե՛ հյուրանոցում և թե մանավանդ Ստալինյան-Սպանդարյան փողոցների անկյունում, մեր ինտելիգենցիայի և մասնավորապես արվեստի ու գրականության աշխատողների հավաքավայրն էր, սալոնը: Այնտեղ կարելի է տեսնել համարյա մեր բոլոր այն ժամանակակիցներին, որոնց անուններով պարծենում է այսօր ժողովուրդը: Մենք և՛ զրուցում էինք, և՛ վիճում, և՛ ծիծաղում, բայց այդ բոլորը ոչ լրիվ, այլ՝ երեք քառորդով միայն: Եվ ահա, որքան մեծ էր լինում մեր ուրախությունը, երբ ներս էր մտնում Չարենցի Ալեքսանը՝ բերելով իր հետ բազմաթիվ նորություններ և հուզիչ կամ զվարճալի պատմություններ Հայաստանի զանազան անկյուններից, ժողովրդի խորքերից: Ինչ խոսք, որ Ակսելը շատ ավելի լավ գիտր գյուղացիական Հայաստանը, քան մենք երեքս միասին վերցրած: Ժողովրդի ճանաչողության հարցում միայն մի դեպքում մենք չէինք զիջում միմյանց,այլ լրացնում էինք իրար: Մեզանից յուրաքանչյուրը հավասարապես լիակատար գիտեր իր ծննդավայրը: Չարենցը՝ Կարսը, Բակունցը՝ Գորիսը, Մահարին՝ Վանը, իսկ ես՝ իմ ջերմորեն սիրելի Լենինականը:
Ես այդ տարիներին ապրում էի նույնպես Սպանդարյան փողոցում ՝ Չարենցի տնից ոչ հեռու: Մեր փողոցովն էր անցնում Աղասի Խանջյանի տան ճանապարհը: Չարենցը և Բակունցը հաճախ էին միասին գնում նրա մոտ, իսկ վերադառնալիս շատ անգամ բարձրանում էին իմ սենյակը և մենք երկար ժամեր շարունակ զրուցում էինք գրականության մասին:
Թող տարօրինակ չթվա ընթերցողների և քննադատների համար, որ Չարենցի, Բակունցի, Մահարու և իմ անունները, այնքան տարբեր թե՛ իրենց բնույթով, թե՛ արժանիքներով, մեր անձնական հիշողությունների մեջ դրված են կողք կողքի: Բայց անձնական բարեկամության մեջ հավասար կարող են լինել ոչ միայն հավասարները, այլև վարպետն ու աշակերտը, ավագն ու կրտսերը,հանճարեղն ու շնորհալին: Չարենցը, Բակունցը շողշողուն լուսատուներ են գրականության մեջ: Չի կարելի անվանել որևէ մարդու, լինի ակադեմիկոս, թե՛ բեռնակիր, երկրպագու, թե՛ հակառակորդ, որը, խոսելով նրանց հետ գոնե մի քանի րոպե, չզգար, չտեսներ, որ գործ ունի արտակարգ գրողի և արտակարգ մարդու հետ:
Եվ այսօր, երբ ընդմիշտ թափուր են մեր անձնական սեղանի երկու պատվավոր կողմերը, ես, մեր ամբողջ ժողովուրդի հետ միասին, հպարտանում եմ այն պատվավոր տեղերով, որոնք գրավել են հայ գրականության սեղանի շուրջը Եղիշե Չարենցն ու Ակսել Բակունցը: Եվ ես չեմ կարող ասել Բակունցի մասին ավելի լավ, քան կարելի է ասել իր իսկ խոսքերով. «ՄԻ վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի, նոր խնդությամբ հնչեցնում է մեր երգերը»[1]:
«Բանվոր», Լենինական, 1959, 23 հոկտեմբեր:
[1] «Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում», Երևան,1999, էջ՝ 115-117: