Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ի ՀՈՒՇ. Հայրենիք Էլիազարյան դե Արամայո (1925-2023)

Արգենտինայի Ումաուակա քաղաքում 97 տարեկանում վախճանվել է գրող, ուսուցչուհի Հայրենիք Էլիազարյան դե Արամայոն: Նա ծնվել էր Խուխույ նահանգի Էլ Կարմեն քաղաքում, 1925 թվականին, Մեծ եղեռնի վերապրող Մովսես Եղիազարյանի եւ իսպանուհի Ադելֆա Էռնանդեսի ընտանիքում:  1937 թվականից բնակվել է Խուխույի Ումաուակա քաղաքում, որի պատվավոր քաղաքացու կոչմանն է արժանացել իր լայնածավալ կրթական, գրական եւ մշակութային գործունեության համար: Ավարտել է Ումաուակա Նորմալ դպրոցը, որտեղ եւ դասավանդել է ողջ կյանքում: Գրել է իսպաներեն բանաստեղծություններ, որոնցից «Հայաստանը» Շաքե Վարսյանի հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1980-ականներին, «Սովետական Հայաստան» ամսագրում: Հեղինակ է նաեւ «Ումաուակա. մոտ անցյալի (1935-1950) ժամանակագրությունը եւ տպագրությունները» գրքի: Եղել է Արգենտինայի գրողների Խուխույի միության պատվավոր անդամ: Խուխույ նահանգի Սենադոր Պերես քաղաքի փողոցներից մեկը կոչվել է Հայրենիք Էլիազարյան դե Արամայոյի անվամբ:

 «Նա հիանալի ուսուցիչ էր իր սիրելի Ումաուակա Նորմալ դպրոցում, նա գիտեր՝ ինչպես տարածել գրականության հանդեպ սերն իր աշակերտներից շատերի մեջ, որոնցից ոմանք այսօր գրողներ են»,- նշված է «Խուխույ ալ մոմենտո» թերթում հրատարակված նրա մահախոսականում:

Ի դեպ, Հայրենիք Էլիազարյան դե Արամայոն եւ իր եղբայրը՝ Ումաուակայի երբեմնի քաղաքապետ Արամ Էլիազարյանը որպես գործող անձինք հանդես են բերված Արծուիի «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վեպում:

Ա. Բ.