Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմ համերգի օրը

Հիշելով ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

(01.10.1883-30.03.1935) 

Դուրսը կես մետր ձյուն կար, ես ու Կոստիան քայլում էինք դեպի թատրոն: Մեր դեմքերը ցրտից սառել էին, վերջապես հասանք: Հուզմունքից սիրտս կարծես այլեւս չէր բաբախում:

Համերգավարը սպասում էր: Մեզ տեսնելուն պես մոտենում է, ձեռքս համբուրում, վերցնում է վերարկուս ու ինչպես միշտ նայում աչքերիս մեջ ու ասում:

– Ընկեր Զարյան, ձեր հերթն է:

Ես տատանվում եմ, նա անմիջապես նկատում է հուզմունքս: Ես դեռ հուզված եմ:

Ուրե՞մն:

Ապա իր երկու մեծ ձեռքերի ափերը դնում է իմ ուսերին եւ երեխայի նման նուրբ հրում դեպի բեմ: Այլեւս փախչելու տեղ չունեմ, զգում եմ որ խուճապի մեջ եմ, աչքերս դաշնամուր են փնտրում: Ահավասիկ գտա, սպասում էր ինձ: Ծափահարությունները ծովի պես ինձ շրջապատում են, մարմինս դողում է: Հանդիսատեսի առաջ խոնարհվում ու շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Վերջապես նստում եմ դաշնամուրի առջեւ ու միայն հիմա ինձ հանդարտ եմ զգում: Սկսում եմ Դոմենիկո Ձիպոլիի երաժշտական հատվածով, ապա անցնում Բենեդետո Մարչելոյին, հետո Ժան Ֆիլիպ Ռամոյին, Ֆրանսուա Կուպերինին, Ալեսանդրո Սկառլատիին, հետո չորրորդ, հինգերորդ կոմպոզիտորի ստեղծագործություններին:

Երաժշտությունը այնքան էր ինձ գրավել, որ հանդիսատեսին չէի տեսնում: Ամբողջ պատրաստված ծրագիրը մինչեւ վերջ մեկ շնչով նվագեցի: Վերջացնելուն պես, վեր եմ կենում ու հեռանում բեմից, իսկ ունկնդիրները բղավում էին:

-Ընկեր Զարյան, Ընկեր Զարյան … 

-Բիս, բիս,- գոչում էին:

 -Բրավո բիս, բիս, եւս մեկ անգամ նվագեցե՛ք, նվագեցե՛ք…

Սկսում եմ Բախ նվագել: Հուզմունքից զգում եմ դեմքիս ջերմությունը: Համերգը վերջանալուն պես Կոստիան գալիս է, ձեռքս բռնում ու ասում:

-Սիրելիս, մեծ հաջողություն ունեցար, քո դաշնամուրի կատարումները խորը եւ գեղեցիկ էին: Գիտե՞ս, որ սրահում  ներկա էին նաեւ Թիֆլիսից եկած բազմաթիվ հանդիսատեսներ:

Գալիս է Ռոմանոս Մելիքյանը՝ Երեւանի Կոնսերվատորիայի իմ տնօրենը, ձեռքս համբուրում, նայում է ինձ խորը հայացքով ու ասում: 

-Բրավո, դու փոքր հայուհի Վանդա Լանդովսկայան ես:

-Ի՞նչ:

-Այո, այո,- ասաց նա:

Մեզ է միանում մեր սիրելի պրոֆեսոր Անժուղը, կլոր ակնոցներով, առանց մի խոսք ասելով մեզ տուն է ուղեկցում: Լուռ քայլում էինք սպիտակ ձյան վրա, որը մեր քայլերի ծանրությունից հալվում էր:

Հաջորդ օրը Կոնսերվատորիայում տնօրենի գրասեղանի վրա մի լրագիր եմ տեսնում, չկարողանալով հաղթահարել հետաքրքրությունս՝ վերցնում եմ ու սկսում կարդալ: 

-Երեկ երեկոյան քաղաքային թատրոնում տեղի ունեցավ Երեւանի Երաժշտական դպրոցի առաջին համերգը: Եզակի կատարումով հանդես եկավ ընկեր Զարյանը, որը վերջերս է եկել մեզ մոտ արտասահմանից, եւ այլն, եւ այլն… Սրտիս մեջ մի վառվող նետ զգացի: Հանկարծ նկատում եմ, որ տնօրենը գալիս է, արագ քայլերով անմիջապես գնում եմ դեպի իմ դասարան, ուր ինձ էին սպասում 30 աշակերտներ «Երաժշտության տեսություն եւ սոլֆեջիո» դասընթացի համար: Մի քիչ հետո նա գալիս է եւ ձեռքի իր երկար մատներով դուռը հանդարտ բացում, նայում է ինձ, բարեւում, ժպտում եւ դուռը փակում իր հետեւից:

Այս գովելի արձագանքներից հետո, ինձ հետ սկսեցին վատ վարվել, հատկապես տնօրենի ընկերներից մեկը` մի անհույս սոպրանո: Կոստիայի դպրոցական նախկին ընկերը՝ երաժշտության տարեց մի պրոֆեսոր, իմ միակ բարեկամն էր` պրոֆեսոր Անժուղից հետո: Նա ինձ ասաց:

-Լսեք, սիրելի տիկին Զարյան, ուշադրություն մի դարձրեք ձեր կոլեգաների խոսքերին, նրանց վարք ու ձեւին, դուք տքնաջան աշխատեք երկրորդ համերգի պատրաստման վրա, բայց սովորեք ասել «ընկեր», դա շատ կարեւոր է մեր սովետական հանրապետությունում: Շատ ցավալի է, որ դուք ռուսերեն չեք խոսում: Այս երկու հանգամանքները անչափ կարեւոր են մեր ռեժիմի համար: Պետք է աշխատեք հարմարվել, այլապես միշտ թշնամիներ կունենաք:

-Սիրելի Նալբանդյան, նկատել եմ, որ Ռուսաստանից եկած մտավորականները միայն ռուսերեն են խոսում, իսկ ժողովուրդը մեր մայրենի հայերենն է օգտագործում ու այս ամենը՝ Հայաստանում գտնվելով հանդերձ:

-Իրավունք ունեք, բայց մեր մտավորականները, որոնք ուսանել են ռուս կամ գերմանական համալսարաններում, մի քիչ սնոբ են, հետո՝ սա մի երեւույթ է, որ մնացել է ռուսական գերիշխանությունից:

-Ես դա շատ լավ տեսնում եմ եւ խոստովանում եմ, որ անչափ նեղվում եմ, քանզի ինձ օտար են համարում իմ հայրենիքում: 

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

Հատված գրողի առաջին կնոջ` Թագուհի Շահնազարյանի անտիպ  օրագրից, Երեւան, 1922թ

Ֆրանսերենից թարգմանեց Անաիս Զարյանը

Լուսանկարում` Կոստան Զարյան եւ տիկինը` Թագուհի Շահնազարյանը, Միլան, 1912