Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իլյա Պապոյան. «Վառ կատարումներում հայկական արյունն է խոսում իմ մեջ»

ԵՐԵՎԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ – Հունիսին երեւանյան պաստառների վրա առաջին անգամ հայտնվեց Իլյա Պապոյան անուն-ազգանունը. վերջինիս հետ մի քանի տարի է ընկերացել էի սոցցանցերում: Երիտասարդ դաշնակահարի առաջին երեւանյան համերգից հետո կայացան մեր հանդիպումն ու ստորեւ ներկայացվող հարցազրույցը:

Իլյան ծնվել է 2001 թվականին Սանկտ Պետերբուրգում: 2011 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի միջնակարգ հատուկ երաժշտական   դպրոցը (Օլգա Կուռնավինայի դասարան): 2019-2024 թթ. սովորել է պրոֆեսոր Ալեքսանդր Սենդլերի ղեկավարությամբ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական   կոնսերվատորիայի նրա դասարանում: Մասնակցել է Գրիգորի Գրուզմանի, Պավել Ներսեսյանի, Անդրեյ Դիեւի եւ Ալեքսանդր Մնդոյանցի վարպետության դասերին: 2013 թվականից Իլյան պարբերաբար դառնում է միջազգային մրցույթների դափնեկիր: 15 տարեկանում եղել է Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան մենակատար: Մենաելույթներով հանդես է գալիս Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ռուսաստանի այլ քաղաքների եւ արտերկրի նշանավոր համերգասրահներում: Համագործակցել է Ռուսաստանի ակադեմիական տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
 

Ի՛լյա, 23 տարեկանում դու արդեն բավականին տպավորիչ ստեղծագործական կենսագրություն ունես: Որո՞նք էին երաժշտական   հրաշամանուկ լինելու դրական եւ բացասական կողմերը:

-Ես չէի անվանի ինձ հրաշամանուկ երեխա: Սովորաբար այդպես կոչվում են այն երեխաները, որոնց ամեն ինչ տրվում է առանց մեծ ջանքերի:  Ես աստիճանաբար զարգացրի եւ բացահայտեցի իմ ունակությունները՝ լինելով մշտական   փնտրտուքի մեջ, որի մեջ եմ մինչ օրս:
-Բոլորն ասում են, որ արվեստը սպորտ չէ, բայց, այնուամենայնիվ, շարունակում են մրցույթներ կազմակերպել: Դու մի քանի անգամ մասնակցել ես դրանց. ինչպե՞ս ես վերաբերվում մրցույթներին:

-Մրցույթներն ինձ համար առաջին հերթին հնարավորություն են՝ մուտք գործելու մեծ բեմեր, որտեղ միշտ երազել եմ ելույթ ունենալ: Բացի այդ, մրցույթները տալիս են արժեքավոր փորձառություն եւ ամրապնդում են երաժշտական   առումով:  Մասնավորապես, Չայկովսկու անվան մրցույթը երաժշտի զարգացման որոշակի փուլում ամենակարեւոր եւ անմոռանալի իրադարձությունն է: Կարելի է ասել, որ այդ մրցույթին մասնակցելուց հետո երաժիշտը նոր մակարդակի է հասնում ինչպես իր կարիերայում, այնպես էլ մասնագիտական   ու հոգեբանական (գեղարվեստական առումով):

Ասում են՝ ինչպիսին երաժիշտները կյանքում են, այդպիսին են եւ երաժշտության մեջ: Օրինակ, Սվյատոսլավ Ռիխտերի մասին ասում են, որ չափազանց էքսցենտրիկ էր թե՛ կյանքում, թե՛ խաղում: Սա ճի՞շտ է քո դեպքում:

-Անշուշտ, մարդու անհատականությունն արտահայտվում է նրա ստեղծագործության մեջ: Կարծում եմ, որ ես էլ եմ էքսցենտրիկ:  Հիշում եմ մանկապարտեզից մի դեպք, երբ երգչախմբում կանգնեցի բոլոր երեխաների հետ եւ նրանց հետ երգեցի բոլորովին այլ երգ (այն ինձ ավելի էր դուր գալիս):  Երաժշտության մեջ ես միշտ փորձել եմ գտնել զարգացման իմ սեփական նոր ուղիներն ու տեսլականը: Միայն թե դա չպետք է ինքնանպատակ լինի, դա հղի է անճաշակության եւ սահմաններից դուրս գալու վտանգով:  Կարծում եմ, որ եթե երաժիշտն անհատականություն   է, ապա նա չպետք է միտումնավոր փորձի դա ցույց տալ իր աշխատանքում: Անհատականությունն ի հայտ է գալիս ինքնին, այդ իսկ պատճառով պետք է մասնագիտորեն պատրաստ լինել՝ բացահայտելու այն:

Բացարձակապես ճի՛շտ է: Կարծում եմ՝ դու հայ հոր եւ ոչ հայ մոր զավակ ես…

-Հայրս՝ Արթուր Պապոյանը, կիսով չափ հայ է, ծնվել է Սանկտ Պետերբուրգում, բայց մանուկ հասակում հաճախ է եկել Երեւան՝ հարազատների մոտ: Հայրիկն իմ ու մորս մեջ սեր է սերմանել հայկական խոհանոցի հանդեպ. հաճախ ենք միասին տոլմա եւ այլ ուտեստներ պատրաստում:

Քո խառնվածքի եւ կատարման մեջ կա՞ որեւէ բան, որը կարելի է վերագրել հայկական արմատներիդ:

-Աչքի ընկնող խառնվածքը սովորաբար ընդունված է վերագրել Կովկասին, ուստիեւ, հավանաբար, վառ, խրոխտալի կատարումներում հայկական արյունն է խոսում իմ մեջ: Բացի այդ, ես շատ եմ սիրում հայ երաժշտությունը: Մի անգամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը ես մեկ շաբաթում յուրացրի՝ գրեթե առանց գործիքին դիպչելու: Ցավոք, այս կոնցերտն այնքան էլ հայտնի չէ (ի տարբերություն, ասենք, ջութակի կոնցերտի): Երազում եմ այն   նորից կատարել, միգուցե՝ Հայաստանում:

Անցյալ հունիսին երեւանյան հանդիսատեսը ոգեւորությամբ ողջունեց քո ելույթը: Շնորհակալություն ենք հայտնում «Սանկտ Պետերբուրգի պալատներ» հիմնադրամին եւ, մասնավորապես, նրա գեղարվեստական   ղեկավար Մարիա Սաֆարյանցին երաժշտական   փառատոնը կազմակերպելու համար: Դու նվագեցիր Խաչատրյան. մտադրություն ունե՞ս ընդլայնել հայ կոմպոզիտորների երկացանկդ:

-Շատ փայլուն հայկական երաժշտություն կա, որին նախատեսում եմ հետագայում տիրապետել, օրինակ՝ Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»:

Ի՞նչ զգացիր նախնիներիդ երկիր կատարած առաջին այցելությանդ ժամանակ՝ որպես մարդ եւ երաժիշտ:

-Հայաստանում այցելեցի Սեւան, որն անմիջապես ցնցեց ինձ իր գեղեցկությամբ, վեհությամբ եւ լեռնային-ծովային օդով: Բարեբախտաբար, հնարավորություն եղավ սկուտերով սահել Սեւանի մակերեսին եւ այդ հզորությունը տեսնել «ներսից»:  Իմ «փոքրիկ» հայրենիքում ունեցած զգացողություններս աննկարագրելի ջերմ ու հաճելի էին, ուրախ եմ, որ մեկ ճամփորդության ընթացքում իրականացրեցի միանգամից երկու երազանք՝ եղա Հայաստանում եւ այցելեցի Սեւան:

Մենք միշտ անհամբեր կսպասենք քեզ Հայաստանում, Ի՛լյա…

-Շատ շնորհակալությո՛ւն: Շատ ուրախ կլինեմ վերադառնալ Հայաստան: Արդեն սեպտեմբերի 18-ին եւ 19-ին Երեւանում ելույթներ են նախատեսված Ռուսաստանի վաստակավոր անսամբլ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Նիկոլայ Ալեքսեեւի ղեկավարությամբ: Կատարելու եմ ինձ ամենից հարազատ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի գործերից: Ուրախ եմ համերգներիս հրավիրել մեր սիրելի ընթերցողներին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ