Շաբաթ, Հուլիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող սիրո պակաս չլինի…

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Երաժշտություն, Մշակույթ

Հուլիսի 13-ին Երեւանում նշվեց ճանաչված երգահան, սիրված մանկավարժ Ալվարդ Մանդակունյանի 77-րդ տարեդարձը:

 Այս առիթով Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիան նրան շնորհեց Արվեստի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում: Երգահանն ինքը սեփական հոբելյանը նշանավորեց նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված հերթական՝ երրորդ երաժշտական ձեռնարկով, որ կրում է «Լուսաբաց» անվանումը: Նախորդները մեծ ընդունելություն գտած «Գարնանային գույներ», «Աշնան գույներ» ձեռնարկներն էին: 

Նոր հրատարակության մեջ ընդգրկված երեսուն հեղինակային երգերը  նվիված են հայրենիքին, հայ զինվորին, երեխաների առօրյային, մայրիկին, բնությանը: «Մի խոսքով՝ այս երգերը Սիրո մասին են, ինչի կարիքն այսօր ունենք»,- իր նոր աշխատանքը ամփոփիչ ներկայացնում է երգահանը: Նախադպրոցական եւ դպրոցական երգերի ձեռնարկը, որպես ուսուցողական օժանդակ նյութ, հաստատված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից:

Ալվարդ Մանդակունյանը պրոֆեսիոնալ երաժշտության ասպարեզում առաջին քայլերն արել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժնում (քանոն)՝ 1961-1964թթ, ապա կրթությունը շարունակել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 1964-1994 թվականներին դասավանդել է Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, զուգահեռաբար՝ երեւանյան մանկապարտեզներից մեկում, որպես դաշնակահար: Թերեւս, այս վերջին հանգամանքով են պայմանավորված նրա՝ մանուկ սերնդի երաժշտահոգեբանական ու տարիքային առանձնահատկություններին եւ երգչական ձայնածավալի կատարողական հնարավորությունների մասին խոր գիտելիքները, ինչն օգնում է երգահանին ճիշտ «կռահել», թե ինչպես եւ ինչ թեմայի շուրջ  կառուցել մեղեդին, որպեսզի այն սիրվի փոքրիկ կատարողների եւ ունկնդիրների կողմից:

Տիկին Ալվարդ Մանդակունյանի հետ զրուցելիս վերանում ես ներկայից, վերադառնում այն ժամանակները, երբ հայ երգի պաշտամունք կար, երբ համաժողովրդական սիրված երգիչները առատորեն ունկնդրին էին հրամցնում ազգային նկարագրով նոր, գեղեցիկ երգեր, որոնք մարդկանց լուսավորի, դրականի շուրջ համախմբելու, հաշտեցնելու ուժ ունեին:

Ծնվել է Երեւանում, 1945 թվականին, վանեցի ծնողների ընտանիքում:  Կոտորածից փրկված հայրը գաղթականների խմբի հետ հասել էր Էջմիածին, հետո հայտնվել Ամերիկյան որբանոցում: Այստեղ նրան գտել են հորեղբոր որդիները: 

-Շատ խելացի ու հումորով մարդ էր,- հիշում է տիկին Ալվարդը,- ամեն հարցով կարող էիր հետը զրուցել ու խորհուրդ հարցնել,- բայց հորս ամենակարեւոր հատկանիշը նրա ազնվությունն էր, ինչը եւ պահանջում էր մեզանից՝ իր զավակներից: Այսօր շատ ընտանիքներում երեխաները ականատես են ծնողների վեճերին: Ես չեմ հիշում մի այդպիսի դեպք՝ կապված մեր ընտանիքի հետ: Միգուցե այդ պարագա՞ն էլ դեր խաղաց, որպեսզի մենք՝ երեխաներս մեծանանք կենսասեր ու բարի:

Հայրը լավ թառ էր նվագում: Ժամանակն է նշել, որ մեր զրուցակցի եղբայրը սիրված կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանն է, որի ստեղծագործությունները 70-ականների Երեւանի խորհրդանիշն էին եւ այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունն ու արդիականությունը ու շարունակում են վայելել ունկնդիրների սերը:

 Տիկին Ալվարդի մայրական կողմը նույնպես Վանից էր: Երեք եղբայր էին ու մի քույր: Եղբայրները զոհվեցին Երկրորդ համաշխարհայինում:

– Երիտասարդ տարիներին չես գնահատում, որ դժվար կյանք անցած մեծերդ կողքիդ են, հարցեր չես տալիս նախնիներիդ մասին: Նրանք էլ, երեւի թե «խնայում էին» մեզ, չէին պատմում այն, ինչին ականատեսն են եղել: Հիմա ափսոսում եմ՝ ինչքան պատմություն  ու գաղտնիք տարան իրենց հետ:

Մանդակունյանների առաջին կացարանը հարակից էր նախկին Երիտասարդական պալատին: Այն տարիներին դեռեւս չկար երեւանցիների սիրելի Կուկուռուզնիկը, որը հետագայում պիտի անփութորեն քանդվեր: Տիկին Ալվարդը այսօր էլ խոր ցավ է ապրում քաղաքաշինական այս կոթողի  կորուստի համար:

Եղբոր՝ Արմեն Մանդակունյանի Ամերիկայի Միացիալ Նահանգներ տեղափոխվելը լուրջ հարված էր տիկին Ալվարդի համար : Պետական ռադիոն անմիջապես արգելք դրեց Արմենի երգերի վրա, որոնք այնքան սիրված էին ժողովրդի կողմից. 1974 թվականն էր:

-Ինձ  քանիցս հրավիրեցին Անվտանգության կոմիտե,- հիշում է նա: – Իմիջիայլոց, շատ ջերմ էին խոսում եղբորս մասին: Մի քանի անգամ Արմենը եկավ Հայաստան, նրան  անգամ առաջարկեցին ղեկավարել Հայաստանի ազգային ռադիոյի Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը: Սկզբում համաձայնեց, հետո հրաժարվեց, պատճառաբանելով, որ երաժշտական համույթը օնլայն ղեկավարելը առնվազն անհեթեթություն է: (Ի դեպ, այսօր Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյանն է, տիկին Ալվարդի ավագ տղան ):

-Արմենը միշտ ցավով շեշտում է ՝ մենք՝ հայերս, օտարամոլ ենք, – շարունակում է նա: – Այսքան գեղեցիկ երգեր ունենք, տաղանդավոր կոմպոզիտորներ, բայց կատարողները,  չգիտես ինչու,  ընտրում են օտար երգերը, չհասկանալով, որ ունկնդրին  հեռացնում են ազգային երգերից:  Եղբորս հետ կապերը առ այսօր ամուր են: Նոր գործերս ուղարկում եմ Արմենին՝ կարծիքը լսելու համար: Հավանում է, ասում է՝ ամեն նոր երգի հետ ավելի «բացվում եմ»,- ժպիտով պատմում է երգահանը:

 -Հեռուստատեսությամբ հաղորդում կա՝ «Գուշակիր մեղեդի»: Հնչում է ոչ թե հայկական  երգ, այլ օտար մեղեդիներ, ու, պատկերացրեք, լավ էլ գուշակում են: Մի անգամ երեւի թե գնամ «Գուշակիր մեղեդուն» հյուր, պարզելու՝ ո՞րն է այս ամենի  նպատակը,-շարունակում է նա:

-Ես գտնում եմ,  որ ստեղծագործողի միտքն անընդհատ պետք  է գործի: Մարդն ինքը պետք է աշխատի իր վրա, փնտրի նոր տպավորություններ, ապրի այն ամենով , ինչ կատարվում է շրջապատում :

-Ի՞նչ ասել է նվաճում. ամեն մի քայլն էլ մարդու համար ոնց որ նվաճում լինի: Ի վերջո՝ ամուսնանալն ու բաժանվելն անգամ կարելի է համարել նվաճում: Ես այդպիսի բառերի հետ ընկերություն չեմ անում: Մեր բոլորի առաքելությունը հետեւյալն է. կարեցածին չափ՝ ֆիզիկապես եւ հոգեպես, բարեկարգիր շրջապատդ, միջավայրդ, այն աշխարհը, որում կանք, ապրում ենք:

-Ինչքանով է հարմարվետ այսօր ինձ համար ապրել Երեւանո՞ւմ: Անկախ ամեն ինչից,  Երեւանից բացի այլ տեղ բնակվել չեմ պատկերացրել: Ինձ այսօր վրդովեցնում է, որ կանաչը վերանում է քաղաքում: Շատ եմ շրջագայել ու միշտ հիացել եմ, թե օտար երկրներում ինչպես են մի ծաղկի վրա անգամ դողում: Մեր քաղաքում ծառն ուզում են՝ կտրում են, չեն ուզում՝ չեն ջրում: Տարածք է պետք՝ ծառերը քիմիկատներով կջրեն՝ կչորացնեն… բնության պաշտամունք  չկա, ավաղ, մեր հայրենակիցների մեջ: Սպառողներ ենք:

-Իմ երգերը առավելապես բնության, այն պահպանելու  մասին են: Բայց ասողին լսող է պետք: Ծնողների դերն այդ հարցում մեծ է: Փոքր տարիքից երեխան պիտի սովորի սիրել ու պահպանել բնությունը:

-Ուրիշ մի բան: Հիմնականում օգտվում եմ հասարակական տրանսպորտից ու ցավով նկատում եմ, որ այն գովելի մշակույթը՝ երիտասարդների՝ փոքրերին կամ ծերերին տեղը զիջելը վերացել է: Նստած են՝ հեռախոսները գրկած ու անտարբեր են, թե կողքերին հոտընկայս ծերունի է:

-Երիտասարդ տարի՞քս էր պատճառը, թե՝ ինչ. ապրում էի աշխատանքով, կենցաղային դժվարություններից չնեղվելով, անգամ ուսուցչի փոքր աշխատավարձը ինձ շատ չի մտահոգել: Սիրել եմ գործս, մանուկներիս, որոնց դասավանդել եմ ու չեմ դժգոհել, ընդհակառակը, շատ բնական եմ համարել ազատ ժամանակ չունենալս: Ինձ թվում է, թե աշխարհը փոխվել է ու արժեքներն են փոխվել ու դա համատարած է: Մարդիկ ագահացել են, օտարացել են իրարից,  չկա ընդհանուր գաղափար: Ճիշտն ասած՝ այնուամենայնիվ, ինձ դա չի խանգարում ստեղծագործել,- ասում է տիկին Մանդակունյանը:

-Ես լավատես եմ, լինում է՝ տխրում եմ՝ այն ժամանակ, երբ պահի տակ անդրադառնում եմ ընտանիքիս անդամներին, որ աշխարհով մեկ ցրված են:

-Ես ակտիվ քաղաքացի եմ: Ասենք, եթե փողոցում փոս տեսնեմ, հանգիստ կողքով չեմ անցնի, կզանգեմ համապատասխան հասցեով, ուշադրություն կհրավիրեմ,  մինչեւ վերջ կհետեւեմ, որ հարցը դրական լուծվի: Եթե պատահաբար ոտով- ձեռքով վիճաբանություն տեսնեմ՝ գնում, խառնվում եմ: Ամուսինս ասում էր՝ մի օր կտան , գլուխդ կջարդեն…

-Իմ երգերի հեղինակները Հայաստանի տարբեր անկյուններից են: Ընտրում եմ այն գործերը, որոնք ինձ գրավում են եւ մտքով, եւ շարադրանքի գեղեցկությամբ: Լինում է՝ հեղինակի հետ համաձայնեցնելով բառեր ենք փոխում, կամ, եթե ինձ թվում է, թե բանաստեղծական տունը չի բավարարում, պնդում եմ ավելացնել:  Իմիջիայլոց, բանաստեղծական լավ տեքստն արդեն իր մեջ երաժշտություն է պարունակում: Երգահանին, կամ կոմպոզիտորին մնում է «վերծանել» այն: Ես ինքս յոթանասուն բանաստեղծություն ունեմ գրած: Նույնիսկ մտադրություն ունեմ գիրք հրատարակել: Երաժշտական իմ ձեռնարկները մի կարեւոր միտում ունեն՝ ուսուցիչներին հուշել, թե որ տարիքային խմբում ինչ բովանդակությամբ ու տրամադրությամբ երգեր են անհրաժեշտ ուսուցանել: Երեխայի ներաշխարհը շատ փխրուն է, պետք է զգույշ գործել: Ես համաձայն չեմ, երբ, ասենք՝ ցածր տարիք ունեցող դպրոցականին «ծանրաբեռնում են» պատմական արհավիրքների մասին զրույցներով: Դրա ժամանակը կգա՝ երբ երեխան ավելի ամուր հոգեբանություն ունենա:

-Մանկապարտեզում երգի միջոցով պետք է ուսուցանել ՍԵՐ՝ ծնողի, բնության, Հայրենիքի, աշխարհի նկատմամբ, առանց պաթոսի, պարզ խոսքերով, կերպարներով: Կարեւոր է  , որ երեխան իրեն հպարտ, հզոր զգա, ու  համոզված լինի, թե երազանքը կարելի է իրականացնել, եթե ցանկությունդ լուրջ է, եւ դու աշխատում ես դրա վրա: Պետք չէ երեխաներին ծանրաբեռնել խիստ թախծոտ թեմաներով:

-Փոքր տարիներիս հաճախում էի խմբակներ: Գնացել եմ պարի՝ Խաչիկ Մարգարյան կար, նրա խմբակում էի պարում: Ձեռագործի խմբակի անդամ էի: Մի աշխատանքս ցուցադրվեց այն տարիներին Ֆրանսիայում ու մրցանակ շահեց: Նկարս Պիոներ պալատի պատին կախեցին: Միաժամանակ մասնակցում էի դաշնամուրի, քանոնի դասերին, նվագում էի մանկական անսամբլում: Քանոնի առաջին ուսուցիչս Անժելա Աթաբեկյանն էր: Հետո արդեն դարձա Խաչատուր Ավետիսյանի աշակերտը: Միգուցե այսպիսի ակտիվ մանկությո՞ւնը կանխորոշեց  դժվարությունների նկատմամբ սթափ, դրանք հաղթահարելու պատրաստ  լինելս:

-Կուզենայի բոլորս բարի ու հանդուրժող լինեինք միմյանց հանդեպ, իրար լսենք, այլ ոչ թե ամեն մեկս մեր եսը առաջ տանենք: Կուզեի լիներ Մարդու փոխվելու օրենք. եթե ինքներս չենք ուզում փոխվել, թող դա լինի վերեւից, միգուցե արդյունքն ավելի շա՞տ լինի…

Մանկագիր-երգահան, երկու տասնամյակ ի վեր «Աջափնյակ» գեղագիտական  երաժշտական բաժնի անփոփոխ ղեկավար տիկին  Ալվարդ Մանդակունյանը համերգների, ուսուցողական վարպետության դասերի նորանոր ծրագրեր ունի, եւ 77 խորհրդավոր թիվը ամենեւին խոչընդոտ չէ դրանք իրականություն դարձնելու համար:

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Ստեփանակերտի հրդեհի և պայթյունի գործով կան ձերբակալվածներ

Հաջորդ գրառումը

Մուսալեռցի հայը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Մուսալեռցի հայը

Լրահոս

Հոսանքի խափանման պատճառով «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների բողոքարկման գործընթացն ընդհատվել է

04/07/2026

Այսօր՝ հուլիսի 4-ին, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների...

Ստորագրվել է Իրան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ փոխըմբռնման հուշագիր

04/07/2026

Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել...

Խոր գնահատանք ենք հայտնում տարածաշրջանում կայուն զարգացման խթանման Ձեր վճռական ջանքերի համար. Ալիևը շնորհավորել է Թրամփին

04/07/2026

Ուրախալի է, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ ցուցաբերելով աճի միտում։ Ինչպես հաղորդում էադրբեջանական...

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և G7-ի երկրներին՝ Ռուսաստանի հարձակումները կանխելու վճռական քայլեր անել

04/07/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և G7-ի երկրներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից...

Շոգի պատճառով ԱՄՆ-ի արևելյան նահանգներում Անկախության օրվա միջոցառումները չեղարկվել են

04/07/2026

ԱՄՆ-ում տիրող ծայրահեղ շոգը խաթարում է Անկախության օրվա տոնակատարությունները։ Արևելյան նահանգներում (այդ թվում՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում), ինչպես նաև...

Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը

04/07/2026

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների»...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական