Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Գարուն» ամսագրի սիմվոլը. Վարդգես Պետրոսյան

Նոյեմբերի 1-ին՝  Հայաստանի Ազգային Գրադարանում նշվում էր զույգ հոբելյարներ՝  արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ՝ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90 ամյակը եւ «Գարուն» ամսագրի տպագրության 55 ամյակը:

«Գարուն» -ը գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիր է: Տպագրվել է Երեւանում՝ 1967 թվականից: Տպագրել է հայ անվանի եւ երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Ակնարկներով, հոդվածներով եւ հարցազրույցներով բարձրացրել ու լուսաբանել է հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական, դաստիարակչական հարցեր:

1967-1975 թվականներին ամսագրի գլխավոր խմբագիրն էր Վարդգես Պետրոսյանը:

Իրենից հետո այդ պաշտոնում հաջորդել են Անժիկ Հակոբյանը, Աշոտ Գաբրիելյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Անանյանը, Վարուժան Այվազյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ «Գարուն» ամսագրի որոշ համարները:

Հայաստանի Ազգային Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսեց գրադարանի ձեռքբերումների եւ մեծ գիտաժողովի մասին, որը իր շուրջը հավաքել էր աշխարհի 17 երկրներից գրադարանային ոլորտի ներկայացուցիչների:

Ներկաների հետ իրենց հուշերը կիսեցին այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում աշխատել են «Գարուն» ամսագրում:

Մերուժան Տեր-Գուլանյանը երանությամբ է հիշում Վարդգես Պետրոսյանին եւ իր անցկացրած օրերը համատեղ աշխատանքում:

«Գարուն» ամսագիրը սովորական պարբերական չէր, որ թողնեիր եւ գնայիր: Դա գրական մեծ արժեք է, թեկուզ որ անցնի 100 տարի»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Հանդիսությունը առիթ էր երիտասարդների համար ծանոթանալու հայերի համար  մեծ արժեք հանդիսացող «Գարուն» ամսագրի վաստակի, գրականության ու լրագրության մեջ իր հատուկ տեղը զբաղեցրած նրա հիմնադիր խմբագիր Վարդգես Պետրոսյանի ժառանգությանը:

ՍՈՖՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանող