Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատի զավակները

ԱԶԳ
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
115
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականին Բրազիլիայում լույս է տեսել Սոնյա Ֆրեիթասի (Sonia Maria de Freitas) ՄԻԱՍԻՆ ՀՅՈՒՍԵԼՈՎ ԹԵԼԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ (ENTRELAÇANDO LINHAS E MEMORIAS) գիրքը: Այն հեղինակային հրատարակություն է, բովանդակությունը շարադրված է պորտուգալերեն: Ունի 227 էջ, ամբողջությամբ գեղատիպ է, հարուստ արխիվային լուսանկարներով: Սոնյաի գրքում ներկայացված են մի շարք տեղեկություններ Հայաստանի եւ հայ մշակույթի մասին: Առանձին բաժիններով ներկայացված է 26 պատմություն Ցեղասպանությունից հետո Բրազիլիայում հաստատված հայ ընտանիքների մասին: Այն մասին, թե ինչպես են նոր երկրում, նոր պայմաններում հայուհիները շարունակել իրենց ավանդական ասեղնագործությունը:

Հեղինակը Սան Պաոլոի համալսարանի դոկտոր է, աշխատել է տեղի Museu da Imagem e do Som »õ Museu da Imigração  թանգարաններում: Զբաղվել է հատկապես պորտուգալացի եւ հայ ներգաղթյալներին վերաբերող նյութերով:

Գիրքը հրատարակվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության աջակցությամբ:

Սիրելի Սոնյա քո հրաշալի ուսումնասիրությանը ծանոթանալու նախօրեին, Երեւան վերադարձի ճանապարհս անցնում էր Արարատյան դաշտով: Բիբլիական Արարատ լեռը աներեւակայելի հզորությամբ իշխում էր ողջ ուղեւորության ընթացքին: Լեռան մեծ գագաթին մի տարօրինակ ամպ էր նստած: Այն բզկտված, ճերմակ լաթի էր նման: Գագաթին հատուկենտ մնացած սառցաբեկորները կարծես լաթից պոկված պատառներ լինեին, որ թափվել էին երկնքից, անդնդախոր կիրճերով ու ձորերով գլորվել վար: Կարծես երկնային լույսը սպիտակ, անկանոն շողարձակումներով երկիր իջած լիներ: Մտածում էի, որ հազարամյակներ առաջ երեւի հենց այսպես է Աստվածային օրհնությունը իջել Հայոց աշխարհի եւ ժողովրդի վրա:

Իրականում գրեթե բան չի մնացել Հայոց աշխարհից: Դժվարությունների տակ կքած մի փոքրիկ պետություն, հայեր եւ աշխարհով մեկ սփռված միլիոնավոր սփյուռքահայեր: Ժամանակը շատ բան է փոխել, ջնջել, ոչնչացրել, խառնել: Սակայն ինչ որ բան, օրհնության մի աննշան առկայծում արձագանքվել ու մեր օրեր է հասել: Ես դրանում համոզվեցի նաեւ թերթելով քո նոր գիրքը:

Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ Հայաստանում ապրող որեւէ հայի համար մեծ ուրախություն է նման գրքի հրատարակությունը: Անկասկած, այն կարեւոր ներդրում է հայագիտության մեջ: Չափազանց գնահատելի է թե՛ քո աշխատանքը, եւ թե՛ այն միջավայրը, որում դու աշխատում ես: Ամեն գնահատանքից վեր է այն հարգալից վերաբերմունքը, որը առկա է Բրազիլիայում հաստատված փոքրաթիվ հայերի անցյալի ու ներկայի նկատմամբ: Համարում եմ կարեւոր եւ ուսանելի այն մոտեցումը, որով դու ներկայացնում ես գաղթական հայ կանանց: Յուրաքանչյուր դեպքում ուրվագծվում է շնորհալի ու կենսասեր մարդու կերպարը: Մարդ՝ որը թե՛ ընտանիքի կին է ու մայր, եւ թե՛ իր միջավայրում, հասարակական կյանքում ակտիվ ու դրական դերակատարում ունեցող էակ: Ամբողջությամբ կիսում եմ այն ուրախությունը, որով բացահայտել ես քո հերոսների կյանքի ու գործունեության մանրամասնությունները: Ի՜նչ լավ է, որ բրազիլահայ ընտանիքներում կան «կախարդական սնդուկներ», իսկ սնդուկներում իրենց վերադարձին սպասող հրաշալի ձեռագործներ:

Հայերի մասին գրելու նպատակ չունեմ, քանի որ դու մոտիկից ծանոթանալու եւ խորապես ուսումնասիրելու հնարավորություն ունեցել ես: Կարծում եմ, բազմազգ միջավայրը, ինչպիսին Բրազիլիան է, այս տեսակետից մեծ հնարավորություն է տալիս: Ես նման փորձառություն ունեցել եմ Միջին Արեւելքում՝ Սիրիայում: Այնտեղ հայերը ակամա համեմատության մեջ էին գտնվում արաբների, քրդերի, հույների, ասորիների, թուրքերի, եզիդիների հետ:

Միաժամանակ նշեմ, որ այս հրատարակությամբ ուրախանալու համար պարտադիր չէ հայ լինելը: Որեւէ մարդ, անկախ ազգությունից, եթե հետաքրքրված է ժողովրդական արվեստով, մարդ արարածի ստեղծագործական հատկություններով եւ դրա անսպասելի, չծրագրված դրսեւորումներով, ուրախությամբ է ծանոթանալու այս գրքին:

Այնուամենայնիվ, սիրելի Սոնյա, մի քանի տողով փորձեմ բացատրել, թե հատկապես ինչո՞ւ է օվկիանոսն անցած եւ նոր հայրենիք գտած իմ ազգակիցների մասին այս գիրքը ինձ համար կարեւոր:

Ժամանակակից Հայաստանի քաղաքներում, մեծ ու փոքր բնակավայրերում բազմաթիվ են մշակույթի տները, արվեստի դպրոցները: Այստեղ նկարչության, երաժշտության, ասեղնագործության կամ շախմատի դասընթացների հետեւելը սովորական բան է: Եթե մտքով փորձենք վերադառնալ 19-րդ դար, բոլորովին այլ վիճակում կհայտնվենք: Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի, ընդհանրապես Օսմանյան կայսրության քաղաքներում այլ իրավիճակ էր: Հայ երեխաների առաջին առնչությունը գեղարվեստի հետ հայրական տանն էր տեղի ունենում: Հատկապես աղջիկները փոքր տարիքից տեսնում, ծանոթանում ու մասնակցում էին ձեռագործին: Կենցաղում գործածական, միաժամանակ գեղեցիկ ձեռագործ աշխատանքները նրանց շրջապատում էին օրորոցից: Գեղեցիկի հետ շփումը, ճանաչողությունը տեղի էր ունենում մոր, մեծ մոր, քույրերի միջավայրում: Այստեղ էր ձեւավորվում իր ճաշակը եւ (ենթագիտակցաբար) ծանոթությունը ավանդույթով իրեն հասած ազգային մշակույթի հետ: Այլ խոսքով՝ հայուհու գեղարվեստական կրթությունը տեղի էր ունենում ընտանիքում:

Այս երեւույթը իմ կարծիքով չափազանց թանկ է եւ արժեքավոր:

Սրանից բխող մի ուրիշ իրողություն եւս կա, որի մասին ուզեցի քեզ գրել:

Իր սովորական միջավայրում աշխատող հայուհին «հավակնություններ չունեցող շնորհալի մարդ»ն է: Փորձենք պատկերացնել տաղանդավոր, բծախնդիր վարպետների մի անթիվ անհամար բանակ, որ ժրաջան աշխատում է առանց սպասելու (կամ գրեթե առանց սպասելու) գնահատանքի ու մեծարանքի: Այսպիսի միջավայրում, որեւէ շնորհալի հայուհու քաջալերանքը կարող էր լինել իր մոր կամ մորաքրոջ խոսքը: Հաջողության գագաթը կարող էր լինել ներկայանալի օժիտը: Նրանց գործը հրատարակվելու, մասնագետների կողմից գնահատանքի եւ հոդվածների համար չէր: Իսկ Համիդյան ջարդերից ու Ցեղասպանությունից հետո հիմնականում ապրուստի համար միջոցներ հայթայթելու նպատակ էր հետապնդում: Այլ հարց, որ տարիներ հետո արվեստաբան մասնագետները ոչ միայն գնահատում եւ արժեւորում էին այդ աշխատանքները, այլեւ ընտրում էին ընտիրագույնները՝ որպես թանգարանային նմուշներ:

Այս երեւույթը եւս ինձ համար չափազանց կարեւոր է եւ հուզիչ:

Ես Սիրիայում ապրած տարիներիս հանդիպել եմ հրաշալի ասեղնագործողների, որոնք չէին գիտակցում իրենց տաղանդի չափը…: Այսպիսի կանանցով լի մի ամբողջ դահլիճ էր հավաքվել 2010թ. «Մարաշի Ասեղնագործություն» պատկերագրքի շնորհանդեսին: Նրանցից շատերը հազիվ քայլելով մտան դահլիճ, մի մասը ձեռնափայտով, մյուսները զավակների ու թոռների ուսերին կռթնած: Այդ ալեհեր մամիկները ծանր շնչելով, դանդաղկոտ ու զգուշավոր՝ աստիճանաբար լցրեցին դահլիճը: Իրենց երիտասարդությունը, ձեռքերի շնորհքը, աչքերի լույսը ընտանիքի բարեկեցությանը զոհած, ասեղնագործությամբ զավակ մեծացրած հարյուրավոր կանայք: Ճիշտ այնպիսի կանայք, որոնց մասին դու գրում ես, լցրեցին ողջ դահլիճը: Նրանցից շատերը զարմանում էին, որ իրենց անունն ու նկարները, ձեռագործները այլեւս տպագրված են գրքում: Զարմանում էին, որ Մարաշից Հալեպ հասած, Ցեղասպանության ճամբաներով անցած իրենց մայրերի գործերը հայտնվել էին ալբոմի էջերին: Ես իմ բազմաչարչար ու տաղանդավոր ժողովրդին այդ օրն եմ հանդիպել ու ճանաչել:

Վերադառնալով քո գրքին պետք է ասեմ, որ դու «կյանք ես վերադարձրել» մի շարք այդպիսի կանանց: Նրանք երբեւէ չեն մտածել, որ իրենց գործը ուսումնասիրվելու է, որպես գեղարվեստ արժեւորվելու եւ հրատարակվելու է: Այս իմաստով է, որ ես քո գործը չափազանց բարձր եմ գնահատում:

Քանի որ հարցը ունի նաեւ արվեստաբանական կողմ, եւս մի կարծիք: Վերջին ժամանակներս մտածում եմ, որ որոշ մեթոդներ, որոնցով մենք հաճախ առաջնորդվում ենք մշակութային երեւույթները հասկանալու համար, ոչ թե օգնում, այլ՝ խանգարում են: Խոսքս շոշափելի դարձնելու համար բերեմ մի օրինակ: Հայաստանի գյուղերում շրջագայությունների ժամանակ Կոմիտասի հետ պատահել է մի այսպիսի դեպք: Երեկոյան հողագործ մի գյուղացու նա խնդրրել է տանը երգել այն հորովելը, որը սովորաբար երգում է հողը վարելիս: Գյուղացին հրաժարվել է ու՝ բացատրել. «Առանց եզների, առանց գութանի եւ առանց վարելու ի՞նչ հորովել»: Նրա համար վարելը թե՛ գործ է, թե՛ արարողություն (սրբազան): Իսկ երգը այդ արարողությունը ուղեկցող (ծիսական) երեւույթ:

Ինձ թվում է այս դեպքը խորհրդանշական եւ բնորոշիչ է հայկական մշակույթի համար: Հազարամյակներով սարերում երգված երգը մի օր, պատահաբար կարող է արձանագրվել մասնագետի կողմից եւ գնահատվել, որպես հրաշալի ստեղծագործություն: Սակայն այդ երգը իր անաղարտ միջավայրում համերգային գործ չէ, ծափերի եւ գնահատանքի չի սպասում: Այդ երգի «հանդիսատեսը» երկու հսկա եզներն են, որ պատռելով հողը գութանն են քաշում:

Կրկին անգամ շնորհավորելով այս գրքի հրատարակության առթիվ, ցանկանում եմ քեզ ավելի մեծ հնարավորություն մեր մշակույթին ծանոթանալու համար: Մաղթում եմ, որ մի օր դու ինքդ հնարավորություն ունենաս գալ Հայաստան, քո ուսումնասիրած հայուհիների հայրենիքը: Անպայման պետք է լինել Արարատյան դաշտում, Արարատի դիմաց, այնտեղ՝ որտեղից աշխարհով մեկ տարածվել են Արարատի զավակները:

ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Արվեստաբան, ազգագրագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղեղային կենտրոնները ձգտում են գրադարանագիտական աշխատանքի զարգացմանը․ «Բայազետ» կենտրոն

Հաջորդ գրառումը

Գիտնականները ուսումնասիրում են ուռուցքային հիվանդությունները

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները ուսումնասիրում են ուռուցքային հիվանդությունները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական