«Երբ ինձ հարցնում են, թե ինչ ոճով եմ ստեղծագործում, պատասխանում եմ՝ ես փորձում եմ միայն մեկ ոճի կամ մեկ ձեւի ենթարկվել՝ լինել անկեղծ իմ արվեստի նկատմամբ».
Արա Հակոբյան
«Թեքեյան» կենտրոնում բացվել է գեղանկարիչ, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են գեղանկարչի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից շուրջ 30 աշխատանք: Սա գեղանկարչի 6-րդ անհատական ցուցահանդեսն է: Արա Հակոբյանը խոստովանում է՝ հայրենիքում ցուցադրվելն ավելի պարտավորեցնող է, քան նրա սահմաններից դուրս:
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ նկարիչների միության անդամներ, դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր հանրություն:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ցուցահանդեսի բացումը կարեւոր իրադարձություն համարեց:
Վերջինս Արա Հակոբյանի ստեղծագործական ներշնչանքների ականատեսն ու վկան է եղել եւ նկատում է՝ գեղանկարիչը ստեղծագործելիս անսահման բերկրանք է ապրում, ինչն արտահայտվում է նաեւ նրա կտավներում. ամեն մեկին տրված չէ հաճույք ստանալ ստեղծագործելիս:
Ռուբեն Միրզախանյանի դիտարկմամբ՝ հայերը շնորհաշատ են գեղարվեստի ասպարեզում, սակայն տաղանդավոր դրսեւորումներից զատ, գեղանկարիչների մոտ հաճախ բացակայում են ինտելեկտն ու կրթությունը. «Վերջիններս գերակշռում են Արա Հակոբյանի մոտ: Եվ պատահական չէ, որ մեր երկրում արվեստագիտության 4 դոկտորներից մեկն էլ Արա Հակոբյանն է»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց Արա Հակոբյանին եւ մաղթեց ստեղծագործական նոր վերելքներ: «Նա պարզ, մաքուր սիրտ ունեցող արվեստագետ է, արդար իր շփման մեջ եւ ազնիվ՝ մարդկային փոխհարաբերություններում: Այդ ամենն արտացոլված է նրա կտավներում, որոնցում կան պարզ, մարդկային դրվագներ եւ որոնք կարող է տեսնել, պատկերել միայն արվեստագետը»,-նշեց Սուրեն Սաֆարյանն ու վստահեցրեց՝ այսպիսի նկարչության կարիք բոլորս ունենք, քանի որ դրանում Արա Հակոբյանի էությունն է ներկայացված:
Արա Հակոբյանը ծնվել է մտավորականի ընտանիքում. հայրը՝ Հրավարդ Հակոբյանը, արվեստագիտության դոկտոր է եւ որդու ամենախիստ քննադատը: Արա Հակոբյանի համար արվեստն ապրելակերպ է: Նա կարող է ոգեշնչվել կնոջից, հայրենի բնությունից, հոգեւոր թեմաներից, եւ որ կարեւորն է՝ արվեստասերներից. վերջիններս հատկապես ստեղծագործելու յուրատեսակ շունչ են տալիս իրեն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի գնահատանքն ու օրհնությունը եւ հավաստիացրեց՝ այս քաոսային իրավիճակում արվեստն այն ապահով, խաղաղ, անվտանգ եւ իմաստուն հանգրվանն է, որ մեզ հաղորդ է դարձնում աստվածային շնորհի արտահայտություններին:
«Մեր օրերը կարծես նմանվում են ալեկոծված ծովի, եւ այդ ծովի մեջ արվեստն այն կարեւոր նավակներից է, որտեղ շտապում են բոլոր նրանք, ովքեր հայտնվել են ալեկոծության մեջ: Ուրախալի է, որ մերօրյա արվեստագետներն իրենց կտավներում տեղ են հատկացնում նաեւ հավատքին, հոգեւոր կյանքին: Դրանք ինձ փոխանցում են այն նույն ապրումները, որն ունենում եմ եկեղեցական ծեսի ժամանակ»,- նշեց Հայր Ասողիկն ու Արա Հակոբյանին մաղթեց ստեղծագործական անսպառ եռանդ, արդյունավորել այն շնորհը, լուսավոր ընթացքը, որ Աստված է բաշխել. ի վերջո, արվեստի ճանապարհով մարդը կերտվում է, իմաստնանում, այդ ճանապարհով է նաեւ, որ հաղորդ է դառնում աստվածային մշակույթին:
Արվեստաբանների կարծիքով՝ Արա Հակոբյանի աշխատանքներն առարկայական են, ռեալիստական՝ հեռու պարզունակությունից, իսկ ըստ արվեստասերների՝ գեղանկարչի արվեստը ոչ մեկին ոչ մի բան չի պարտադրում, բացի բավականությունից եւ հաճույքից, ինչը որ գեղարվեստը կարող է տալ մարդուն:
Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ մայիսի 19-ը` ժամը 16:00-ն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ