Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքսեյ Լյուբիմով. «Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է»

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ռուս լեզվաբան, թարգմանիչ Ալեքսեյ Լյուբիմովին քչերն են ճանաչում Հայաստանում, չնայած Հայաստանի եւ հայոց լեզվի հետ նրա ունեցած սերտ կապերին: Վերջերս Համացանցում տեղադրվեց նրա հետ Վադիմ Հարությունովի վարած երկու հարցազրույցը, որը բուռն հետաքրքրություն առաջացրեց մեր հայրենակիցների շրջանում: Շնորհակալությո՛ւն մեր հայրենակից լրագրող Վադիմ Հարությունովին՝ բացահայտելու համար հայ ժողովրդի ու հայոց լեզվի այս մեծ բարեկամին:

Ալեքսեյը ծնվել է 1983 թվականին, Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում, ուսանել է լեզուներ Դոնի Ռոստովի օտար լեզուների ինստիտուտում: Աշխատել է Ռոստովի հայ համայնքի «Դոնի Նախիջեւան» թերթում որպես հայերեն հոդվածների խմբագիր, նաեւ հայերեն է դասավանդել Ռոստովի հայկական կիրակնօրյա դպրոցում: Ապրում է Ադըղեայի Հանրապետության Յաբլոնովսկի ավանում՝ հայուհի կնոջ եւ որդիների՝ Հայկի ու Դանիելի հետ, աշխատում է որպես ազատ թարգմանիչ՝ կատարելով թարգմանություններ հայերենից եւ անգլերենից ռուսերեն եւ ռուսերենից անգլերեն:

Իմ եւ Ալեքսեյի մեջ սկսվեց նամակագրություն եւ հեռախոսազրույցներ. ամեն անգամ ինձ հիացնում է նրա անսխալ հայերեն գրավոր խոսքը… Ներկայացվող հարցազրույցի պատասխաններն էլ նա գրեց հայերեն, դրանք ներկայացնում եմ ընթերցողին առանց դույզն–իսկ միջամտության…

–Ալեքսեյ ջան, ռուս թարգմանիչների կայքէջում որպես քո մայրենի լեզու նշված է ոչ միայն ռուսերենը, այլեւ հայերենը: Եվ դա այն դեպքում, երբ դու չունես հայկական ծագում ու չես մեծացել Հայաստանում: Ինչպե՞ս է դա հնարավոր:

-Դեռ փոքր ժամանակ ես շատ հայ ընկերներ ունեի եւ արդեն խոսում էի հայերեն՝ հիմնականում Արցախի բարբառով: Երբ տեղափոխվեցի Դոնի Ռոստով, սկսեցի հաճախել Ռոստովի հայ համայնք եւ սովորել գրական հայերենը: Որոշ ժամանակից հետո որոշեցի սովորել նաեւ գրաբար, արեւմտահայերեն ու հայերենի բազմաթիվ բարբառները: Հայերենն ինձ համար վաղուց նույնքան հարազատ է դարձել, որքան ռուսերենը, իսկ հայ մշակույթը, երգը, պարը, խոհանոցը իրոք դարձել են իմ կյանքի անբաժանելի մասը:

–Ինչո՞վ ես բացատրում, որ չնայած հայերի եւ ռուսների միջեւ 200 տարի առկա հարաբերություններին, ռուսների մեջ գրեթե չկան հայերենագետներ:

-Ճիշտն ասած, ինձ համար դա շատ զարմանալի է: Գուցե հայերենը ռուսներին թվացել է դժվար ու խրթին, իսկ հայոց այբուբենը՝ չափազանց անսովոր: Սակայն ինձ թվում է, թե համացանցի եւ արդի տեխնոլոգիաների շնորհիվ գնալով ավելանում են մարդիկ, ովքեր հետաքրքրվում են Հայաստանով ու հայերով ընդհանրապես եւ հայոց լեզվով՝ մասնավորապես: Հուսով եմ՝ մոտ ապագայում հայերենագետների շարքերը կհամալրվեն:

–Դու տիրապետում ես ոչ միայն արեւելահայերենին ու արեւմտահայերենին, այլեւ գրաբարին ու հայերենի որոշ բարբառների: Ի՞նչ է տալիս այս իմացությունը քեզ:

-Ես երջանիկ եմ նրանով, որ հասկանում եմ ոչ միայն գրական հայերենը, այլ նաեւ հայերենի բոլոր բարբառները, հայ ժողովրդի կենդանի խոսքը, կարող եմ զգալ հայոց լեզվի հարստությունն ու խորությունը: Այս ամենի շնորհիվ ես կարող եմ նաեւ վայելել հայ արվեստն ու գրականությունը, որոնք իսկական գանձ են եւ իմաստության անսպառ աղբյուր: Բացի դրանից, հայերենի բարբառների իմացությունն ինձ թույլ է տալիս շփվել եւ մտերմանալ հասարակ մարդկանց հետ, ովքեր չեն տիրապետում գրական լեզվին:

–Ի՞նչ կտա ոչ հայերին հայերեն իմանալը:

-Հայերեն իմանալը ոչ հայերին հնարավորություն կտա հաղորդակցվելու հայ ժողովրդի հարուստ ժառանգությանը, հին, գեղեցիկ եւ յուրահատուկ հայ մշակույթին, հայ ժողովրդի պատմությանը: Հայերենի իմացությունը նրանց թույլ կտա հեշտությամբ շփվել տարբեր երկրներում ապրող հայերի հետ: Հայերենին տիրապետող մարդիկ կկարողանան հայ հեղինակների ստեղծագործությունները բնագրով կարդալ: Անձամբ ինձ համար դա շատ կարեւոր է, քանի որ, իմ կարծիքով, ոչ մի թարգմանություն ի վիճակի չէ ամբողջությամբ փոխանցել բնօրինակ տեքստի բոլոր հատկությունները:

–Դու երկու գիրք ես թարգմանել հայերենից ռուսերեն եւ մի շարք ֆիլմեր: Ի՞նչ գործեր են դրանք եւ ինչպե՞ս են տարածվում ռուսալեզու միջավայրում:

-2011 թվականին ես թարգմանել եմ «Ակ-Դաղ՝ քառամյա գոյամարտը» գիրքը, որի հեղինակներ Նազար Գաբիկյանն ու Գյուլբենկ Գալուստյանը Օսմանյան Թուրքիայի նահանգներից մեկի՝ Յոզգաթի բնիկներ են եղել: Հայոց Մեծ եղեռնի ժամանակ նրանք չորս տարի թաքնվել են լեռներում՝ կենաց-մահու անհավասար պայքար մղելով թուրքական բանակի եւ բազմաթիվ թուրք ու քուրդ ավազակների դեմ: Իմ թարգմանած գործերի մեջ կա նաեւ Հայկազուն Ալվրցյանի խմբագրությամբ մի շարք գիտական հոդվածներ՝ այսօրվա Թուրքիայում ապրող հայերի, ծպտյալ հայերի եւ նրանց խնդիրների վերաբերյալ: Իմ կողմից թարգմանված ֆիլմերի մեջ կան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տիգրան Մեծ», «Վերադարձ դեպի Արարատ», «Շուշիի ազատագրումը», «Թեւան. Լեգենդ եւ իրականություն», «Who is Monte?» եւ այլ ֆիլմեր: Գրքերը հրատարակվել են «Ժողովրդական հիշողություն» հասարակական կազմակերպության եւ «Երկրամաս» թերթի աջակցությամբ, որից հետո տարածվել հայ համայնքների ռուսալեզու միջավայրում: Ֆիլմերի ռուսերեն տարբերակները պատրաստվել են Վադիմ Հարությունովի, Արթուր Գեւորգյանի, Վադիմ Բադալյանի եւ «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանի աջակցությամբ եւ տարածվում են YouTube-ի եւ տարբեր կայքէջերի միջոցով:

–Դու տիրապետում ես նաեւ ադրբեջաներենին: Այդ լեզուն կրողները քեզ չե՞ն անհանգստացրել:

-Որքան էլ տարօրինակ է, իմ կյանքում նման դեպքեր երբեք չեն եղել: Ինձ հանդիպում են հիմնականում լավ մարդիկ՝ անկախ նրանց ազգությունից: Գուցե բախտս բերում է, չգիտեմ… Ես ունեմ մի քանի ծանոթ ադրբեջանցիներ, որոնք չեն ապրում Ադրբեջանում, հեռու են քաղաքականությունից, Բաքվի քարոզչության ազդեցության տակ չեն գտնվում եւ լավ են վերաբերվում հայերին ու Հայաստանին: Նրանցից ոմանք նույնիսկ հայ ընկերներ ունեն:

–Ի՞նչ է քեզ համար Հայաստանը:

-Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է: Հայաստանն այն վայրն է, որտեղ ես ինձ ազատ եմ զգում: Այդտեղ ինձ համար ամեն ինչ հարազատ է: Շատ եմ կարոտում Հայաստանի բարի, սրտաբաց, ջերմ ու հյուրասեր մարդկանց, հիասքանչ բնությունը, վեհ լեռները, մաքուր օդն ու ջուրը… Կուզեի հաճախ այցելել Հայաստան: Հուսով եմ՝ շուտով կունենամ այդպիսի հնարավորություն:

–Հայ արվեստի ո՞ր տեսակն է քեզ ամենից հարազատ:

-Այս հարցն ինձ համար բավականին դժվար է… Ես շատ եմ սիրում հայկական երաժշտությունը՝ մասնավորապես հայ ժողովրդական երաժշտությունը: Ի դեպ, ես դուդուկ ունեմ: Երաժիշտ չեմ, իհարկե, բայց շվի ու դուդուկ մի քիչ նվագում եմ:

–Ունե՞ս նախընտրած հայ գրողներ:

-Հայ գրողներից ու բանաստեղծներից նախընտրում եմ Ակսել Բակունցին, Վահան Թոթովենցին, Եղիշե Չարենցին, Պարույր Սեւակին, Վահան Տերյանին, Հովհաննես Շիրազին… Շատ եմ սիրում գրքեր ընթերցել, բայց վերջին տարիներին, ցավոք սրտի, տարբեր պատճառներով առաջվա պես հաճախ կարդալու հնարավորություն չունեմ:

–Հայերենից դու մինչեւ հիմա թարգմանել ես քո նախաձեռնությամբ, առանց նյութական վարձատրության: Ես մաղթում եմ, որ այսուհետ մեր հայրենակիցները՝ Ռուսաստանում թե Հայաստանում, օգտագործեն քո թարգմանական կարողությունները՝ վճարելով աշխատանքիդ համար: Որպեսզի կարողանաս պահել ընտանիքդ եւ հաճախ այցելել Հայաստան…

-Ես միշտ ուզեցել եմ, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ մոտիկից ծանոթանան հայ մշակույթին, ուսումնասիրեն հայ ժողովրդի պատմությունը, իմանան Հայաստանի մասին ճշմարտությունը, փաստերի վրա հիմնված կարծիք կազմեն՝ ի հակակշիռ այսօր ամենուր տարածվող ստի: Ինձ համար մեծ պատիվ է օգտակար լինել հայ ժողովրդին ու Հայաստանին: Այդ իսկ պատճառով հայերենից ես թարգմանում եմ առանց վարձատրության, բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ փողը կարեւոր դեր է խաղում մեր կյանքում, որովհետեւ այն թույլ է տալիս ոչ միայն ընտանիք պահել, այլեւ տարբեր նպատակների հասնել, զբաղվել նրանով, ինչը մեզ դուր է գալիս… Ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, ում իմ գիտելիքները կարող են օգտակար լինել:

–Ի՞նչ ես մաղթում հայերին այս խառը ժամանակներում:

-Հայերին ես մաղթում եմ խաղաղ կյանք, սեր, միասնություն եւ իմաստություն: Ուզում եմ, որ այս խառը ժամանակներում աշխարհի բոլոր հայերը իրար սատար կանգնեն, չմոռանան իրենց արմատները, պատմությունը, լեզուն ու մշակույթը եւ երբեք չօտարանան իրենց հայրենիքից, չուծանան ամեն հայկականից:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Արեւը ճառագի, նյութապաշտությունն ստվերի…

Հաջորդ գրառումը

Գարուշ Ղազարյանի ֆիլմը ցուցադրվել է Եգիպտոսում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Գարուշ Ղազարյանի ֆիլմը ցուցադրվել է Եգիպտոսում

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական