Հետազոտությունը ավելի քան երեք հազար տարի առաջ Եգիպտոսը ղեկավարած փարավոնի սպանության բացահայտման նոր բանալի է տվել, հայտնում է AFP-ը։
Այս մասին գրում է news.am-ը:
Սեկենենրա Թաո II «Խիզախը» հարավային Եգիպտոսը ղեկավարել է Քրիստոսի ծնունդից մոտավորապես 1600 տարի առաջ: Հայտնի է, որ նա ղեկավարել է եգիպտական ուժերը ընդդեմ հիքսոսների՝ արեւմտաասիական ծագման դինաստիա, որը գրավել է Նեղոսի դելտան:
Սեկենենրայի մարմինը 1960-ականներին հետազոտվել է ռենտգենյան ճառագայթների միջոցով՝ հայտնաբերելով գլխի վերքերը, որոնք ճարպկորեն թաքցրել են զմռսողները եւ առաջ քաշել տեսություններ, թե նա սպանվել է մարտում կամ պալատում:
Բայց համակարգչային տոմոգրաֆիա անցկացնելուց եւ եռաչափ պատկերի ստեղծումից հետո հնագետ Զախի Հավասը եւ Կահիրեի համալսարանի ճառագայթաբանության պրոֆեսոր Սահար Սալիմը եկել են այն եզրակացության, որ նա սպանվել է «մահապատժի արարողության» ժամանակ՝ այն բանից հետո, երբ գերեվարվել է ռազմաճակատում:
Համակարգչային տոմոգրաֆիան «հայտնաբերել է գլխի վնասվածքների մանրամասները, ներառյալ այն վերքերը, որոնք չեն հայտնաբերվել նախորդ հետազոտությունների ընթացքում եւ հմտորեն թաքցվել են զմռսողների կողմից»,- ասվում է հնությունների նախարարության հայտարարության մեջ:
Այնուհետեւ հետազոտողները համեմատել են այդ տրավմաները հիքսոսների զենքի հետ, որոնք պահպանվում է Կահիրեի Եգիպտական թանգարանում։ Դրանց թվում են կացինը, նիզակը եւ մի քանի դաշույններ:
Մումիայի դեֆորմացված ձեռքերը ցույց են տալիս, որ Սեկենենրան, հնարավոր է, գերեվարվել է մարտի դաշտում, իսկ ձեռքերը մեջքին կապած են եղել, ինչը թույլ չի տվել նրան հետ մղել կատաղի հարձակումը:
Ոսկորների զննումից պարզվել է, որ փարավոնը մահացել է մոտ 40 տարեկանում։