Հազար ու մի տող ու տաղեր կան, երգեր ու մեղեդիներ կան, բայց «սրտի ուզած տաղը չկա»: Հարթակը բաց է. հրատարակվում ու հրապարակվում են անհաշիվ ստեղծագործություններ, և այս զարհուրելի խայտաբղետ փոշեպտույտի մեջ եթե ուշադիր լինենք՝ կտարբերենք մանրիկ հյուլեներին, տաք ու սառը անցողիկ քամիներին, ծխի ցնդող քուլաներին և այլն: Ուշադիր լինենք՝ սեզերի մեջ ծաղիկ կգտնենք: Ուշադիր լինենք՝ բոռ ճանճերի մեջ ժրաջան մեղու կգտնենք, և վերջապես, կկոցելով ամպերին նայելիս արևի դեղնությունն անպայման կտեսնենք: Այժմ հայ գրականության պոետական շրջափուլն է: Անտեսելով համատարած թափթփվածությունը, և շուրջբոլորը ողողած այսպահական և ոչինչ չասող, ոչինչ չանող տողերը, ես կուզեմ որպես հայ նորագույն գրականության առանձին երանգի՝ Սոնա Վանի «Հայրս ասում էր» ժողովածուից խոսել: Գիրքն ըստ էության վերլիբրային մի կտավ է, որտեղ հստակ արտացոլված է հեղինակի դեմքը, հայացքը, մոտեցումը, հուզական վերապրումը: Վերլիբր՝ բառի ամենաուղիղ, ամենամոգական, ամենաբանաստեղծական իմաստով: Տողերն իրենց ռիտմիկ հյուսվածքով, ներքին տաղաչափական հնարքներով երբեմն աֆեկտի տակ են առնում ընթերցողին, և պատկերացրեք, որ հեշտ չեն բաց թողնում: Մեզանում հայ պոետեսա երևույթը հաճախ թյուրըմբռնման է արժանացել: Ոչ միայն ընթերցողի, այլև հե՛նց ստեղծագործողների կողմից: Անուններ չտալով՝ փորձեմ ակնարկել. մեկը վախվորած, կիսախրատական, կիսանաղլային է, մյուսը ակնհայտ ամուսնալուծությունից խենթացած, մի ուրիշը խռպոտ շեշտադրումով, որձակային, մի ուրիշն էլ գրականություն չիմանալով՝ սոսկ գրականամերձ և կենցաղային: Որևէ մեկին նսեմացնելու ցանկություն չունեմ, քավ լիցի, մենք ունենք նաև գրականության մեջ ամրապնդված անուններ, դա գաղտնիք չէ: Սոնա Վանն, ահա, անում է մի կարևոր քայլ, ինչը շատերը փորձեցին և տապալեցին, շատերն էլ տենչացին, սակայն փորձը երազանք մնաց: Սոնան խիզախում է վարագույրը իջեցնել, բայց չդարձնել երբեք երոտիկ պարզունակ ախմախություն: Սոնան փչում է վերջին մոմն էլ, բայց ընթերցողին չի թողնում՝ խարխափի մեղսունակ խավարում: Մոդեռնիզմը և պոստմոդեռնիզմը (էկզիստենցիալիզմն ու աբսուրդն էլ վրադիր) հայ ընթերցողը թեպետ սիրում է, սակայն հայ գրողն էլ չի կարողանում մարսել այն և ստեղծել, ասենք, Լոուրենսի վիպակների մակարդակի ստեղծագործություններ: Փորձերը շատ են, հավակնությունները՝ հատուկենտ: Սոնան խոսում է տղամարդուց՝ չմերկացնելով վերջինիս ամոթույքը և չեղծելով վերջինիս արժանապատվությունը: Անկնարկում է անկողին, բայց չի թափանցում ամուսնական մթին խորխորատը: Ամեն ինչ կոկիկ է, ամեն ինչ սահուն է, ամեն ինչ «Սոնայական» է, ինքնատիպ ու բանաստեղծական:Գիրքը հաջողված համարձակություն է, պատճառաբանված խիզախում է, և արդարացված քայլ, ավելի ճիշտ՝ ցատկ: Քնքույշ՝ իր քայլքի պես, կանացի՝ իր սեթևեթանքի նման և պոետիկ՝ իր խառնվածքի, ապրած կյանքի և վերիվայրումների պես… Սոնա Վանի «Հայրս ասում էր» ժողովածուն մի ընդգրկուն ներկապնակ է, որտեղ դեղինը, կարմիրը, կանաչն ու սևը հեղինակային ինքնատիպ անդրադարձում ունեն: Որպես ժողովածու՝ լիուլի հագեցնող է ու տպավորիչ: Թեմատիկ ծավալումն ու կոնֆլիկտը առատ է: Գրքում կողք-կողքի կերպարներ ու գործող անձինք են Կաֆկան, տիկնիկը, Քրիստոսը, մոգերը, սերը, ատելությունը, կուսականորեն անմեղ աղջնակը, Արցախը, Երևանը, հեռավոր գյուղակը, Պաբլո անունով հանճարեղ կատուն և ամենն, ինչ հնարավոր ու անհնարին է սինթեզել՝ ստանալու համար սյուժե ու ռիթմ: … Երբևէ կգա՞ն ժամանակներ, երբ մարդը մարդուն կկարողանա հասկանալ: Չեմ կարծում: Որովհետև, եթե գոնե չնչին առհավատչյա լիներ, ապա մարդը խոսելու ունակություն չէր ունենա: Իսկ խոսքը, բառը որքանո՞վ է փոխանցում մարդկային զգացմունքները, նաև նրանք, որոնք դեռ անուն ու հոմանիշ չունեն. սոսկ չնչին չափով, հպանցիկ և անփութորեն: Պոեզիան ամբողջովին զգացմունք է, իսկ պոետի ասած «սեր»-ը մեկի ուղեղում պատկերվում է որպես վարդը ձեռքին պարմանի, մեկի մոտ որպես երիցուկի նախշերով շրջազգեստը հագին շիկահեր օրիորդ, մյուսի մոտ իբրև թարմ ու հերթական հիասթափություն և այսպես շարունակ: Իսկ բառն իրականում այդպես էլ առեղծված կմնա, ինչպես «լոգարանի քրտնած պատին Տիրոջ երեսը տեսնելը»: Այսպիսին է Սոնա Վանը՝ իր պոեզիայի առանցքային հերոսուհին, որ մեկ սենյակից սենյակ վազող մորեմերկ աղջնակ է, մեկ անցած գիշերվա խենթությանը մեղսական ժպիտով նայող հասուն կին, մեկ մոլորված մանուկ, մեկ կյանքի սոփեստական լաբիրինթից դուրս եկած կենսափորձով լի մտածող: Դժվար է ասել: Եվ դա սքանչելի է, քանզի հեղինակը և՛ կա և՛ չկա. նա արանքում է՝ ամենայն ինչի արանքում: Մի բան հստակ է. իր միջով ինչ էլ անցնի՝ ֆիլտրվելու է ու դառնալու է պոեզիա, ինչպես մեղվի միջով ծխախոտի ստերջ ծուխն էլ անցնի՝ մեղր կդառնա…