Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գրող, թարգմանիչ, գրական, մշակութային եւ քաղաքական գործիչ Պողոս Մկրտիչի որդի Մակինցիանը (1884-1938) 20-րդ դարի առաջին տասնամյակների հայ գրական եւ հասարակական կյանքի նշանավոր դեմքերից մեկն է: Նա սովետական իշխանության պետական ու դիվանագիտական բարձրաստիճան իշխանավոր էր եւ այդ շրջանակներում առավել հայտնի էր Պավել Նիկիտիչ Մակինցիան անուն-ազգանունով: Հայաստանում Պողոս Մակինցիանը ներքին գործերի ժողովրդական կոմիսար էր, ապաՙ լուսավորության ժողկոմ, կյանքի վերջումՙ գիտական հիմնարկի աշխատակից: Այստեղ անհնար է մանրամասնորեն գրել իր կենսագրությունը, բայց պետք է ասեմ, որ իր անունը մեծապես կապվում է Վահան Տերյանի անվան հետ: Ճեմարանական տարիներից ի վեր Վահան Տերյանի մտերիմ ընկերն էր: Պողոս Մակինցիանի մնայուն ներկայությունը Վահան Տերյանի կյանքում եւ մտերմական նամակներում, Տերյանի սքանչելի բանաստեղծությունըՙ «Սիրելի Պաոլո Մակինցիանին»: Պողոս Մակինցիանը 1922-24 թվականներին Կ. Պոլսում հրատարակում է Վահան Տերյանի երկերի առաջին ամբողջական ժողովածուն, չորս հատորով (4-րդ հատորը տպագրվել է 1925 թվականին, Երեւանում): Մակինցիանը եւ 1922 թվականի ուղղագրության ռեֆորմը (դժվար է այս դեպքում գրել հայերեն «բարեփոխություն» բառը): Մակինցիանի անունը կապվում է նաեւ այլ հայ գրողներիՙ Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի եւ ուրիշների անունների հետ: Վերջապես, հայտնի են նաեւ իր թարգմանություններըՙ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը», Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Պուշկինի «Բորիս Գոդունովը», այլ գործեր…
Բանից պարզվում է, որ Մակինցիանը հեղինակել է եւս մեկ գիրք, որ կոչվում է «ՀԱՀ-ի Կարմիր գիրքը» (Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով- ռուսերեն հապավումովՙ ՎՉԿ):
Որքան գիտեմ, որքան ինձ հայտնի է, Պողոս Մակինցիանի մասին որեւէ գիրք, ամբողջական ուսումնասիրություն գրված չէ: Բայց անհրաժեշտ է, որ գրվի: Դա բարդ եւ հակասական կենսագրություն է, իր կյանքըՙ ուշագրավ եւ բնորոշ օրինակ սովետական բոլշեւիկյան կյանքի: Գրական ընդարձակ տեղեկատուն (Երեւան, 1986) նրա մասին ասում է, որ նա եղել է «1920-21ՙ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովիՙ ազգային փոքրամասնությունների մամուլի բյուրոյի վարիչ», բայց ոչ մի բառ չի ասում Չեկայի «սխրագործությունների» շուրջ իր գրած գրքի մասին: «Գրական տեղեկատուն» ներկայացնում է Պողոս Մակինցիանի գրքերի ցանկըՙ սեփական գրքերի (միայն մեկ գիրք) եւ թարգմանությունների, եւ այդ գիրքը այդ ցանկում չկա: Իր սիրելի ու հարազատ Չեկան նրան գնդակահարել է 1938 թվականին:
Պողոս Մակինցիանի մասին հետաքրքրական վկայություն է թողել իր ժամանակակիցներից մեկըՙ ռուս նշանավոր բանաստեղծ, գրող, գրականագետ եւ գրական գործիչ, 1922 թվականին Ռուսաստանից տարագրված Վլադիսլավ Խոդասեւիչը (1886-1939): Վլադիմիր Նաբոկովը Խոդասեւիչին անվանել է խոշորագույն բանաստեղծ, Պուշկինի գրական ժառանգորդ տյուտչեւյան գծով: Խոդասեւիչը մեծապես հայտնի է եղել նաեւ իբրեւ քննադատ եւ գրականության պատմաբան: Ժամանակակիցները ընդգծել են Խոդասեւիչի այդ ձիրքը. «…նրա խելքը, գրական ճաշակը, համադրված գրականության պատմության եւ տեսության իր փայլուն իմացությանը, իր սուր, հաճախ չար-անողոքությամբ գրական դատաստան կայացնելու իր ունակությունը նրան փառքի բերեցին այդ ասպարեզում»:
Խոդասեւիչը գրական դիմանկարի վարպետ է եւ հիանալի հուշագրող: Նա հեղինակել է բացառիկ գրական դիմանկարներ (Բրյուսով, Անդրեյ Բելի, Գումիլյով, Բլոկ, Մաքսիմ Գորկի եւ ուրիշներ), թողել է սքանչելի հուշեր, որոնք ամենից առաջ գրական մեծ արժեք ունեն: Խոդասեւիչի գրականության գիտակները շեշտել են Խոդասեւիչի հուշերի գրական արժեքն ու նշանակությունը. «Իր մեմուարները հատկապես գրական են. դրանց ճշմարտացիությունը եւ գրեթե փաստագրական ճշգրտությունը միահյուսված են գրողական տաղանդին, ժամանակակիցների գրական դիմանկարները տալու Խոդասեւիչի կարողությանը»:
Խոդասեւիչը Մակինցիանին հիշում է 1925 թվականին Փարիզի «Սովրեմեննիե զապիսկի» (ռուս.` «Ժամանակակից նոթեր») ամսագրում տպագրված «Բրյուսով» գրական դիմանկարում:
Պողոս Մակինցիանի մասին իր հետաքրքրական վկայությունը թողել է Փարիզի «Վոզրոժդենիե» (ռուս.` «Վերածնունդ») թերթում տպագրված «Գրապալատը» հուշ-էսսեում: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Խոդասեւիչի հուշերի այդ հատվածը:
***
…Մի այլ պատմության մեջ զանցառու եղավ,- եւ լրջորեն,- ինքըՙ Համառուսական արտակարգ հանձնաժողովը (Չեկան): Կար-չկար Մոսկվայում մի ոմն Պավել Նիկիտիչ Մակինցիան կար: Ես նրան ճանաչում էի, որովհետեւ դրանից մի քանի տարի առաջ, դեռեւս պատերազմի օրերին, նա կազմակերպիչն էր «Հայաստանի պոեզիան» հայտնի ժողովածուի, որ լույս տեսավ Բրյուսովի խմբագրությամբ: Այդ ժողովածուին ես մասնակցել եմ իբրեւ թարգմանիչներից մեկը: Նույն այդ Մակինցիանը հայոց լեզվի դասեր էր տալիս Բրյուսովին ու իր կնոջը: Նա էլ կազմակերպել էր Բրյուսովի ճամփորդությունը Կովկաս: Բրյուսովի աշխատակցությամբ նա խմբագրել էր «Պարուս» հրատարակչության «Հայկական ժողովածու»-ն1, այդ ժողովածուում կային նաեւ իմ թարգմանությունները: Դրանից հետո, արդեն բոլշեւիկների օրոք, հաճախ ինչ-որ գործերով գալիս էր ինձ մոտՙ «Համաշխարհային գրականություն»2#: Դա քաղաքացիական պատերազմի ժամանակն էր: Ես Մակինցիանի հետ զրուցում էի ամենավտանգավոր թեմաների շուրջ անկեղծորեն, իբրեւ իմ հին ծանոթի: Մի անգամ նա եկավ ինձ մոտ, երբ ես արդեն տնօրինում էի Գրապալատը եւ ասաց, որ իրեն անհրաժեշտ է մի գիրք, որը վաճառքում այլեւս չկա, բայց որն իրեն անհրաժեշտ է աշխատանքի համար եւ այն էլՙ ոչ ժամանակավոր, այլ իբրեւ անվերադարձ սեփականություն, որովհետեւ ինքը այն պետք է կտրատի: Նա լսել էր, որ Գրապալատում կան ստացված բոլոր գրքերի պահեստային օրինակներ եւ ուզում էր ստանալ մեկը այդ օրինակներից: Ես պատասխանեցի, որ առանց տպագրության բաժնի գրավոր թույլտվության ես չեմ կարող գիրք տալ: Մի քանի օր հետո նա բերեց ինձ մի այդպիսի թույլտվություն, որի մեջ ասված էր, որ գիրքը պետք է տրվի ՎՉԿ-ի աշխատակից (ընդգծումը հեղինակինն է – Ե.Տ.-Խ.) իր հերթական աշխատանքի համար: Ես հիշեցի իր հետ ունեցած իմ զրույցները եւ ինձ շատ վատ զգացի: Որոշ ժամանակ անց մեջտեղ եկավ հայտնի «ՎՉԿ-ի Կարմիր գիրքը», որի կազմի վրա գրված էր, որ այն կազմել է Մակինցիանը: Գիրքը մոտ երեք հարյուր էջանոց էր եւ միգուցե թեՙ ավելի: Գրքում պատմվում էր Չեկայի բացահայտած մի քանի կազմակերպությունների եւ դավադրությունների մասին: Չի կարելի ժխտել, որ Չեկայի աշխատակիցները իրենց գործը արել էին երեւելի ճարպկությամբ: Հենց դրանով էլ Չեկան ուզում էր պարծենալ իր այս հրատարակությամբ, բայց նկատի չէր առել, որ չափից ավելի անկեղծորեն է մերկացնում իր միջոցները: Բանը վերջացավ նրանով, որ գիրքը արագորեն հանեցին վաճառքից, հետո այն նորից հայտնվեց, արդեն կրճատված առնվազն երկու երրորդով: Կարծեմ թե գրքից դուրս էր նետված ամեն ինչ, բացի Լեոնտեւյան նրբանցքի պայթյունի պատմությունից#:3 Դրանից հետո Մակինցիանի արեւը իջավ դեպի մայրամուտ, իսկ «Կարմիր գրքի» ամբողջական հրատարակությունը դարձավ մատենագիտական հազվագյուտ իրակություն:
1. «Պարուս» (ռուս.` «Парус», «Առագաստ») հրատարակչությունը ստեղծվել է Պետերբուրգում 1916 թվականին: Խոսքը վերաբերում է «Сборник армянской литературы» («Հայ գրականության ժողովածու») խորագրով գրքին: Ժողովածուն լույս է տեսել Մաքսիմ Գորկու խմբագրությամբ: Հրատարակչությունը իր կողմից ծանուցում էր. «Հայ գրականության ժողովածուն» նվիրված է ռուսահայերի գրական ստեղծագործությանը եւ կազմված է բանաստեղծ Վահան Տերյանի պլանովՙ պպ. Պ. Ն. Մակինցյանի եւ Լ. Ա. Քալանթարի աշխատակցությամբ»: Ժողովածուի առաջաբանըՙ «Ակնարկ հայ գրականության», գրել էր Պողոս Մակինցյանը:
2. 1918 թվականին Պետերբուրգում Մաքսիմ Գորկու մտահղացումով եւ ղեկավարությամբ ստեղծվում է «Համաշխարհային գրականություն» հրատարակչությունը: Վլադիսլավ Խոդասեւիչին հրավիրում են եւ առաջարկում են ղեկավարել հրատարակչության մոսկովյան բաժանմունքը: Խոդասեւիչը ընդունում է առաջարկությունը:
3. 1919 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Լեոնտեւյան նրբանցքում գտնվող, նախկինում կոմսուհի Ուվարովային պատկանած առանձնատանը, որ այդ ժամանակ արդեն անցել էր բոլշեւիկներին, պետք է կայանար բոլշեւիկյան նշանավոր գործիչների մի ժողովը: Ժողովին պետք է մասնակցեին նաեւ Լենինը եւ Տրոցկին եւ որոնք զուտ պատահականորեն ներկա չեն եղել: Ժողովի ժամանակ սրահը ռումբ են նետել, որի պայթյունից եղել են բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Հաջորդ օրն իսկ Չեկան դաժան հաշվեհարդար է սկսում պայթյունի ենթադրելի եւ երեւակայական կազմակերպիչների դեմ: