Հարցազրույց բանաստեղծ Սոնա Վանի հետ
- -Ժամանակակից հայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Գագիկ Սարոյանը, այս օրերին առաջնագծում է։ Ի՞նչ կարող է անել կինը, մանավանդ ստեղծագործող կինը այս ճակատագրական իրավիճակում, երբ հայրենիքից հեռու է հազարավոր մղոններ․ ո՞րն է նրա՛ «առաջնագիծը»։
– Պատերազմի շուտափույթ ավարտ ու հաղթական, բարի վերադարձ եմ մաղթում մեր բանաստեղծ զինվորին ու նաեւ բոլոր զինվոր-բանաստեղծներին, ովքեր հոգու միեւնույն պոետականությամբ են ընտրել զոհաբերության միեւնույն խորանը` Հայրենիքը: Ովքեր էպոսի հերոսի միեւնույն իմաստությամբ են հավատում իրենց հաղթանակին ու արդարության վերահաստատմանը` ընդդեմ ուժերի ու ռեսուրսների ահռելի անհավասարություն, ընդդեմ կրակի մեջ իր երեք գլուխները սինքրոն շարժող ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական վիշապի արնախում ախորժակի: Երբ ռումբերը պայթում են լսելի հեռավորության վրա, ու զոհասեղանի վրա ոչ թե սահմանի աշխարհագրությունն է սոսկ, այլ մի ողջ բիբլիական ժողովրդի՝ արժանապատվորեն ու իր հազարամյա հողի վրա լինել-չլինելու հարցը, դժվար թե գտնվի մի ճշմարիտ հայ, ով այս պատերազմը չընդունի որպես իր անձնական լինել-չլինելու խնդիր, էլ ո՞ւր մնաց բանաստեղծի հոգին, որի միջով է անցնում տիեզերքի ողջ ողբերգությունը: Տա Աստված, որ զենքը և խոսքը` որպես 21-րդ դարին ավելի սազական զենք, մեկտեղվելով կրկնակի անգամ ավելի հնարավոր դարձնեն բանաստեղծի հաղթանակը: Սա պարզ տարածքային պատերազմ չէ, այլ՝ գոյամարտ, որը ենթադրում է տեսակի պահպանության բնազդային մակարդակ նաեւ, ինքնապաշտպանություն հնարավոր բոլոր միջոցներով` զենքով, փայտով, ինչով պատահի: Սա գայլերի ոհմակի մեջ շրջափակված լինելու իրողություն է, երբ ոչինչ այլեւս չի քննարկվում:
Որպես արտերկրում ապրող հայ բանաստեղծ, ով ապավինում է խոսքի ուժին եւ այդպես էլ երբեք չի հասկանալու ուժային լուծման ու պատերազմի տրամաբանությունը` շիզոֆրենիայից դուրս, ես անդամագրվել եմ տեղեկատվական ու քարոզչական պատերազմին, սկսած այս արյունահեղության առաջին օրից, խորապես հավատալով, որ եթե վերջին 30 տարիների ընթացքում դիվանագիտական ասպարեզում ավելի ճիշտ աշխատանքներ տարված լինեին, զենքին տրամադրված գումարները մսխված չլինեին, այսօր միջազգային հանրությունն այլ պատկերացում կունենար ոչ միայն քաղաքակրթական, այլ նաեւ մարդաբանական ու հոգեբարոյական տեսակետից հակամետ այս երկու ժողովուրդների մասին: Ճիշտ է, Հայ Դատի հանձնախմբի հետեւողական աշխատանքների արդյունքում այսօր միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտել է թուրքերի կողմից դեռեւս մերժվող Ցեղասպանությունը, բայց այդտեղ կանգ չի առել պատմության անիվը: Պարզվում է, որ միջազգային հանրությունը տեղյակ չէ, որ 30 տարիների ընթացքում՝ հետխորհրդային «եղբայրական» շրջանում, Ադրբեջանի իշխանությունը Թուրքիայի խրախուսանքով ատելության քարոզչությամբ է զբաղվել՝ փորձելով յուրաքանչյուր ադրբեջանցու սրտում ցանել նոր ցեղասպանության սերմեր: Խեղելով պատմական տվյալները, հայատյացությունը, հայասպանությունը նոր կրոն հռչակելով՝ քնած հայ սպային կացնով գլխատելը հերոսության մեդալով պարգեւատրելու պետական ավանդույթն ավելի լավ բան չէր կարող ծնել, քան այս պատերազմը: Ահա եւ այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր ցեղասպան եւ տարածապաշտական ցինիկ երազն է հետապնդում՝ խախտելով մարդու իրավունքի եւ պատերազմի բոլոր օրենքները, օգտագործելով ահաբեկչական խմբեր ու անօդաչու սարքեր, հրթիռակոծելով խաղաղ բնակչությանը, հասարակական կառույցներ եւ եկեղեցիներ: Ու այս մասին չգիտի միջազգային հանրությունը:
Դրանում համոզվեցի, երբ երկու օր առաջ հրավերով գտնվում էի Նյու Յորքում՝ մասնակցելու Cross Cultural Communacation-ի 50-ամյա հանդիսությանը, որի ընթացքում իմ ստացած հոբելյանական պարգևը նվիրեցի սահմանի վրա հանուն արդարության ու ընդդեմ ահաբեկչության պայքարող ու ընկած ազատամարտիկներին եւ առիթը օգտագործելով ներկաներին ներկայացրի պատերազմի ճշմարիտ պատկերը: Շուրջ 50 երկրների առաջադեմ գրող-ներկայացուցիչները բառացիորեն ցնցված էին: Նրանց աչքերը տեսանելիորեն արցունքոտ էին, իսկ ոմանք հեկեկում էին: Ազգությամբ հրեա նախագահը` հրատարակիչ, բանաստեղծ, Yale ակումբի հիմնադիր Սթենլի Բարկանը, ոչ միայն վրդովված էր Իսրայելի դերակատարության լուրերից, այլև խոստացավ հայ ժողովրդի ու Արցախի ինքնորոշման պաշտպանությանը նվիրված միասնական ստորագրահավաք-նամակ հղել Իսրայելի նախագահին` պահանջելով, որ դադարեցնի զենքի մատակարարումը Ադրբեջան: Ես նույնպես ցնցված էի, բայց ոչ թե ներկաների անտեղյակությունից, այլ թուրքական քարոզչական, դիվանագիտական ակտիվությունից: Ուրախ եմ, որ ինձ՝ որպես հենց այս կազմակերպության կողմից Նոբելյան մրցանակի ներկայացված բանաստեղծ, տրվեց այդ հնարավորությունը:
Ամեն հայ կին ունի իր առաքելությունը․ ցանկացած հեռավորության վրա եւ փոշու ու ծխի ցանկացած խտության միջով ապահովել սրտից սիրտ ջերմա-երազա-կարոտափոխանակությունը, որպեսզի եւ ոչ մի պահ հայ զինվորը իրեն մենակ չզգա: Որպեսզի նրան երբեք չլքի իր զոհողության արժանիության զգացումը եւ հաղթանակած տուն վերադառնալու հաստատակամությունը:
Իսկ որ մեր նախկին իշխանավորների բացթողումները կուղղի մեր նոր սերունդը, դրանում ես ավելի քան վստահ եմ: Մենք ունենք հրաշալի սերունդ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Միայն թե հայրենիքի հավերժության ղեկը անվնաս տեղափոխվի նրանց ձեռքը:
– Ձեր «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և ներկայացված էր 2020 թվականի Նոբելյան մրցանակի։ Սակայն, ինչպես պատերազմական այս օրերն են ցույց տալիս, մարդկությունը դարձյալ խուլ ու կույր է, և չարիքի կայսրությունը՝ Թուրքիան, նոր լիբրետոների ծնունդ է կարծես «պատվիրում» աշխարհի բանաստեղծներին։
– Ցավալիորեն ճիշտ եք: Չարիքի կայսրությունը շարունակում է նոր լիբրետոներ պատվիրել: Պատմությունը, սովորության համաձայն, կրկնվում է, ու աշխարհը շարունակում է մնալ միեւնույն կույրն ու միեւնույն խուլը: Թվում է, թե հազարամյակների ընթացքն ու հանճարների տքնանքը ոչինչ չեն փոխել: Մարդը շարունակում է մնալ իր բնազդներով, վախերով ուղղորդվող միեւնույն արարածը: «Գազան» բառը այլեւս չեմ օգտագործում եւ մինչեւ իսկ մեղավոր եմ զգում նախկինում օգտագործելուս համար, որովհետեւ վարքի տխեղծության առումով գազանը շատ բան ունի մարդուց սովորելու: Սերը 2000 տարեկան է, իսկ ատելությունը՝ շատ ավելին: Սերը՝ որպես ձեռքբերովի, որդեգիր վեհություն, իր գործողություննների մեջ դանդաղ է ու կարեկից, մինչդեռ վախի ու ատելության շարժումը վայրկենական է, արագ ու անհաշվենկատ: Սա անհավասար պայքար է, եւ քանի դեռ մարդ արարածը գլոբալ առումով չի ճանաչել իր մեջ ապրող չարը եւ գիտակցաբար իր մեջ չի մշակել չարի իմպուլսը ավտոմատ կերպով չեզոքացնող, վնասազերծող համակարգը, բարու հաղթանակը կշարունակի վիժվել կամ լավագույն դեպքում` պարզապես ուշանալ: Երբ «9/11» կոչվող ողբերգության ընթացքում գետնին հավասարեցվեցին ամերիկյան երազի եւ բարգավաճ կյանքի խորհրդանիշ համարվող երկնաքերները, աշխարհի առաջադեմ մարդկությունն այն ընդունեց որպես խավարամիտների գլոբալ մարտահրավեր` ընդդեմ լույսի եւ առաջադիմության: Ողջ աշխարհի մարդկությունը չհանգստացավ, մինչեւ չտեսավ չարի պատիժը` ահաբեկիչների պարագլուխ համարվող Բեն Լադենի անփառունակ վախճանը: Ահաբեկիչների կողմից առաջին քրիստոնյա ժողովրդի հավատի խորհրդանիշ հանդիսացող եկեղեցու գմբեթի ու խաչի տապալումը Շուշիում բարոյական աշխարհում պիտի արժանանար միեւնույն արձագանքին, որը, սակայն, տեղի չունեցավ: Սա մասամբ տեղեկատվական ու քարոզչական պատերազմում մեր թերացման հետևանքն է: Մինչդեռ պաթոլոգիական ստախոսությամբ հայտնի թուրքը կրկին կարողացավ այն ձեւախեղել, շեղել հանրության ուշադրությունը` նախապես պատրաստված կեղծիքով ու աճպարարությամբ՝ համոզված լինելով, որ աշխարհն ավելի հակված է շոուի, քան ճշմարտության: Բանաստեղծի խնդիրն այս իրականության մեջ երեւույթներն իրենց անուններով կոչելն ու կեղծիքը մերկացնելն է, լսողի մտքի ու սրտի մեջ տրանսֆորմացիա առաջացնելը: Կեղծիքի, վախի ու ատելության մթնոլորտում մեծացող թուրքն ու ադրբեջանցին (ինչպես նաեւ ցանկացած այլ մարդ, ի տարբերություն սիրո ու կարեկցանքի մթնոլորտում մեծացող հայի) անկասկած տառապում են հոգեբանական, հոգեկան ու մտային բարդույթներով, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկել իրենց իշխանություններին՝ իրենց հոգեւոր առողջության եւ երջանկության իրավունքը ոտնահարելու համար:
– Տիկի՛ն Սոնա, Ձեզ՝ իբրև ԱՄՆ քաղաքացու, գոհացնո՞ւմ է Թրամփի վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանաթրքական պատերազմի հանդեպ։
– Իհարկե ո՛չ: Չկա ոչ մի հստակ կեցվածք, դիրքորոշում: Կա միայն ոչ մեկին չնեղացնելով ոչինչ չանելու ծանոթ ձեռագիր: Թրամփին այս պահին իր վերընտրությունից զատ ոչինչ չի հետաքրքրում: Ամեն ինչ, որ աշխարհում կատարվում է, նա ընդունում է որպես իր վերընտրությանը սպառնացող վտանգ կամ հակառակը։ Խորամանկ Էրդողանը, ցեղասպանության իրականացման ժամանակն ընտրելու իր նախնիների նույն տրամաբանությամբ, ճիշտ է ընտրել նաեւ դրա շարունակության ժամանակը՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի եւ թե՛ համաճարակի առումով: Թուրքը հաշվարկի մեջ մշտապես ճշգրիտ է, բայց կռվել չգիտի: Ոչ միայն Թրամփը, այլ նաեւ միջազգային խաղաղասիրական, մարդու իրավունքների պաշտպան մյուս կառույցները եւս զգուշավոր, համբերատար ու դաստիարակող մոր կերպար են որդեգրել: Գժվում եմ, երբ կոչ են անում երկու կողմերին դադարեցնել կռիվը, ասես մայրն է սաստում իր չարաճճի, նույն խաղալիքի համար կռվող տղաներին: Անհեթեթ է: Այդ կառույցները աշխարհում խաղաղություն պաշտպանելու, ագրեսիան դադարեցնելու մարդասիրական ֆունկցիա են որդեգրել, բայց իրենց կազմում հանդուրժում են Թուրքիայի պես ցեղասպան, իր հանցանքը մինչ օրս չընդունած բռնապետությանը, որը կայսրությունների փլուզման ու գլոբալիզացիայի այս դարում ամեն օր արթնանում է նոր կայսրության երազով: Որքան ավելի եմ ծանոթանում քաղաքականություն կոչված երեւույթին, այնքան ավելի եմ հուսալքվում: Քաղաքակրթության ամենաամոթալի հայտնությունը պատերազմն է, իսկ ամենաանբարո դաշտը՝ քաղաքականությունը: Եթե այն ստեղծված է մարդու իրավունքն ու կյանքը պաշտպանելու նպատակով, ապա պետք է ուղղորդվի մարդկային խղճի ու բարոյականության օրենքներով:
– Ձեր վերջին՝ «Հայր ասում էր․․․» գրքում մի բանաստեղծություն կա՝ «Հույսս դո՛ւ ես, մուսա» վերնագրով։ Բանաստեղծությունն այն մասին չէ, ինչ հիմա պիտի հարցնեմ, պարզապես վերնագիրն է հուշում․ աշխարհի հույսն էլի՞ մուսաների վրա է, ասել է թե՝ գեղարվեստի, գեղեցիկի վրա, թե՞, այնուամենայնիվ, կարևոր բան է փոխվել է կամ, ով գիտե, գուցե արդեն կորսվել։
– Բերանս չի բացվում ասելու, որ ինչ-որ բան անվերադարձ կորսվել է: Կասեմ՝ այն գտնվում է ազատ անկման մեջ, և չի բացառվում դրա փրկության հնարավորությունը: Բայց այն, ինչ տեսանելի է անզեն աչքով, հուսադրող չէ: Գլոբալիզացիայի համահավասարեցնող, բայց բնական ընթացքը: Տեխնոլոգիաների անբնական արագությունը ու դրանց հետեւից չհասնող մարդկային ճիգի անիմաստ վատնումը: iPhone-ի մեջ ապրող վիրտուալ հոգիների թմրած հայացքները: Ուժի, նյութի, իշխանության հմայքը, գովազդները, սպառելու ահագնացող ծարավը ու հետզհետե մարող հոգեւոր քաղցը: Գեղեցիկը դեռեւս ի զորու է փրկել մոլորակը՝ սիրտ առ սիրտ, բայց անհրաժեշտ է, որ այդ սրտերը դաստիարակված, ծրագրավորված լինեն գեղեցիկով փրկվելու համար: Այդ մեխանիզը արյամբ չի փոխանցվում, վարակիչ չէ եւ ոչ էլ շփումով է հնարավոր ձեռք բերել: Տաճարի պատի մեջ ապրող մողեսը առավել հոգեւոր չի լինում, քան անապատինը: Դա ընտանիքի, դպրոցի, հասարակության եւ պետության միասնական ջանքերով ստեղծվող եւ հետեւողաբար գեղեցիկը հերոսականացնող գովազդներով ամրագրվող պետական քաղաքականության ծնունդ է: Իսկ ովքե՞ր են այսօրվա հերոսները, որ բազմամիլիոնանոց հետեւորդների բանակներ ունեն: Ինչո՞վ են սնում նրանք իրենց հետեւողներին: Մարդկային վեհությունները, սերը, կարեկցանքը, ներողամտությունը անվերջ զուգահեռվում են թուլության ու խեղճության հետ: Առաջ է գալիս մարդու մի նոր տեսակ, որը ոչ իրեն է պետք, ոչ էլ կողքինին: Հետհամաճարակային ամիսների պատմությունը սոցիալական էքսպերիմենտի պես եկավ ապացուցելու, որ մարդ արարածն արդեն իսկ ընդունել է «մարսողական խողովակ» լինելու իր նոր կարգավիճակը եւ մեկուսացումը նրան կարող է փրկել այս խողովակի անսարքության հետ կապված հնարավոր ամոթալի վթարներից: Հարկավոր է զինվել զուգարանի թղթի անվերջանալի պաշարներով, նստել հարմարավետ բազմոցի վրա` էկրանից ու սպառողական վահանակից հնարավորինս մոտ, ձեռքն անվերջ iPhone-ի վրա՝ ինչպես զենքի: Իսկ էկրանը ժամանակ առ ժամանակ նրանց կցնցի արյունոտ ու մահոտ սենսացիաներով, կհիշեցնի, որ իրենք հաճելիորեն ապահով են ու կուշտ: Չեմ հիշում՝ ով է ասել, թե ապագայում մարդը կլինի ավելի խելոք, բայց ոչ ավելի երջանիկ: Կարծեմ` Գյոթեն: Իսկ Դարվինը ֆիքսել է՝ արվեստից ու մշակույթից հեռանալը երջանկությունից հեռանալ է նշանակում: Բայց ո՞ր խելոք մարդը օրը ցերեկով իր երջանիկ լինելը կփոխեր խելոք լինելու հետ: Այդ ո՞ր մի խելոքն է, որ դեռ չի բախվել ինֆորմացիայի ծիծաղելի անզորությանը: Ցավալին այն է, որ մարդը երբեք չի զգում կորստյան ցավը այն բանի համար, ինչ ինքը երբեւէ չի ունեցել: Սա նշանակում է, որ հաջորդ սերունդը չի ունենա դեռեւս ազատ անկման մեջ գտնվող գեղեցիկի փրկօղակի վերջնական կորստի վտանգը, ցավը, վախը: Իսկ հնարավորության պատուհանը գնալով փոքրանում է:
– Ես ծանոթ եմ ու նաև ֆեյսբուքյան ձեր գրառումներից գիտեմ, թե ինչո՞վ է այս օրերին ապրում լոսանջելեսահայությունը։ Հայրենիքի փրկությանը նվիրումի էլ ի՞նչ կերպ ու եղանակ է հուշում պոետական Ձեր սիրտն ու հոգին՝ բացի այն, ինչ բոլորն են անում։
– Այս օրերին, երբ բառացիորեն իրական է թվում վաղը անհայրենիք արթնանալու մղձավանջը, յուրաքանչյուր ճշմարիտ հայի հոգում աննախադեպ շրջադարձեր են կատարվում: Անհայրենիքության մղձավանջը ոչ միայն վախով, այլև երեւակայությամբ է վարակել բոլորիս․ ամեն հայ իր սեփական եղանակն ունի, այս իրավիճակից դուրս գալու իր նախընտրած սցենարը: Մեկը ճչում է, մյուսը երգում է, երրորդը փողոց է փակում, չորրորդը՝ հայհոյում, հինգերորդը՝ աղոթում: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել: Բոլորը պատրաստ են տալ, նվիրաբերել, կռվել, միայն թե չխլվի մեզանից այս մեր սուրբ հողը, միայն թե վատնված չդառնա մեր հերոսների թափած արյունը: Միայն թե չհաղթի չարը: Եթե այս ամենը էկրանի վրա ցուցադրվող ֆիկցիա լիներ, կարելի կլիներ հիանալ ռեժիսորի երևակայությամբ, մարդ արարածի աստվածահաճո տեսակի կատարելությամբ, խավարամտության ու լուսավորված հոգիների կոնտրաստով: Բայց ցավոք սա իրականություն է, որն իր մեջ կրում է հենց այդ տեսակի վերացման եւ այն ռոբոտային տեսակով փոխարինելու վտանգը: Այս միտքը ոչ միայն զայրույթ է առաջացնում, այլ նաեւ գլխիվայր է շրջում մինչեւ այս կետը քեզ հասցրած բոլոր համոզմունքներդ ու գաղափարներդ, ստիպում վերանայել, վերաձեւել ամեն ինչ – ինքդ քո մեջ եւ քեզանից դուրս: Երեւակայությունը, որ 24 ժամ աշխատում է, իսկ հոգնության արդյունքում ծնվում են ամենաանհնարին լուծումներն ու ամենաամոթալի վճիռները: Իրականությունն ինձ ստիպում է հրաժարվել մարդ լինելու իմ բարոյականությունից, հոգեխեղում է ինձ, ինձ զրկում է բոլոր պարագաներում սրտակից ու կարեկից լինելու, կյանքին երկրորդ հնարավորություն տալու իմ բնական ու բարոյական, գենետիկ ու մշակութային հակվածությունից, իմ հոգեկերտվածքից: Հստակորեն ու առաջին անգամ զգացի, որ զենքը ձեռքին թե անզեն, մարտադաշտում թե անկողնու մեջ, հայ մարդը անհատապես եւ միասնականորեն ամեն պահ բախվում է իր հողի վրա որպես կարեկից, բարոյական, խաղաղասեր ու ստեղծագործ մարդ ապրելու աստվածատուր իրավունքի ոտնահարմանը: Ինչո՞ւ պիտի այդքան դժվար լիներ մարդ մնալը: Աշխարհն ինչո՞ւ փորձեց մարդուց ճիվաղ ստանալ․ ինչո՞ւ:
– Հիշածս գրքում բանաստեղծություններ կան, որոնցում հակադրվում են պատերազմն ու սերը․ դրանցում սերը եթե չի էլ հաղթում, ապա հաղթանակում է։ Այս բանաձևը՝ սերն ի վերջո հաղթանակում է, Դուք ընդունո՞ւմ եք։
– Ընդունում եմ, այն էլ ոչ թե որպես բանաձեւ, այլ որպես աքսիոմա: Իմացողը ապացույցի կարիք չի ունենա, իսկ չիմացողին ապացույցն էլ չի օգնի: Պատերազմը եւ սերը (իր բոլոր դրսեւորումների մեջ) հակամարտող գոյություններ են: Այն, ինչ սերը խնամքով եւ ժամանակի ընթացքում կառուցում է, պատերազմը ջնջում է մի քանի վայրկյանի մեջ. մտերմություն, ընտանիք, զավակ, երջանկություն՝ ամեն ինչ: Մարտադաշտը իմպոտենտ իշխանի անկողինն է: Նա, ով նախընտրում է հարցի արյունո՛տ լուծման տարբերակը, չի կարող առողջ միտք ու հոգի ունենալ (խոսքս զինվորի մասին չէ, ով հրաման է կատարում, այլ պատերազմ սանձազերծողի): Սա ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ էության դրսեւորում է այն մարդու կողմից, ում մարմինը երբեւէ չի խճճվել մկանների ինքնուս, բայց հանճարեղ մեկ այլ խաղի մեջ, որը ավարտվում է երկկողմանի հաղթանակով, ինքնաբավ հրճվանքով ու հաճելի հոգնությամբ: Նա, ով ոգեւորվում է ատելությամբ եւ վրեժի արյամբ, երբեւէ չի զգացել սրտդողանք` սիրո անկողնում թափված անմեղության մեկ կաթիլ արյան համար: Այս համատեքստում ինձ հիացնում է խաղաղասեր հայ թագավորների հազարամյակների պատմությունը, ընդհուպ մինչեւ մեր օրերը: Պատերազմները միշտ էլ պարտադրվե՛լ են մեզ, եւ միշտ էլ հայ իշխանը տհաճությա՛մբ է ընդհատել սերը՝ խոստանալով արագորեն հաղթել ու վերադառնալ: Ու միշտ էլ պահել է խոստումը: Հաղթե՛լու ենք:
– Դուք ժամանակին մեծ ճանաչում ստացած «Նարցիս» հանդեսի հիմնադիրն եք։ Չե՞ք կարծում, որ մենք դարձյալ կարիք ունենք նարցիսիզմի, բայց այնպիսի՛, որ ամեն մեկս մեր արտացոլանքը տեսնենք մեր հայրենիքի «հայելում» և սիրահարվենք ու ընդմիշտ սիրահարված մնանք հենց նրան՝ «հայելո՛ւն»։
– Երբ ամսագիրը «Նարցիս» անվանակոչեցի, դեռ տեղյակ չէի, որ աշխարհում ինքնասիրահարվածությունն այսքան տարածված երեւույթ է: Դա պարզ դարձավ iPhone-ի եւ selfie-ի միջոցով՝ որպես հիվանդագին ինքնասեւեռում, ու բացառված չէ, որ այս ընթացքում Քրիստոսը անցել է մեր շարքերով, ու չենք նկատել Նրան: Հուսով եմ, որ այս չարաբաստիկ պատերազմը մեզ կստիպի դեպի ներս ուղղել մեր հայացքները, դեպի մեր էությունը, մեր արժանապատվության արմատը` մեր Հայրենիքը: Բնական ադրենալինի այն անսպառ աղբյուրը, որի հաղորդած փայլը չի կարող վերարտադրել եւ ոչ մի թանկարժեք մաշկային քսուկ: Ոչ մի պլաստիկ վիրաբույժ չի կարող մեր մարմիններին հաղորդել այն վեհաշուք կեցվածքը, որ տրվում է միայն արժանապատիվ ու երջանիկ հայրենիք ունեցողին: Եղեռնից մազապուրծ եղած իմ վանեցի քահանա պապը իր գրառումներում նշում է, որ եթե հայերը իրենց պահած ոսկիները մեկտեղ բերեին, այդ օրերին հնարավոր կլիներ զենքի կամ կաշառքի միջոցով փրկել Հայրենիքը: Այսօր չկա Հայրենիքի այդ կտորը, եւ չկան նաեւ այդ ոսկիները: Այսօրվա իրավիճակը շատ տարբեր չէ: Զենքի՛ վերածենք մեր զարդերը եւ փրկե՛նք մեր Հայրենիքը: Այո՛, Հայրենիքը այն հայելին է, որի մեջ մեզանից յուրաքանչյուրը այսուհետ պետք է տեսնի իր իրական դեմքը: Այնպես անենք, որ մեզ դուր գա այն, ինչ տեսնելու ենք: Այլապես դժվար է լինելու ապրելը: Թեկուզ եւ այն, ինչ կատարվում է այսօր մեր զինվորների, սպաների, իշխանավորների, ակտիվիստների, լրագրողների եւ իրենց անհատական խրամատներում կռվող բոլոր հայերի սրտում` Արցախում, Հայրենիքում ու Սփյուռքում, վկայում է այն մասին, որ, անկախ ամեն ինչից, որպես արդարության համար մարտնչող քաղաքակիրթ ժողովուրդ՝ մենք արդեն իսկ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:
Հարցազրույցը՝ Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԻ