1905 թվականի մայիսի 3- ին ծնվել է հայ երգի վարպետ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը։
Ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում։
Իր լավագույն սաներից մեկը՝ Հասմիկ Հարությունյանը, որը վերջին տարիներին հաճախ էր այցելում հայ ժողովրդական երգի նահապետին, նրա պատմածից գրի է առել հետևյալը. «Մայրս Առնոսի լանջն է գնում՝ բանջար քաղելու։ Օրը լինում է պայծառ, տաք։ Հանկարծ Առնոս սարը մթագնում է, եղանակը փոխվում է։ Նախ անձրև է սկսվում, հետո՝ կարկուտ։ Ծոցվոր մայրս ստիպված է լինում խավրծլի գափը, որը հսկա տերև է, գլխին պահել, բարձրանալ և ապաստան գտնել մոտակա քարայրում։ Հանկարծ սկսվում են երկունքի ցավերը, և ահա, լսվում է իմ ճիչը՝ ես լույս աշխարհ եմ գալիս։ Մայրս իրեն չի կորցնում՝ անմիջապես հանում է շապիկը և ինձ փաթաթում։ Հետո բանջար քաղելու շեղբով պորտս է կտրում։
Քարայրը մեր տնից շատ հեռու չէր։ Հայրս տեսնում է, որ եղանակը փոխվեց, անհանգստացած վազում է Առնոսի լանջը, որ մորս օգնի։ Հասնում է քարայրի մուտքին, հուզված ու զարմացած նայում է ինձ ու մորս։ Հետո մեզ տուն է բերում։ Հետագայում, երբ մեծացա և այս պատմությունն ինձ հայտնի դարձավ, ես այս տողերը նվիրեցի մորս.
Խավրծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը ՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտ ու կայծակ,
Եվ ես զգացի հողմերի համբույր։
Ես շատ սիրեցի
Շանթերը լեռան, մրրիկը դաժան,
Եվ ամեն անգամ, երբ ամպն է գոռում,
Կայծակն է շաչում,
Ես քեզ եմ հիշում։
Տանն ամեն մեկն իր ձևով է մոտենում իմ աշխարհ գալուն։ Երբ ինձ օրորոց են դնում, տատս անմիջապես մի չվան է բերում, դնում բարձիս տակ, ասում է. «Թող շալկատար դառնա, մեջքն ամուր լինի»։ Մեզ մոտ այն ժամանակ ամեն ինչ շալակով էին կրում, շատերի նման մենք էլ սայլ չունեինք։ Հայրս բերում է Նարեկը, դնում բարձիս տակ. «Թող գրագետ լինի»։ Պապս էլ հանում է իր դաշույնը և ասում. «Թող ֆիդայի դառնա»։
Մկրտվել է հայրենի գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։
1915 թվականին, երբ նրա 54 հոգուց բաղկացած գերդաստանը բռնեց գազթի ճամփան,Հայրիկը 10 տարեկան էր։
Նրանք Վանից հասան Սալմաստ, ապա Իրաքի անապատներ։ 1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատատել Վերին Արտաշատում։
1965 թ. առաջին անգամ եթեր արձակվեց Հայրիկ Մուրադյանի ձայնը։
Հայրենի գյուղը մեծ ազդեցությում ունեցավ Հակրիկ Մուրադյանի տաղանդի ձևավորման համար։ Մանկության տարիներին լսած ու սովորած ավանդական երգերին նա տարիներ շարունակ ավելացրել է նորերը, նրա մտապահած և կատարած երգերի թիվն անցնում է 150-ից։ Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980 թ. հիմնադրվեց «Ակունք» ազգագրական համույթը, որը հետագայում մեծ ճանաչում ստացավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը։
Նրա կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում 1971 թվականին լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։
Հայրիկ Մուրադյանը երգերով սերմանել է սեր առ հայրենիքը, մեզ մոտ պահել մեր արմատներին. «Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը… Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին»։
Նա թողել է հարուստ ժառանգություն, որ պիտի պահպանենք, փոխանցենք սերունդներին, աշխարհին կուլ չգնալու, հայ մնալու համար անենք այնպես, որ մեր երիտասարդությունը սիրի ու պահպանի մեր ազգայինը. « Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ