Վերջերս «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել էստոնացի գրող Կալլե Կասպերի «Հայուհիներ» վիպակ-էսսեն՝ թարգմանված երեք լեզվով (հայերեն, անգլերեն, իտալերեն): Հայերեն թարգմանությունն ու հրատարակությունն իրականացվել է Էստոնիայի մշակութային հիմնադրամի «Traducta» ծրագրի աջակցությամբ:
Մայիսի 27-ին Երեւանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Կալլե Կասպերի հետ եւ «Հայուհիներ» գրքի շնորհանդեսը: Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար Թբիլիսիից Երեւան էր ժամանել Վրաստանում Էստոնիայի դեսպանՄարգե Մարդիսալու-Կահարը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով: Ելույթներով հանդես եկան Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, Կալլե Կասպերի մոսկովյան դասընկեր, արձակագիր Ռուսլան Սաղաբալյանը, թարգմանչուհի, լրագրող Ռոզա Եղիազարյանը, արձակագիր Լիանա Շահվերդյանը: «Հայուհիների»՝ իրենց կատարած թարգմանությունից հատվածներ ընթերցեցին Կարինե Խոդիկյանը (հայերեն), Արծվի Բախչինյանը (անգլերեն) եւ Ստեֆանո Բերտոլետին (իտալերեն): Իր խոսքում Կալլե Կասպերը ներկաներին պատմեց Հայաստանի հետ իր կապերի մասին, որի առանցքը եղել է կինը՝ ռուսագիր արձակագրուհի, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերը (1949-2015):
Համանման միջոցառում տեղի ունեցավ նաեւ մայիսի 4-ին, Գյումրիում՝ Շիրակի մարզային գրադարանում, որի ընթացքում ցուցադրվեց գրադարանի աշխատողների մոնտաժած՝ Կալլե Կասպերի կյանքը եւ գրականությունը ներկայացնող տեսանյութ: Կալլե Կասպերը դարձյալ ներկայացրեց իր գրական ուղին եւ իր սերն առ Հայաստան, Շիրակի մարզային գրադարանին նվիրեց իր հատորներից եւ պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրադարանի տնօրեն Սեդա Գեւորգյանը եւ փոխտնօրեն Նազմինե Բաղդասարյանը, իսկ Արծվի Բախչինյանը եւ Ստեֆանո Բերտոլետոն դարձյալ ընթերցեցին մեկական հատված իրենց թարգմանություներից:
Միջոցառման գեղարվեստական մասում, որն ապահովել էր Երեւանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Հարությունյանը եւ Շիրակի մարզային գրադարանի արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը, հանդես եկան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներ Լեւոն Խաչատրյանը եւ Գեւորգ Կիրակոսյանը (վոկալ), կոնսերվատորիայի դոցենտ Տիգրան Հովհաննիսյանը (դաշնակամուր), Մարտուն Խաչատրյանը եւ Ռաֆիկ Սարիբեկյանը (դուդուկ):
Ա. Բ.